ԱՐԱ ՊԱՊԱՆՅԱՆ

Շեփորահար

Ծնվել է 1995թ. օգօստոսի 19-ին, ՀՀ Առինջ գյուղում: 2002-13թթ սովորել է Առինջի Կ.Ծառուկյանի անվան միջնակարգ դպրոցում, 2005-12թթ՝ Քանաքեռի Ա.Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի փողային բաժնի շեփորի դասարանում, 2013-17թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաի նվագախմբային ֆակուլտետի փողային բաժնի շեփորի դասարանում: 2019-20թթ շարունակել է ուսումը մագիստրատուրայում: 2007թ. մասնակցել է Ալեքսանդր Սպենդիարյանի քաղաքային մրցույթին և արժանացել դափնեկրի կոչման: 2010թ. Գյումրիում մասնակցել է երաժիշտ-կատարողների «Վերածնունդ» միջազգային երկրորդ մրցույթ-փառատոնին և արժանացել 1-ին կարգի դափնեկիր մրցանակին: 2014թ. մասնակցել է Բուլղարիայում ացկացվող «Солнечный берег» միջազգային մրցույթին և արժանացել Գրան Պրի մրցանակի: 2011թ. մասնակցել է Գերմանիայի և Ավստրիայի 17-20-րդ դարերի դասական երաժիշտների կյանքին ու գործունեությանը նվիրված սեմինար-դասնթացներին: 2021թ. մասնակցել է Ֆրանսիայում անցկացվող միջազգային մրցույթին «Concours International Eurochestries» և զբաղեցրել առաջին տեղը: 2016թ. «Անկախության սերունդ» համահայկական երգչախմբի և նվագախմբի ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված համերգին գերազանց կատարման և փայլուն ելույթ ունենալու համար արժանացել է շնորհակալագրի: 2017-19թթ ծառայել է ՀՀ ԶՈւ ԳՇ զինվորական նվագախմբում: Ծառայության ընթացքում որպես երաժիշտ հանդես է եկել բազմաթիվ պետական միջոցառումներին և համերգային երեկոներին, այդ թվում նվագել է Մոսկվայում կայացած «Спасская Башня» զինվորական նվագախմբերի փառատոնին և Աբու Դաբիում կայացած «IDEX» ցուցահանդես-վաճառքի ժամանակ: Մասնակցել է նաև Անգլիայում անցկացվող «Music workshop at the UK Royal Military School of music» ծրագրին: 2014թ-ից աշխատում է Երևանի Ա.Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցում որպես շեփորի ուսուցիչ: 2014-16թթ աշխատել է Երևանի Ս.Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցում, 2014-15թթ՝ Երևանի պետական սիմֆոնիկ նվագախմբում: Զուգահեռ համագործակցել է մի շարք երաժշտական խմբերի հետ: 2021թ-ից աշխատում է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում որպես կամերային անսամբլի դասախոս և Հայաստանի երգի պետական թատրոնում` որպես երաժիշտ-շեփորահար: 2021թ. «Առնո Բաբաջանյան 100» ծրագրի շրջանակներում մի շարք համերգներով հանդես է եկել ՀՀ սահմանամերձ համայնքներում: