ԻՍԱՀԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Փիլիսոփա, գրաքննադատ

4 մայիս, 1863 - 30 դեկտեմբեր, 1928

Ծնվել է Թիֆլիսում: 1883թ. ավարտել է տեղի Ներսիսյան դպրոցը: Կրթությունը շարունակել է Գերմանիայում. ունկնդրել Այզենախի (Թյուրինգիա) ուսուցչական սեմինարիայի դասընթացները, սովորել Լայպցիգի ու Ենայի համալսարանների փիլիսոփայական ֆակուլտետներում: 1888թ. վերադարձել է Թիֆլիս և մինչև կյանքի վերջը զբաղվել մանկավարժությամբ՝ Ներսիսյան, Հովնանյան և Գայանյան դպրոցներում դասավանդելով տրամաբանություն, հոգեբանություն, մանկավարժություն, պատմություն, աշխարհագրություն, գերմաներեն ու հայերեն: Մասնակցել է Լայպցիգի հայ ակադեմիական, Կովկասի հայ գրողների, ուսուցիչների, ազգագրական, հրատարակչական, բարեգործական և այլ ընկերությունների ու միությունների աշխատանքներին, խորհրդային իշխանության տարիներին՝ մշակութային շինարարության ծավալմանը: Սկզբում, Վ.Հումբոլդտի, Վ.Վունդտի ազդեցությամբ, պաշտպանել է իդեալիստական հայացքներ, իսկ հետո իր քննարկած խնդիրները (հոգեկանի էություն, հոգեկանի և նյութականի, փորձի և տեսության, զգայականի և բանականի փոխհարաբերություններ և այլն) մեկնաբանել է մատերիալիստորեն, քննադատել է հասարակության մասին սուբյեկտիվ իդեալիստական և աստվածաբանական պատկերացումները, ընդգծել քննական պատմություն ստեղծելու անհրաժեշտությունը: Չթերագնահատելով անհատի դերը՝ նա պատմության կերտող է համարել ժողովրդին, հասարակական զարգացման հիմնական նախապայման է դիտել նյութական բարիքների արտադրությունը: Քննել է նաև բարոյադաստիարակչական, գեղագիտական և տեսական այլ հարցեր (հումանիզմ ու հայրենասիրություն, անհատական, ազգային ու համամարդկային երջանկություն, դաստիարակության իդեալ, հասարակության գեղագիտական դաստիարակություն, արվեստի հասարակական դեր ու նշանակություն և այլն): Հեղինակել է հայ և համաշխարհային գրականությանը (Գ.Սունդուկյան, Ռ.Պերպերյան, Վ.Փավւազյան, Գյոթե, Ժ.Ռուսո, Ա.Չեխով, Մ.Գորկի) նվիրված բազմաթիվ գրաքննադատական հոդվածներ: Հայերեն է թարգմանել գեղարվեստական ու գիտական աշխատություններ: Եղել է հայ իրականության մեջ էքսպերիմենտալ մանկավարժության հիմնադիրներից ու տարածողներից (բայց չի բացարձակացրել էքսպերիմենտի դերը): Հեղինակել է նաև մանկավարժական բնույթի հոդվածներ, դասավանդման ծրագրեր ու կանոններ, մեթոդական ձեռնարկներ: Աշխատությունները հրատարակվել են նաև «Լ.», «Լորդ», «Պանդուխտ ռուսահայ», «Ի.Հ.», «Բրիչ», «Գյուղասեր», «Մանկավարժ» ծածկանուններով: 1928թ. պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով: Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար