ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Քանդակագործ

17 հունիս, 1941 - 2 հունվար, 1990

Ծնվել է Ստեփանակերտում: 1947-57թթ սովորել է Ստեփանակերտի Գրիբոյեդովի անվան թիվ 3 միջնակարգ դպրոցում։ 1961թ. մեկնել է Աշխաբադ։ 1962-64թթ ծառայել է խորհրդային բանակում։ 1965-68թթ սովորել է Դոնի Ռոստովի Գրեկովի անվան գեղարվեստական ուսումնարանի քանդակի բաժնում, միաժամանակ՝ Վորոնեժի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում։ Վերադառնալով հայրենիք՝ 1969-71թթ քանդակագործ է աշխատել Ստեփանակերտի արտադրաստեղծագործական կոմբինատում։ Այդ տարիներին կերտել է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված արցախցիների հիշատակի հուշարձաններ Վանք և Կեմրակուճ գյուղերում։ 1971թ. մեկնել է Ալթայի երկրամաս, հաստատվել Բառնաուլ քաղաքում, ապրել, ստեղծագործել մինչև 1977թ.։ Աշխատել է երկրամասի տարբեր արվեստանոցներում, մասնակցել բազմաթիվ ցուցահանդեսների, դասավանդել Նովոալթայսկի գեղարվեստական ուսումնարանում։ Երկրորդ աշխարհամարտին նվիրված հուշարձաններ է տեղադրել Ելցովկա և Պերվոմայսկ քաղաքներում, կոթողներ՝ մի շարք բնակավայրերում։ 1977թ. վերադարձել է հայրենիք՝ մարզկոմի 1-ին քարտուղար Կևորկովի հրավերով։ Այդ ընթացքում տարբեր շրջաններում ղեկավարել է Արցախի նկարիչների ստեղծագործական բաժանմունքը, այնուհետև՝ միությունը, լսելի դարձրել հայ արվեստագետի ձայնը Ադրբեջանում։ Դասավանդել է նաև Ստեփանակերտի Հ.Գյուրջյանի անվան արվեստի մանկական դպրոցում։ 1978թ-ից եղել է Արցախի նկարիչների միության անդամ։ 1988թ. մասնակցել է Իջևանի քանդակագործական սիմպոզիումին, կերտել «Արցախ» քանդակը, որն արժանացել է հատուկ մրցանակի։ 1989թ. Ստեփանակերտում տեղադրվել է նրա հեղինակած Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակի հուշակոթողը։ «Սումգայիթ» քանդակում սեղմ արտահայտամիջոցներով քանդակագործը կարողացել է հասնել բարձր լարվածության և հուզականության, ողբերգության բացահայտմանը։ «Ղարաբաղյան տրանսպորտ» քարի վրա քանդակը հայկական օջախի, ընտանիքի սրբության պատկերումն է և արցախցու կերտվածքի բացահայտումը։ «Երաժիշտներ» քանդակն աչքի է ընկնում պլաստիկ լուծումներով։ «Պըլը Պուղին և Մելիք Շահնազարը», «Թազբեհով ծերունին», «Հնձվորները» շնչում են մեղմ հումորով ու սիրով դեպի մարդ-արարածն ու աշխարհը։ Ազգային ու համամարդկային են նրա «Արցախցի տատիկները», «Հայուհի», «Երեք դիմակ» քանդակները։ 1988թ. ակտիվորեն ներգրավվել է Արցախյան շարժման մեջ, դարձել «Կռունկ» կոմիտեի հիմնադիր-անդամներից մեկը, այդ անվան և կռունկի պատկերով կրծքանշանի հեղինակը։ Նույն թվականին Արցախի մտավորականների պատվիրակության կազմում մեկնել է Մոսկվա, Կենտկոմ՝ Հայաստանի հետ Արցախի վերամիավորման պահանջով։ Զոհվել է Ստեփանակերտում, երբ բանակցելով, փորձել է ռուս-ադրբեջանական զինված սադրանքից պաշտպանել Ստեփանակերտի փողոցները ելած խաղաղ բնակչությանը։ 1996թ. հետմահու արժանացել է Արցախի Եղիշեի անվան մրցանակի, 2001թ.՝ Արցախի «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի, 2003թ.՝ Արցախի ժողովրդական նկարչի կոչման:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար