ԺԵՆՅԱ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դերասանուհի, ասմունքող

Ծնվել է 1941թ. հուլիսի 16-ին, Երևանում: Դերասան Յուրի Ամիրյանի կինն է: 1957թ. ավարտել է Երևանի Տիմոշենկոյի անվան թիվ 39 միջնկարգ դպրոցը: 1957-62թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում: 1964թ-ից աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացել է ավելի քան 100 ներկայացումներում, որոնցից են` Վ.Շեքսպիրի «Օթելլո» (Բիանքա), Գ.Հաուպտմանի «Մայրամուտից առաջ» (Ինկեն Պետերս), Գ.Սունդուկյանի «Էլի մեկ զոհ» (Սալոմե), «Քանդած օջախ» (Սալոմե), «Խաթաբալա» (Նատալիա), «Պեպո» (Էփեմիա), «Կտակ» (Նադինկա), Սուխովո-Կոբիլինի «Դատական գործ» (Լիդոչկա), Ա.Պապայանի «Աշխարհն, այո, շուռ է եկել» (Վարդուհի), Պ.Զեյթունցյանի «Ավերված քաղաքի առասպելը» (Որմիզդուխտ), Ժ.Հարությունյանի «Հարսնացուն հյուսիսից» (Վալյա), Վասիլևի «Արշալույսներն այստեղ խաղաղ են» (Ժենյա Կամիլկովա), Ն.Զարյանի «Հացավան» (Անուշ) և այլն: Նկարահանվել է ավելի քան 20 ֆիլմում` «Մարդն Օլիմպոսից» (1974թ.), «Գիքոր» (1982թ.), «Ճերմակ անուրջներ» (1985թ.) և այլն: Մի շարք դերեր է կերտել նաև հեռուստաթատրոնում: «Հայաստան-Լիբանան» և «Հայաստան-Վրաստան» հասարակական կազմակերպությունների անդամ է: Հյուրախաղերով եղել է աշխարհի բազմաթիվ երկրներում: Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մրցանակների, կոչումների: Եղել է Սայաթ-Նովայի, Իսահակյանի, Գ.Էմինի անվան մրցույթ-փառատոների դափնեկիր: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր, 2004թ.` ժողովրդական արտիստի կոչման: 2011թ. պարգևատրվել է ՀՀ Պետական առաջին կարգի մեդալով, ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով, Գյումրիի «Վարպետաց վարպետ» ոսկե մեդալով, «Անդրանիկ Զորավար» միության և Երևանի քաղաքապետարանի ոսկե մեդալներով:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար