ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԵՔԳՅՈԶՅԱՆ

Դերասան, արձակագիր, դրամատուրգ

Ծնվել է 1974թ. հուլիսի 8-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Րաֆֆու անվան թիվ 36 միջնակարգ դպրոցը: Սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի օպերային ռեժիսուրայի բաժնում` Տիգրան Լևոնյանի արվեստանոցում: 1996թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Խաղացած ներկայացումներից են` Ք.Լյուդվիգի «Մամա միա» (Ֆրենկ), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Անխելք), Կ.Գոցցիի «Ագռավը» (Պանտալոնե), Վ.Շեքսպիրի «Համլետ» (Օզրիկ), «Մակբեթ» (Լրաբեր), «Հուլիոս Կեսար» (Քաղաքացի), Ա.Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Խեղկատակ), Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Փայլակ), Պ.Զեյթունցյանի «Մեծ լռություն» (Օղուզ բեյ), Ն.Ադալյանի «Կինը և տղամարդը» (Հարևան) և այլն: Նկարահանվել է մի քանի ֆիլմերում: Հեղինակել է բազմաթիվ պատմվածքներ, վիպակներ, պիեսներ, էսսեներ, սցենարներ, մեկ վեպ և չորս գիրք` «Փայտե շապիկ», «Ապակու արև», «Երկսեռ թատրոն», «Փախչող քաղաքը»: Բազմիցս տպագրվել է «Գարուն» ամսագրում («Անտի աթմա», «Ապակու արև», «Շինելը», «Ընտրյալը», «Մակբեթ», «Թաղանթ» և այլն), «Գրական թերթում» («Ժանգախտ», «Փուշ ամառ» «Սառը քուն» և այլն), «Գրեթերթում» («Տան ներսում չնկարված գլուխը», «Կորցրած օրը», «Փետուրե հեղափոխություն», «Երկսեռ թատրոն»), «Նարցիս» հանդեսում («Տարականի մումիա», «Անդոյի ցիրկը», «Խճճված աղոթք» և այլն), «Սինեմարտ» ամսագրում (կինոգիտական հոդվածներ), «Թատրոն» թերթում (թատերագիտական հոդվածներ), «Դրամատուրգիա» ամսագրում («Մետաստազ», «Երկկենցաղ մարդը» պիեսները և թատերագիտական հոդվածներ), «Հետք» շաբաթաթերթում («Թատրոնի նյութափոխանակությունը», «Ֆանտոմային գրեր», «Հոգեկանչություն` ըստ սերիալի», «Անընկեր մտքերը», էսսեները և այլն), ինչպես նաև «Նոր դար», «Դոմ Ռաստովիխ», «Յունոստ», «Հորիզոն», «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Ժամանակ Երևան», «Ակտուալ արվեստ», «Բնագիր» հանդեսներում և պարբերականներում: Հեղինակել է «Մետաստազ» պիեսը, որը բեմադրվել է Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական թատրոնում և արժանացել ՀԹԳՄ երկու «Արտավազդ» մրցանակի` «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» և «Լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգերում: Բազմաթիվ մանկական պիեսների հեղինակ է, որոնցից շատերը բեմադրվել է Երևանի դրամատիկական թատրոնում` «Երջանկության բանալին», «Ամանորյա հրաշք», «Կախարդական հովանոցը», «Թզուկի հեքիաթը» և այլն: 2011թ. «Ֆորում» թատրոնը բեմադրել է նրա «Ծառը` օդի մեջ» ինտերակտիվ պիեսը և «Ֆորում» թատրոնների փառատոնին հանդես է եկել Թբիլսիիում (ռուսերեն): Նրա ստեղծագործությունները թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն: Թարգմանել է շուրջ երկու տասնյակ պիես: Հեղինակել է նաև մի շարք մշակութային հանդիսությունների սցենարներ, որոնցից են 2009թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի «21-րդ դարի հորիզոններ. թանգարանները նոր այցելուների փնտրման ճանապարհին» նախագծի շրջանակներում Գառնիի հեթանոսական տաճարի լուսավորության առթիվ բեմադրված բացօթյա ներկայացման, «Սուրբ Սարգիսի» տոնին նվիրված բացօթյա համերգ-ներկայացման, 2010թ. ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության երեկոյի, Դանիել Վարուժանի 125-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի սցենարները և այլն: Հյուրախաղերով հանդես է եկել Լեհաստանում, Հունգարիայում, Իրանում և Վրաստանում: Հայաստանի թատերական գործիչների միության դրամատուրգիայի գծով քարտուղարն է, Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի թատերախմբի վարիչը: 2008թ. ՀԹԳՄ սրահում բեմադրված «Ֆանտոմային ցավեր» ներկայացումը, «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի: 2006թ. արժանացել է հայ-ամերիկյան «IGEFA» մրցանակի` որպես լավագույն երիտասարդ գրող, 2009թ. «Ապակու արև» պատմվածքների ժողովածույի համար` «Վահան Թեքեյան» մրցանակի:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար