ՋՈՐՋ ԲՈՒՌՆՈՒԹՅԱՆ

Պատմաբան

25 սեպտեմբեր, 1943 - 22 օգոստոս, 2021

Ծնվել է Իրանի Սպահան քաղաքում, հայ հոր և լեհ մոր ընտանիքում: 1964թ. հաստատվել է ԱՄՆ-ում: Ավարտել է Լոս Անջելոսի Քալիֆորնիայի Համալսարանը (UCLA), որտեղ էլ 1976թ. Հայաստանի, Իրանի և Ռուսաստանի պատմության բնագավառում իր դոկտորական կոչումն է ստացել: Հետագայում դասավանդել է որպես հրավիրյալ դասախոս մի շարք համալսարաններում` ներառյալ Կոլումբիայի, Նյու Յորքի, Թաֆթս համալսարանները, Լոս Անջելոսի Կալիֆորնիայի համալսարանը, Ռութգերս համալսարանը, Քոնեքթիքութի համալսարանը և Քալիֆորնիայի պետական համալսարանը Ֆրեզնոյում: Կյանքի վերջին տարիներին եղել է պատմության ավագ դասախոս Նյու Յորքի Այոնա համալսարանում: Հեղինակել և թարգմանել է 30 գիրք և ավելի քան 30 գիտական հոդված: Նրա «Հայ ժողովրդի համառոտ պատմություն» գիրքը, որն արդեն 6-րդ անգամ է հրատարակվում, առաջին ամբողջական միահատոր աշխատությունն էր հայ ժողովրդի պատմության մասին անգլերեն լեզվով: Այն օգտագործվել է որպես դասագիրք ԱՄՆ-ի, Կանադայի և Ավստրալիայի մի շարք կրթական հաստատություններում, թարգմանվել է թուրքերեն, արաբերեն, իսպաներեն, ճապոներեն, հայերեն, ռուսերեն և պարսկերեն լեզուներով: Առաջին անգամ Հայաստան այցելել է 1968թ., որից հետո ավելի քան 20 անգամ: Լույս են տեսել նրա հետևյալ հատորները՝ «Արևելյան Հայաստանը պարսից տիրապետության վերջին տասնամյակներին. 1807-1828» (1982թ.), «Երևանի խանությունը Ղաջարական տիրապետության ներքո, 1795-1828» (1992թ.), «Ղարաբաղի պատմությունը» (1994թ., նույնը՝ պարսկերեն, 2003թ.), «Ռուսաստանը և Անդրկովկասի հայերը, 1797-1889. վավերական փաստաթղթեր» (1998թ.), «Կաթողիկոս Աբրահամ Կրետացու Ժամանակագրությունը» (1999թ.), «Աբրահամ Երևանցի, Պատերազմների պատմություն, 1721-1738» (1999թ.), «Հայ ժողովրդի պատմություն, նախապատմությունից մինչև 1500թ.» (1993թ., երեք հրատարակություն մինչեւ 2000թ.), «Հայ ժողովրդի պատմություն, 1500թ. մինչև ներկան» (1994թ., երեք հրատարակություն մինչեւ 2000թ.), «Հայ ժողովրդի համառոտ պատմություն» (հինգ հրատարակություն, 2002-06թթ, նույնը իսպաներեն՝ 2003թ., Բուենոս Այրես, թուրքերեն՝ 2011թ., Ստամբուլ, արաբերեն՝ 2012թ., Կահիրե, հայերեն՝ 2012թ., Երևան, ռուսերեն՝ 2014թ., Երևան, ճապոներեն՝ 2016թ., Տոկիո), «Զաքարիա Ագուլեցու Օրագրությունը» (2003թ.), «Հայերը և ռուսները, 1626-1796. վավերական փաստաթղթեր» (2003թ.), «Զաքարիա Քանաքեռցու Ժամանակագրությունը» (2004թ.), «Առաքել Դավրիժեցու Պատմությունը, երկու հատոր» (2005-06թթ), «Սիմեոն Լեհացու Ուղեգրությունը» (2007թ.), «Կաթողիկոս Սիմեոն Երևանցի, Ջամբռ» (2009թ.), «Կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյան, Համառոտ պատմություն Աղվանից աշխարհի» (2009թ.), «Ղարաբաղ նահանգի ռուսական հաշվետվությունը 1823թ.» (երկու հրատարակություն, 2011-12թթ) և այլն: Մահացել է ԱՄՆ Նյու Ջերսի քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար