ԺԻՐԱՅՐ ԴԱԴԱՍՅԱՆ

Բեմադրիչ

Ծնվել է 1964թ. մարտի 27-ին, Արցախի Սոս գյուղում: 1966թ. տեղափոխվել է Երևան: Ավարտել է Երևանի թիվ 135 միջնակարգ դպրոցը: Դեռևս դպրոցական տարիներից մասնակցել է պետական ռադիոյի մանկական հաղորդումներին: 1979-81թթ սովորել է Լուսաշխի տան մնջախաղի ստուդիայում, զուգահեռաբար խաղացել է Մնջախաղի թատրոնի բեմադրություններում: 1981թ. ընդունվել է Երևանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժին: 1987-94թթ աշխատել է Երիտասարդական պալատի «Ինտերակումբում»` որպես մնջախաղաց և երեկոների կազմակերպիչ, այնուհետև` պետական ռադիոյում` որպես ռեժիսոր և հաղորդավար: 1994թ. հրավիրվել է Երևանի Մնջախաղի պետական թատրոն` որպես ռեժիսոր: Բեմադրել է «Արծիվներ», «Խաղ» ներկայացումները: Վերջինիս հեռուստատեսային տարբերակը նկարահանվել է 1996թ. և եղել է հեռուստաթատրոնի առաջին մնջախաղային ներկայացումը: 1997թ. բեմադրել է «Թիթեռներ» էքսպերիմենտալ ներկայացումը: 1990-ականներին ակտիվորեն զբաղվել է հեռուստատեսությամբ: Նկարահանել է տեսահոլովակներ, գովազդային հոլովակներ: 1996թ. ձեռնամուխ է եղել «Շողակաթ» ստուդիայի ստեղծման աշխատանքներին: 1998թ-ից Երևանի Մնջախաղի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու տնօրենն է: Բեմադրել է «Թռիչք», «Խաղ», Պրևերի «Ինչպես նկարել թռչուն», Բոդլերի «Չարի ծաղիկներ» ներկայացումները: 2000թ. «Չարի ծաղիկներ» ներկայացման համար արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: 2000թ. «Շողակաթ» ստուդիայում նկարահանած «Մնջախաղային տեսահոլովակներ» շարքի համար Յալթայի միջազգային հեռուստակինոֆորումում ստացել է առաջին մրցանակ: 2001թ. Երևանում կազմակերպել և անցկացրել է «Նազենիկ» մնջախաղի միջազգային փառատոնը` առաջին միջազգային թատերական փառատոնը նորանկախ Հայաստանում: Նույն թվականին ձեռնամուխ է եղել «Հայրենիք» մանկական հեռուստաալիքի ստեղծման աշխատանքներին: Բազմաթիվ հեռուստատեսային նախագծերի, հոլովակների, ֆիլմերի, գովազդների ու հաղորդումների հեղինակ է: 2005թ. նշանակվել է Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ, 2007թ-ից` նույն հանձնաժողովի փոխնախագահ: 2005թ. բեմադրել է «Շերանիկ», 2008թ.` «Գիրք ծաղկանց» ներկայացումները` հայկական միջնադարյան մանրանկարչության և պոեզիայի մոտիվներով: 2006թ. իրականացրել է «Հայոց այբուբեն» նախագիծը: 2008թ. կազմակերպել և անցկացրել է Շուշիի վերականգնմանն ուղղված Շուշի-Բեթխեհեմ-Մոսկվա-Երևան հեռուստակամուրջը և Մնջախաղի միջազգային փառատոնը Ծաղկաձորում: 2009թ. բեմադրել է «Արդաղիոն» ներկայացումը` ըստ հայկական Հայսմավուրքի: 2009թ. նկարահանել է երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի և Մայքլ Սթոունի մասնակցությամբ «Never again» ֆիլմը` նվիրված Հայոց Եղեռնի 95-րդ տարեդարձին: 2010թ. Ծաղկաձորում կազմակերպել և անցկացրել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային 2-րդ փառատոնը: 2011թ. եղել է Լոս-Անջելեսի Գիբսոն թատրոնի Հայոց Ցեղասպանության 96-րդ տարեդարձին նվիրված համերգի բեմադրիչը` հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ: 2009թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար