ՀՈՎՀԱՆՆԵՍ ՉԻԼԻՆԿԻՐՅԱՆ

Հրապարակախոս, պատմաբան

24 սեպտեմբեր, 1924 - 5 փետրվար, 2021

Ծնվել է Կոստանդնուպոլսի մերձակայքում գտնվող Ֆլորիա գյուղում: Կարճ ժամանակ անց նրա ընտանիքը բնակություն է հաստատել Մաքրիգյուղում, որտեղ էլ ավարտել է Պեզազյան վարժարանը: Այնուհետև սովորել է Կ.Պոլսի Ավստրիական քոլեջում, որն ավարտել է 1944թ-ին: Հետևելով հորեղբոր՝ Ռուբեն Սևակի օրինակին, ցանկացել է բժիշկ դառնալ և ընդունվել է Կ.Պոլսի բժշկական համալսարանը, սակայն հեռացել է բժշկական համալսարանից և աշխատանքի անցել վաճառականներից մեկի մոտ որպես գրագիր: 1946թ. բազմաթիվ պոլսահայերի հետ ցանկություն է հայտնել տեղափոխվել Հայաստան, սակայն թուրքական ոստիկանության հետապնդումների, հարուցած արգելքների պատճառով նրան չի հաջողվել և հարկադրված մնացել է Կ.Պոլսում: 1955թ. սեպտեմբերի 6-7-ին ականատես է եղել հույների և հայերի նկատմամբ Կ.Պոլսում թուրքական ոստիկանության աջակցությամբ զինված խուժանի ավերիչ գործողություններին: 1970-ական թվականներին հեռացել է Կ.Պոլսից և բնակություն հաստատել Ֆրանսիայի Նիս քաղաքում, ամբողջովին նվիրվել սփյուռքում հայապահպանության գործին, իր պատմագիտական աշխատություններով մերկացրել թուրք և եվրոպական կեղծարար հեղինակների հակահայկական նկրտումները: Հսկայական աշխատանք է կատարել իր հորեղբոր՝ բանաստեղծ Ռուբեն Սևակի գրական ժառանգության հավաքման ու պահպանման համար: Ստեղծել է «Ռուբեն Սևակ մշակութային հիմնարկը», որն իր կարևոր գործն է համարում բանաստեղծի գրական-հասարակական ու հեղափոխական գործունեության լուսաբանումն ու նրա գաղափարների տարածումը: Հիմնարկի նախաձեռնությամբ ու նրա միջոցներով հրատարակվել է երեք տասնյակից ավելի արժեքավոր աշխատություն, որոնք նվիրված են հայագիտության, հայ ժողովրդի պատմության կարևոր պրոբլեմներին: Գրքերի հրատարակությունից բացի, հիմնարկը ստեղծել է մրցանակային ֆոնդ, որով յուրաքանչյուր տարի պարգևատրվում են Ռուբեն Սևակի գաղափարները ներկայացնող մտավորականները և կազմակերպությունները: 1985թ. իր միջոցների հաշվին Նիսում ստեղծել է Ռուբեն Սևակի անվան հիշատակի տուն-թանգարանը, որտեղ ամփոփել է բանաստեղծի ձեռագրերը, նամակները, անձնական իրերը: Թանգարանն ունեցել է պատկերասրահ, որտեղ հավաքված էր տաղանդավոր հայ նկարիչների շուրջ 200 կտավ: Նրա ջանքերով 2013թ. այդ արժեքավոր արխիվը տեղափոխվել է Հայաստան և տեղ գտել Էջմիածինում բացված Ռուբեն Սևակի անվան թանգարան-պատկերասրահում: Հրապարակախոսի ազգային-հասարակական գործունեությունն առնչվում է նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ASALA) այն մարտիկներին, որոնք մատնության կամ էլ դավաճանության հետևանքով ձերբակալվել ու դատապարտվել էին եվրոպական տարբեր երկրներում: Նրա ուշադրության կենտրոնում է եղել նաև Երևան քաղաքի Ռուբեն Սևակի անունը կրող թիվ 151 դպրոցը՝ նյութական ու ֆինանսական աջակցությամբ։ Մահացել է Ֆրանսիայի Նիս քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար