ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԵԼԻՔ-ՓԱՇԱՅԱՆ

Դիրիժոր

10 հոկտեմբեր, 1905 - 18 հունիս, 1964

Ծնվել է Թիֆլիսում: Սկզբնական երաժշտական կրթությունն ստացել է տանը՝ աշակերտելով պրոֆեսոր Հարտմանին (տեսություն) և Շվեյգերին (դաշնամուր): 1921-31թթ, ընդհատումներով, եղել է Թիֆլիսի օպերայի և բալետի թատրոնի կոնցերտմայստեր, ապա` դիրիժոր, 1923թ. հանդես գալով Դոլիձեի «Լեյլա» օպերայի կատարմամբ: 1924թ. Լենինականի (այժմ՝ Գյումրի) օպերա-օպերետային խմբում ղեկավարել է Գունոյի «Ֆաուստ», Բիզեի «Կարմեն», Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերաները, 1929թ. և 1932թ. համերգներով հանդես է եկել Երևանում: 1928-30թթ սովորել է Լենինգրադի կոնսերվատորիայում՝ Ն.Մալկոյի, այնուհետև Ա.Գաուկի դիրիժորական դասարաններում, տեսությունը՝ Ք.Քուշնարյանի և Վ.Շչերբաչովի մոտ: Կոմպոզիտորի արվեստին բնորոշ են եղել ոճի նուրբ զգացողությունը, վառ արտահայտչականությունը, երկի զգացմունքային մեկնաբանությունը: 1931-53թթ եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի դիրիժոր, 1953-62թթ՝ գլխավոր դիրիժորը: Ղեկավարել է Ջ.Վերդիի «Աիդա», «Օթելլո», «Ֆալստաֆ», Լ.Բեթհովենի «Ֆիդելիո», Ս.Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն», Մ.Գլինկայի «Իվան Սուսանին», Ա.Բորոդինի «Իշխան Իգոր», Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա» և «Չերևիչկի» (ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1942թ.), Մ.Մուսորգսկու «Բորիս Գոդունով», Ջ.Ռոսսինիի «Վիլհելմ Թել» (ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1943թ.) և այլ օպերաներ: Գրել է «Տասներկուերորդ գիշեր» (ըստ Վ.Շեքսպիրի) օպերան, սիմֆոնիա, ռոմանսներ՝ Պուշկինի և Էրենբուրգի խոսքերով: 1958թ. Մեծ թատրոնի խմբի հետ հյուրախաղերով հանդես է եկել Երևանում, որտեղ ղեկավարել է «Իվան Սուսանին», «Իշխան Իգոր» օպերային ներկայացումները և Բեթհովենի Իններորդ սիմֆոնիան: 1950-60թթ ներկայացումներ է ղեկավարել Պրահայի, Օստրավայի, Լոնդոնի, Բուդապեշտի և այլ քաղաքների օպերային թատրոններում: 1939թ. եղել է Մոսկվայում կայացած հայկական առաջին տասնօրյակի երաժշտական ղեկավար, 1956թ.՝ 2-րդ տասնօրյակի խորհրդատու: 1953թ. և 1962թ. Ֆրանսիայում արժանացել է Գրան Պրիի, 1964թ.` Ամերիկայի արվեստների ակադեմիայի մրցանակի, 1947թ.՝ Ռուսաստանի, 1951թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Մոսկվայում: Դիրիժորի անունով կոչվել է ՀՀ Արտաշատ քաղաքի երաժշտական դպրոցը: