ԱՐԱ ԲԵՐՔՅԱՆ

Ճարտարապետ

20 ապրիլ, 1934 - 5 փետրվար, 1994

Արա Բիլեզիկյան

Ծնվել է Բեյրութում: 1951թ. ավարտել է Բեյրութի ֆրանսիական գիմնազիան։ 1952-56թթ ուսանել է Բեյրութի ամերիկյան համալսարանում՝ ճարտարապետություն և ինժեներություն։ 1957թ. տեղափոխվել է Արևմտյան Գերմանիա։ Գերմաներեն է սովորել Մյունխենի Գյոթեի ինստիտուտում։ 1958-61թթ պետական կրթաթոշակով լրացուցիչ ուսանել է Մյունխենի և Աախենի տեխնիկական համալսարաններում։ 1963թ-ից աշխատել է գերմանական տարբեր կազմակերպություններում, ընկերություններում, գլխավորապես Մայնցի տարածքում, որպես ճարտարապետ, շինարարության ղեկավար, նախագծերի հեղինակ։ 1963-64թթ աշխատել է Լենցի ճարտարապետական և ինժեներական ձեռնարկությունում, բարձրահարկ քաղաքաշինություն։ 1965-66թթ եղել է Աախենի տեխնիկական համալսարանի քաղաքաշինության ամբիոնի գիտական աշխատող։ 1966-68թթ աշխատել է Մորմոնների եկեղեցաշինության բաժնում։ 1969թ. ընդունել է Գերմանիայի քաղաքացիություն։ 1969-70թթ աշխատել է Վիտան-Սեքուրիուս շինարարական ձեռնարկությունում, կառուցել են հիվանդանոցներ, այդ թվում՝ 600 մահճակալով «Քեմպերհոֆ» հիվանդանոց Քոբլենցում, ինչպես նաև՝ դպրոցներ։ 1970-72թթ աշխատել է Ֆաուստ շինարարական ձեռնարկությունում, Մայսենհայմում կառուցել են հաշմանդամների համար վերականգնողական կենտրոն: 1971թ-ից կրում է «Բերքյան» ազգանունը։ 1972-85թթ Գերմանիայում եղել է քրիստոնեադեմոկրատական կուսակցության անդամ: 1973-74թթ կրկին աշխատանքի է անցել Լենցում՝ որպես նախագծերի հեղինակ։ 1974-79թթ աշխատել է Կրուպ շինարարական ձեռնարկությունում՝ նախագծերի հեղինակ: 1976թ. Դարմշտադտի տեխնիկական համալսարանում պաշտպանել է «Միջնադարյան Հայաստանի ամրաշինությունը» թեզը՝ ստանալով ճարտարապետության և ինժեներության դոկտորի գիտական կոչում։ 1979-84թթ աշխատել է որպես անկախ ճարտարապետ։ 1988-93թթ աշխատել է Վիսբադենի քաղաքապետարանում որպես ճարտարապետ։ Նրա համառ ջանքերի շնորհիվ 1972թ. վերաբացվել է գերմանահայկական ընկերությունը, որը հիմնադրել էր 1914թ., հայ ժողովրդի մեծ բարեկամ Յ.Լեփսիուսը, սակայն այն լուծարվել էր 1956թ.: Եղել է այդ ընկերության փոխնախագահ, հայ-գերմանական հանդեսի խմբագիր, Հեսենի հայ մշակութային միության հիմնադիր, վարչության անդրանիկ նախագահ, Մայնցի հայկական համայնքի նախագահ, Մյունխենի, Աախենի հայ ուսանողների միության հիմնադիրներից, Ռհայնլանդի և Հեսենի ճարտարապետների միությունների անդամ, Հեսսենի և Հայաստանի հուշարձանների փրկության կոմիտեի փոխնախագահ, Հայաստանի շինարարության նախարարության խորհրդականը Գերմանիայում: Մասնակցել է հայ արվեստին նվիրված գիտաժողովներին՝ Երևանում, Փարիզում, Վենետիկում, հանդես եկել ելույթներով։ Բեյրութում ապրած տարիներին եղել է «Զավարյան» միության անդամ: Հրատարակվել են նրա «Նախագծումը և կառուցումը մերձարևադարձային երկրներում» (1968թ.), «Միջնադարյան Հայաստանի ամրաշինությունը» (1976թ.), «Հռենոսի և Արաքսի միջև» (համահեղինակ՝ Է.Մայեր, 1988թ., 2016թ.), «The art of fortification in Medieval Armenia» (1978թ.), «Influence Arménienne sur l'architecture militaire Allemande du XIIe-XIIIe siècle» (1988թ.) աշխատությունները: Արժանացել է Հայաստանի ազգային գրադարանի «Հակոբ Մեղապարտ» մեդալի (հետմահու)։ Մահացել է Գերմանիայի Վիսբադեն քաղաքում, թաղվել է Փարիզում՝ քրոջ Սեդայի ընտանեկան գերեզմանոցում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար