
Ռուբեն Զարդարյան
Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան
Ճարտարապետ

Գուրգեն Հարությունյան
Դերասան

Հոբոս Ապեր
Մանկագիր, բանաստեղծ

Մայրանուշ Պարոնիկյան
Դերասանուհի

Ռոբերտ Նալբանդյան
Բեմանկարիչ

Հովակ Գալոյան
Դերասան

Բակուր
Արձակագիր

Գևորգ Կակոսյան
Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան
Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան
Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան
Կինոռեժիսոր
ԳԵՎՈՐԳ ՉՄՇԿՅԱՆ

7 մարտ, 1837 - 28 դեկտեմբեր, 1915
Ծնվել է Թիֆլիսում: Եղել է դերասանուհի Սաթենիկ Չմշկյանի ամուսինը: 1847-50թթ սովորել է տեղի Ներսիսյան դպրոցում: 1854թ. ավարտել է ռուսական հողաչափական ուսումնարանը և մինչև 1862թ. աշխատել տարբեր քաղաքներում` որպես հողաչափ: 1863թ. սկսել է թատերական գործունեությունը: 1864թ. ստեղծել է հայ առաջին` Անկախ դերասանական ընկերությունը, 1872թ.` «Մշակ» թերթը, 1879թ.` Թիֆլիսի թատերական ընկերությունը: 1908թ-ից եղել է Հայոց դրամատիկական ընկերության պատվավոր անդամ: Նրա ստեղծագործական գաղափարական կողմնորոշմանը նպաստել են ռուսական ռեալիստական թատրոնը և, հատկապես, Վ.Բելինսկու թատերական հոդվածները: Պայքարել է կլասիցիստական ուղղության դեմ: Իր ստեղծագործության մեջ զուգակցել է ռոմանտիկական պաթոսը և իրականության ճշմարտացի պատկերումը: Հայ թատրոնում հաստատել է Վ.Շեքսպիրի, Մոլիերի, Ա.Օստրովսկու, Ն.Գոգոլի, Գ.Սունդուկյանի դրամատուրգիան, նախընտրել արդիական թեմաներով պիեսները: 1864-90թթ իր շուրջն է համախմբել հայ թատրոնի լավագույն ուժերին: Առաջինն է կապ ստեղծել արևելահայ և արևմտահայ թատրոնների միջև, մեծ դեր է ունեցել Անդրկովկասի ժողովուրդների, հատկապես հայ-վրացական թատերական կապերի ամրապնդման գործում: Դերասանական տարբեր խմբերով շրջագայել է Շուշիում, Ալեքսանդրապոլում, Երևանում (1865թ.), Գորիում (1873թ.), Բաքվում (1885թ., 1889թ.) և այլուր: 1879թ. Կոստանդնուպոլսից Պետրոս Ադամյանին և Սիրանույշին հրավիրել է իր թատերախումբ: Եղել է Պեպոյի (Գ.Սունդուկյանի «Պեպո») առաջին և լավագույն դերակատարը հայկական և վրացական թատրոններում: Եղել է Ա.Օստրովսկու «Ուրիշի սահնակը մի նստիր» և Սուխովո-Կոբիլինի «Կրեչինսկու հարսանիքը» պիեսների առաջին հայ բեմադրիչը, որտեղ խաղացել է Վիխորևի ու Կրեչինսկու դերերը: Ռուսերենից և ֆրանսերենից թարգմանել է մոտ 20 պիես և բեմադրել է Վ.Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», «Օթելլո», «Թիմոն Աթենացի», Վ.Հյուգոյի «Անջելո», Մոլիերի «Կանանց կրթարանը» և այլ գործեր: Խաղացել է ավելի քան 100 դեր մի շարք ներկայացումներում, որոնցից են` Հ.Կարենյանի «Վարդան Մամիկոնյան կամ Վարդանանց պատերազմ» (Վարդան), Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ» (Օսեփ), Վ.Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը» (Պետրուչչո), Մոլիերի «Դոն Ժուան» (Դոն Ժուան), Շիլլերի «Ավազակներ» (Կարլ Մոոր) և այլն: Գրել է «Իմ հիշատակարանը» (1953թ.) գիրքը, պիեսներ («Վարժուհի», «Միթոմ ոչինչ», «Երկու ընտանիքում» և այլն), թատերական և հրապարակախոսական հոդվածներ: Մահացել է Պետրոգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ):