ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1984թ. հուլիսի 8-ին, Երևանում: 1999-2001թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի գեղանկարի բաժնում: 2007թ. ավարտել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի գեղանկարի բաժինը, 2010թ.՝ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ասպիրանտուրան և ստացել արվեստագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2007թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: 2010թ-ից դասավանդում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում, ունի դոցենտի գիտական կոչում։ Նրա ստեղծագործությունները բազմաժանր են, գերակշռում են ֆիգուրատիվ կոմպոզիցիաները, դիմանկարները և բնանկարները։ Թեմաների ընտրության հարցում նույնպես հեղինակը չունի սահմանափակումներ։ Հանդիպում են ինչպես ազգային թեմաներով («Բերդ պար», «Գարնան պար», «Վարդավառ» և այլն), այնպես էլ ժամանակակից, առօրեական, հասարակ մարդու՝ արհեստավորների, վաճառականների, ինչպես նաև կենդանական աշխարհի ներկայացուցիչների բազմաբնույթ կերպարներ («Ծաղկավաճառ», «Սրճարան», «Մսագործ», «Զարթոնք», «Ամուսնություն», «Բերքահավաք», «Երգչախումբ», «Պատարագ», «Պարկապզուկ նվագողը», «Շուկայում», «Ֆլեյտահարուհի», «Համերգ», «Ես և նա», «Սիրահարները», «Ձուկ», «Աքլոր», «Վենետիկյան տպավորություններ», «Լեռների ծաղիկները» և այլն), որտեղ բացահայտվում են տվյալ հերոսների հոգեբանական նկարագրերը, ապրումները։ Հաճախ հանդիպում են նաև աստվածաշնչյան թեմայով պատկերներ («Խորհրդավոր ընթրիք», «Քրիստոս և Պետրոս», «Պիղատոս» և այլն)։ Հեղինակել է նաև մի շարք գիտական հոդվածներ: 2011թ-ից ստեղծագործությունները ներկայացվում են «Արամե» պատկերասրահում: Մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների աշխարհի մի շարք երկրներում և արժանացել մրցանակների, դիպլոմների, շնորհակալագրերի: Նկարչի աշխատանքները գտնվում են Վենետիկի Սբ. Ղազար կղզու թանգարանում, ինչպես նաև աշխարհի տարբեր երկրների մասնավոր հավաքածուներում։ 2006թ. արժանացել է ՀՀ նախագահի պետական երիտասարդական մրցանակի՝ «Երգչախումբ», «Մսագործ», «Մանրավաճառ», «Գրիգոր Լուսավորիչ» ստեղծագործությունների համար:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար