ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարիչ

22 սեպտեմբեր, 1946 - 30 նոյեմբեր, 2021

Ծնվել է Երևանում: 1965թ. ավարտել է Երևանի Հաստոցաշինական տեխնիկումը` մետաղների սառը մշակման տեխնոլոգիայի մասնագիտացմամբ: 1964-71թթ աշխատել է Երևանի տարբեր գործարաններում որպես հաստոցագործ և ինժեներ: 1965թ. սկսել է զբաղվել լուսանկարչությամբ: 1968թ. ղեկավարել է Պատանի տեխնիկների կայանի ֆոտոխմբակը: Եղել է ինքնուս, սկսել է լուսանկարել պատանի հասակում` հորից նվեր ստացած ֆոտոխցիկով, տարված է եղել լուսանկարչության ուսումնասիրությամբ: Նրա հիմնական հետաքրքրությունների առարկան ու ոգեշնչման աղբյուրն են եղել լեհական, չեխական, գերմանական, հունգարական ֆոտոամսագրերում տեղ գտած հատկապես չեխ և լեհ լուսանկարիչների ավանգարդիստական աշխատանքները: Գործունեությունն սկսել է սկզբնապես ուսումնասիրելով նախ արխիվային նյութը, այնուհետև անդրադարձել է այնպիսի թեմաների, որոնցով նա փոխանցել է իր ժամանակաշրջանի նկարագիրը: Նրա վավերագրական, ֆոտոռեպորտաժային լուսանկարները բովանդակային առումով բազմաշերտ են և այլաբանական: Լուսանկարիչն ուղիղ ձևով չի փոխանցել իր ասելիքը, այլ թույլ է տվել, որ դիտողն ինքը մտածի, լրացնի և իր անհատական ընկալմամբ հասկանա: Գործունեությունն սկսել է 1971թ-ին որպես «Կոմսոմոլեց» թերթի թղթակից և աշխատել է մինչև 1974թ.: 1976-89թթ աշխատել է «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունում», բազմիցս գործուղվել է մի շարք եվրոպական ու աֆրիկյան երկրներ՝ Դանիա, Ֆրանսիա, Հունաստան, Ավստրիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Հունգարիա, Գվինեա, Սենեգալ, Գերմանիա, Մերձբալթյան հանրապետություններ, Ռուսաստան և այլուր: Նրա հետաքրքրությունների շրջանակում են եղել մասնավորապես հետևյալ թեմաներով` բնապատկեր, մարդու փոխհարաբերությունը բնական միջավայրի հետ, քաղաքական կյանք և սիմվոլիկ լուսանկարչությունը: Աշխատանքները շարքերով հրապարակվել են հայաստանյան ամսագրերում, մասնավորապես` «Սովետական Հայաստան», «Հայաստանն այսօր», «Գարուն» ամսագրերում, 1970-80-ական թվականներին ցուցադրվել են «Ժուռնալիստների տանը» և «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերության» շենքում կազմակերպվող ցուցահանդեսներին: 1981թ. նրա համագործակցությունը «Գարուն» ամսագրի հետ զգալի ազդեցություն է թողել գեղարվեստական լուսանկարչության ընկալումների փոփոխության վրա: 1989-91թթ որպես լուսանկարիչ աշխատել է արդեն «Հայք», «Անդրադարձ» և «Զինվոր» թերթերում: Լուսանկարչի վավերագրական լուսանկարներն անընդմեջ տպագրվել են հայաստանյան, ինչպես նաև ռուսական և արևելաեվրոպական մամուլում: 1993-99թթ դասավանդել է Երևանի Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում` որպես գեղարվեստական լուսանկարչության ուսուցիչ: 1990-ականների վերջերին խորը հիասթափություն վերապրելով՝ ոչնչացրել է իր տպված լուսանկարների գրեթե ամբողջ հավաքածուն: Պահպանված սևապատկերներից շուրջ երկու հարյուրը վերականգնվել ու տպվել են վերջերս և վերականգնման համար անհրաժեշտ է եղել շուրջ վեց տարի: 1997-2009թթ ոչնչացրել է գրեթե երկու հազար ժելատին արծաթե լուսանկար և սևապատկեր` համոզված լինելով, որ դրանք այլևս որևէ մեկին չեն հետաքրքրի: 1990-ականների վերջերին թողել է լուսանկարչությունը, սակայն, բարեբախտաբար, սևապատկերները պահպանվել են: 2000-13թթ հիմնականում աշխատել է որպես կահույքագործ: Ունեցել է մի շարք անհատական ցուցահանդեսներ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար