
Եղիա Մուշեղյան
Դիվանագետ, բանահավաք

Բագրատ Խալաթյան
Պատմաբան

Մադաթ Պետրոսյան
Արձակագիր

Հարություն Աստուրյան
Պատմաբան

Արմեն Օհանյան
Պարուհի, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ

Աբգար Հովհաննիսյան
Պատմաբան

Արա Բեքարյան
Գեղանկարիչ, գրաֆիկ

Ռայա Խասապետյան
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ

Ռոքսանա Բաբայան
Երգչուհի

Արթուր Ասատրյան
Երաժիշտ, պրոդյուսեր

Նարեկ Հայկազյան
Դերասան
ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ

29 հուլիս, 1928 - 24 ապրիլ, 2014
Ծնվել է Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, որի պատճառով նրան հեռացրել են դպրոցից և եղբայրների հետ տեղափոխվել է Արցախի փոքրիկ գյուղերից մեկը: 1942թ. աշխատել է ավիացիոն կորպուսի ջազային խմբում` որպես դաշնակահար և ակարդիոնահար: Որոշ ժամանակ անց, ռազմական նվագախմբի հետ համերգներով հադես է եկել Երևանում, ապա` Հայաստանի էստրադային նվագախմբում: 1945թ-ից նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաև ստեղծել է նոր մեղեդիներ: Առաջին գործերից է «Օրորոցայինը»: 1952թ-ից սովորել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1961թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Էդվարդ Միրզոյանի ստեղծագործական դասարանը: 1955թ. գրել է «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը: 1956-92թթ եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը, 1957թ-ից՝ ԽՍՀՄ կոմպոզիտորների միության անդամ, 1968թ-ից՝ վարչության անդամ: Արտահայտման անմիջականությամբ և քնարական հագեցվածությամբ աչքի է ընկնում նրա լարային կվարտետը (1956թ.), որը 1957թ. Մոսկվայում արժանացել է Երիտասարդության և ուսանողների համաշխարհային 6-րդ փառատոնի առաջին մրցանակին: Ճանաչում են գտել նաև նրա սիմֆոնիան (1961թ.) և «Անմահություն» բալետը (բեմադրված՝ 1969թ., Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն): Դրանցում յուրովի են վերակերպվել հայկական ժողովրդական երաժշտության լադաինտոնացիոն ու ռիթմական առանձնահատկությունները, ժամանակակից սիմֆոնիզմի նվաճումները: Սիմֆոնիկ գործերի թվում են նաև «Հուշարձան» (1955թ.) և «Դեպի թռիչք» (1956թ.) խորեոգրաֆիկ պատկերները, «Տոնական նախերգանքը» (1967թ.) և «Զանգեզուր» պոեմը (1973թ.): Գրել է «Սիրում եմ քեզ, դու իմ Մոսկվա» (Երգի միջազգային փառատոնի մրցանակ, Բուդապեշտ, 1967թ.), «Երևանյան մեղեդի», «Ռեքվիեմ», «Կեչիների աղմուկը», «Արևիկ» (Չեխոսլովակիայի և Գերմանիայի միջազգային փառատոների մրցանակներ), «Սերը չի ծերանում», «Գալիս ես, գալիս ես», «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Հիշեք» և բազմաթիվ այլ երգեր, էստրադային պիեսներ, ջազային կոմպոզիցիաներ: 1966թ. Պրահայի ջազային երաժշտության միջազգային փառատոնում մրցանակի է արժանացել նրա «Պոլիֆոնիկ պրելյուդը» 4 տրոմբոնների և էստրադային նվագախմբի համար: Հեղինակել է դրամատիկ ներկայացումների (Ա.Արաքսմանյանի «Քո հոգու կրակը» և այլն) և կինոնկարների («Ճանապարհ դեպի կրկես», «Փառքի օղակներ», «Թռիչք անդունդի վրայով» և այլն) երաժշտություններ: Դարձել է համամիութենական և միջազգային բազմաթիվ երաժշտական մրցույթների ու փառատոների դափնեկիր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պատվավոր պրոֆեսոր: 1993թ. տեղափոխվել է ԱՄՆ և բնակություն հաստատել Սան-Ֆրանցիսկո, ապա Լոս Անջելես քաղաքում: Թողարկվել են կոմպոզիտորի երկերի ձայնապնակները: Պարգևատրվել է Բուլղարիայի «Կիրիլ և Միֆոդի» (1976թ.), ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» (2003թ.), Արցախի «Մեսրոպ Մաշտոց» (2009թ.), ՀՀ «Պատվո նշան» (2012թ.) շքանշաններով, Սան Ֆրանցիսկոյի Ա.Էյնշտեյնի անվան մեդալով (1996թ.), ՀՀ Գորիս քաղաքի և Երևանի (2008թ.) պատվավոր քաղաքացու կոչումներով: 1974թ. արժանացել է Հայաստանի, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում, թաղված է Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում: