ԱՆԱՀԻՏ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ

Դաշնակահար

Ծնվել է 1997թ. ապրիլի 11-ին, Ստեփանակերտում: Երեք տարեկանից սկսել է զբաղվել երաժշտությամբ: Նրա մոտ հայտնաբերել են կատարյալ (բացարձակ) լսողություն: Մեկ օրվա ընթացքում կարողացել է հիշել երեք օկտավայի նոտաները: 2001թ. չորս տարեկան հասակում ընդունվել է երաժշտական ուսումնարան և ավարտել այն 2007թ.: Զուգահեռ սովորել է Երևանի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ա.Գուրգենովի դասարանում: Յոթ տարեկանում դարձել է Լիտվայի «Gradus ad parnassum» միջազգային մրցույթի դիպլոմակիր, իսկ ութ տարեկանում «Օլիմպո» մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը: 2006թ. դարձել է Ա.Բաբաջանյանի անվան շրջանային և միջազգային մրցույթի հաղթող: Նույն թվականին ստացել է «Նոր անուններ» հիմնադրամի դիպլոմ: Ինը տարեկանում դարձել է Հայաստանում Սպիվակովի հիմնադրամի թոշակակիր և մի խումբ երեխաների հետ հյուրախաղերով հանդես եկել Բելգիայում և Լյուքսեմբուրգում: 2007թ. Մոսկվայում մասնակցել է «Մոսկվան դիմավորում է ընկերներին» միջազգային փառատոնին: Նույն թվականին մասնակցել է Ֆրանսիայի Կոլմար քաղաքում կայացած տասնիններորդ միջազգային փառատոնին և Սպիվակովի հիմնադրամի մի խումբ երեխաների հետ հանդես եկել Եվրոպառլամենտի Խորհրդում: Համերգներով հանդես է եկել նաև Լիբանանում և Վրաստանում: 2008թ. Չեխիայում «Virtuosi per musica de pianoforte» միջազգային մրցույթում զբաղեցրել է երկրորդ տեղը: Նույն մրցույթում շահել է հատուկ մրցանակ Ֆ.Լիսթի «Թզուկների շուրջպար» էտյուդի լավագույն մեկնաբանման համար: 2009թ. Ս.Սմբատյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական նվագախմբի հետ ներկայացրել է Մոցարտի թիվ 15 «B-dur» համերգը: 2010թ. դարձել է «Տնջրի» միջազգային փառատոնի դիպլոմակիր: 2011թ. դարձել է Գյումրիի «Ռենեսանս» երրորդ միջազգային մրցույթ-փառատոնի դափնեկիր: 2012թ. մասնակցել է Լիտվայի Կաունասի ամենամյա փառատոնին, ապա Արցախի պետական կամերային նվագախմբի հետ մեկնել է Նորվեգիա` հյուրախաղերի: Սովորում է Ստեփանակերտի երաժշտական ուսումնարանի առաջին կուրսում և Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տասներորդ դասարանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար