ԱՇՈՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լեզվաբան, փիլիսոփա

23 սեպտեմբեր, 1954 - 10 փետրվար, 2021

Ծնվել է Երևանում: Եղել է լեզվաբան Սերգեյ Աբրահամյանի որդին: 1961-71թթ սովորել է Երևանի թիվ 118 միջնակարգ դպրոցում, 1971-76թթ՝ Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում: 1977-80թթ ուսումը շարունակել է ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1976-77թթ աշխատել է Երևանի Վ.Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում, 1977-78թթ՝ Հայաստանի գրքասերների ընկերությունում, 1981-95թթ՝ Լեզվի ինստիտուտի ընդհանուր լեզվաբանության բաժնում, 1991-2021թթ՝ ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնում, 2000-04թթ՝ Երևանի Վ.Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնում: Տիրապետել է հայերեն (նաև դասական՝ գրաբար), ռուսերեն, անգլերեն, գերմաներեն լեզուներին: Դասավանդել է «Ընդհանուր լեզվաբանություն», «Լեզվաբանության հիմունքներ», «Լեզվաբանական տիպաբանություն», «Նշանագիտություն», «Լեզվանշանագիտություն», «Լեզվաբանական ուսմունքների պատմություն» գիտակարգերը: Նրա գիտական «ընդունելի» ոճով գրված միակ աշխատությունը նրա թեկնածուական ատենախոսությունն է՝ «Արսեն Այտընյանի լեզվաբանական հայացքները»։ Այս գրքով բացահայտել է աշխարհաբարի քննական քերականության խոշոր տեսաբանի լեզվաբանական հայեցակարգը, որի՝ մինչև իսկ զուտ հայերենին վերաբերող դրույթները վեր են հանված ընդհանուր լեզվաբանության չափանիշներով: Աշխատության ավարտից հետո սկսվել է նրա գործունեության երկրորդ շրջանը, որը նրա գործունեության մեջ գիտական ու փիլիսոփայական մտքի ճախրի փուլն էր: Եղել է Ընդհանուր լեզվաբանության մեջ աթայանական դպրոցի հետևորդն ու նրա ուսմունքի ստեղծագործաբար յուրացնողը: Անդրադարձել է լեզվի ստորակարգային բոլոր մակարդակներին՝ հնչյունից մինչև տեքստային տարածությունը բաղադրող միավորները վեր հանելով հատկապես նշանագիտական բեկումներով և տրամախոսական (դիալեկտիկական) հակադրամիասնության անօրինակ գնահատումներով: Բացի լեզվափիլիսոփայական և նշանագիտական հետազոտություններից՝ նաև մաթեմատիկայի դպրոցական դասագրքերի համահեղինակ է եղել: Մաթեմատիկոսների հրավերով դասախոսությունների շարք է կարդացել մաթեմատիկայի վերաբերյալ: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար