Եղիա Մուշեղյան

Դիվանագետ, բանահավաք

Մադաթ Պետրոսյան

Արձակագիր

Արմեն Օհանյան

Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Արա Բեքարյան

Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան

Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Արթուր Ասատրյան

Երաժիշտ, պրոդյուսեր

 

 

 

 

ԳՐԻԳՈՐ ԽԱՆՋՅԱՆ

Գեղանկարիչ

29 նոյեմբեր, 1926 - 19 ապրիլ, 2000

Ծնվել է Երևանում: 1945թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1951թ.՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Հավասարապես ստեղծագործել է գեղանկարչության և գրաֆիկայի բնագավառներում, ստեղծել թեմատիկ պատկերներ, դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ: Թեմատիկ կտավները հիմնականում նվիրված են հողի աշխատավորին, գյուղի կյանքին ու կենցաղին` «Սևանի ձկնորսները» (1956թ.), «Մթնշաղ» (1962թ.), «Արևածաղիկներ» (1970թ.), «Հացը լեռներում» (1972թ.) և այլն: Նրա գրաֆիկական շարքերին բնորոշ են լույսի ու ստվերի հակադրությունը, գունային շեշտերի և ուրվագծի արտահայտչականությունը, որոնցից են` «Իտալական տպավորություններ» (1965-66թթ), «Իսպանիա» (1970թ.), «Հիշողություններ Մեքսիկայից» (1976թ.) և այլն: Նկարչի բնանկարները երբեմն մոնումենտալ են, երբեմն` համակված քնարական տրամադրությամբ` «Արա լեռը» (1961թ.), «Գառնի» (1962թ.), «Ձկնորսական նավակը» (1965թ.) և այլն: «Իմ ժողովրդի պատմության տարեթվերից» (1967թ.), «Հայաստան» (1971թ.), «Եվ այս ամենը մեր օրերում» (1972-73թթ) նկարաշարերում նկարիչը ժողովրդի պատմության իրադարձությունների հակադրություններից հասել է ժամանակակից ընդհանրացումների: Նրա արվեստում ինքնատիպ են գրքի ձևավորումն ու նկարազարդումը: Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն», Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն», Գևորգ Էմինի «Բալլադ ձկնորսի մասին» և «Սասունցիների պարը» պոեմների, Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի նկարազարդումները հագեցած են դրամատիկ տրամադրություններով, արտահայտիչ ու պլաստիկ գծանկարներով: Հայ ժողովրդի պատմության թեման արտացոլվել է «Հայոց այբուբեն» և «Վարդանանք» (երկուսն էլ` 1980-81թթ) գոբելենների համար նրա ստեղծած նախապատկերներում: Նկարչի էսքիզով է ստեղծվել նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճի «Վերածնունդ» (1987թ.) վարագույր-գոբելենը: «Վարդանանք» գոբելենում, որի կենտրոնում Վարդան Մամիկոնյանն է, նկարիչը պատկերել է նաև հայ ժողովրդի մեծագույն ներկայացուցիչներին` Անդրանիկին, Կոմիտասին, Դանիել Վարուժանին, Եղիշե Չարենցին, Պարույր Սևակին և ուրիշների` ընդգծելով հայոց պատմության շարունակականության ու միասնականության գաղափարը: Նկարչի արվեստում առանձնանում են նաև նատյուրմորտները` «Նատյուրմորտ. անթառամներ» (1962թ.), «Նատյուրմորտ դաղդղանով» (1967թ.), «Հայկական նատյուրմորտ» (1967թ.) և այլն: Մասնակցել է Մոսկվայի համամիութենական (1957թ., ոսկե մեդալ), Բրյուսելի միջազգային (1958թ., բրոնզե մեդալ) և այլ ցուցահանդեսների: 1961թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: 1962թ. ընտրվել է ԽՍՀՄ գեղարվեստական ակադեմիայի թղթակից անդամ: 1963թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման և ընտրվել ԽՍՀՄ նկարիչների միության ղեկավարման անդամ: 1967թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական նկարչի կոչման, իսկ 1969թ. Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի նկարազարդման համար պարգևատրվել է ԽՍՀՄ Պետական մրցանակով: 1975թ. ընտրվել է ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր և նախագահության անդամ: 1973թ-ից եղել է ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական, 1991թ-ից` ՌԴ գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամ, 1990թ-ից՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: 1983թ. արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական նկարչի կոչման: Արժանացել է նաև ԽՍՀՄ և ՀՀ պետական մրցանակների, շքանշանների ու այլ պարգևների: Մահացել է Երևանում: