ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱԲԱԽԱՆՅԱՆ

Դերասան

Ծնվել է 1968թ. հուլիսի 1-ին, Երևանում: Դերասանուհի Մարի Մսրյանի ամուսինն է: 1984թ. ավարտել է Երևանի Սիամանթոյի անվան միջնակարգ դպրոցը: 1984-88թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժնում, որից հետո աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: Խաղացել է բազմաթիվ դերեր մի շարք ներկայացումներում` Հ.Մաթևոսյանի «Չեզոք գոտի» (Աբել Արծաթբանյան), Ք.Լյուդվիգի «Մամա միա» (Տիտտո Մերելի), Ս.Ստրատիևի «Ավտոբուս» (Վիրտուոզ), Վ.Շեքսպիրի «Հուլիոս Կեսար» (Մարկոս Անտոնիոս), «Ռոմեո և Ջուլիետ» (Մերկուցիո), «Մակբեթ» (Մակդուֆ), Ջ.Սելինջերի «Դյութիչ շուրթերն այդ աչքերը կանաչ» (Արթուր), Գ.Խանջյանի «Բարև սրիկաներ» (Ա տղամարդ), Է.դե Ֆիլիպպոյի «Ցիլինդր» (Ռուդոլֆիո), «Ֆիլումենա Մարտուրանո» (Միքելե), Ա.Նիկոլայի «Սպանել սիրո համար» (Բրունո Մանչինի), Հ.Պարոնյանի «Կատակերգություն» (Բանաստեղծ-դերասան), Պ.Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը» (Պետրոս Առաքյալ), Հ.Բերգերի «Սիրային խառնաշփոթ» (Բոբի Ջեքսոն), Ս.Հարությունյանի, Ա.Խանդիկյանի «Անվերջ վերադարձ» (Դատավոր), Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Դոկտոր Շավարշ), Ժ.Հարությունյանի «Քո վերջին հանգրվանը» (Վահագն), Է.Իոնեսկոյի «Արքան մեռնում է» (Բժիշկ), Լ.Թուխիկյանի «Կանաչ ստվերը» (Միսակ), Ա.Երնջակյանի «Սոնատ թավջութակի համար» (Տղամարդ), Կ.Խոդիկյանի «Տրակտատ թաշկինակի մասին» (Օթելլո), Պ.Զյուսկինդի «Կոնտրաբաս» (մոնոներկայացում) և այլն: Հանդես է գալիս նաև որպես երգիչ, երգում է տարբեր լեզուներով: Նկարահանվել է «Հերոստրատ» (2001թ.), «Լռության սիմֆոնիա» (2001թ.), «Պատը» (2005թ.), «Քրմուհին» (2007թ.), «Մետամորֆոզ» (2008թ.), «Շղթա» (2009թ.) և այլ ֆիլմերում, «Ճակատագրի գերիներ» (2009թ.) հեռուստասերիալում: 2002թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակի, 2004թ.` «Արմոննո» միջազգային փառատոնի «Լավագույն դերասան» մրցանակին, 2006թ.` Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, 2013թ.` ՀԹԳՄ, ՀՀ մշակույթի և ՀՀ սփյուռքի նախարարությունների «Գրիգոր Լուսավորիչ» և «Մայրենիի դեսպան» մեդալների: 2010թ. տեղափոխվել է ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգ, որտեղ շարունակել է ստեղծագործել: Նույն թվականին բեմադրել է Վ.Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» պիեսը, որտեղ հանդես է եկել Բեն Ալեքսանդրի դերով: 2011թ. Լոս ԱՆջելեսում խաղացել է «Իմ սև սիրտն ու քո սպիտակ հրեշտակը» ներկայացման մեջ: Նկարահանվել է նաև ամերիկյան գովազդային հոլովակներում: Մի քանի մոնոներկայացումներ խաղացել է նաև անգլերեն լեզվով: Աշխատել է ամերիկյան թատրոնի և կինոյի մասնագետներ Ջ.Ֆարրի, Մ.Ռանդելի, Ա.Մարի-Սթարքի և այլոց հետ: Խաղացել է ավելի քան 190 դեր հայկական և ամերիկյան թատրոնում, կինոյում և հեռուստատեսությամբ: Արժանացել է Ռեյ Չարլզի անվան շքանշանի (Չարլզի դստեր կողմից), ԱՄՆ կոնգրեսմեն Ադամ Շիֆֆի, Քալիֆորնիայի ասամբլեայի անդամ Մայք Գատտոյի կողմից Հատուկ շնորհակալագրերի, բազմաթիվ պատվոգրերի, միջազգային թատերական և կինոմրցանակների:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար