ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՐՂՈՒԹՅԱՆ

Պետական գործիչ, հրապարակախոս

13 դեկտեմբեր, 1860 - 

Ալեքսանդր Արգուտինսկի, Երկայնաբազուկ

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է Արղության-Երկայնաբազուկներ տոհմի ներկայացուցիչ: Նախնական կրթությունն ստացել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայում: Մասնագիտացել է հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Ուսումն ավարտելուց հետո կատարել է տարբեր տեսակի պետական հանձնարարականներ: Մասնավորապես, նրան է հանձնարարվել Հարավային Կովկասի գյուղական կյանքի տնտեսական հետազոտություններ կատարելը: Հարավային Կովկասի երկաթուղիների վարչության հանձնարարությամբ ուսումնասիրել և կազմել է Բորչալուի գավառի 25-ամյա գործունեության տեղեկագիրը: Թղթակցել է տարբեր ռուսալեզու թերթերի: Առանձին աշխատությամբ հրատարակել է Բորչալու գավառի տնտեսական խնդիրների վերլուծությանը նվիրված ուսումնասիրություն: Մամուլում հանդես է եկել ուշագրավ հրապարակումներով: 1896թ. նոյեմբերի 11-ին ընտրվել է Թիֆլիսի քաղաքային վարչության անդամ: 1899թ. մարտի 22-ին տեղի ունեցած Թիֆլիսի փոխքաղաքագլխի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել՝ մրցակցելով Մ.Շեստակովի, Ե.Խոսրովյանի և Վ.Չերքեզովի հետ: Փոխքաղաքագլուխ է ընտրվել Մ.Շեստակովը: 1901թ. հունվարի 8-ին կրկին ընտրվել է Թիֆլիսի քաղաքային վարչության անդամ, սակայն նահանգապետի կողմից չհաստատվելու պատճառով 1901թ. փետրվարի 24-ին դուրս է մնացել ոչ միայն անդամությունից, այլև փոխքաղաքագլխի պաշտոնից, որը ստանձնել էր 1900թ. փետրվարի 21-ից: Քաղաքային վարչության և խորհրդի անդամության ժամանակ նրա վերահսկողության ներքո են եղել քաղաքի կրթության, առողջապահության և բարեգործության ոլորտները: 1902թ. դեկտեմբերի 16-ին ընտրվել է Թիֆլիսի քաղաքագլուխ, սակայն նահանգային իշխանության կողմից չհաստատվելու պատճառով չի պաշտոնավարել: Նրա ընտրության չհաստատվելը բացասական է ընդունվել քաղաքի հասարակության կողմից, քանի որ ժողովուրդը տեսել էր քաղաքի համար նրա կատարած աշխատանքը: 1907թ. դեկտեմբերի 3-ին կրկին ընտրվել է Թիֆլիսի քաղաքային վարչության անդամ: 1910թ. քաղաքագլուխ Ալեքսանդր Խատիսյանի բացակայության ժամանակ նա ստանձնել է վարչության շինարարական բաժնի ղեկավարությունը: Երկրորդ անգամ փոխքաղաքագլուխ է ընտրվել 1911թ. փետրվարի 28-ին: 1916թ. Թիֆլիսի խորհրդի մայիսի 31-ի նիստի ժամանակ հերթական անգամ ընտրվել է քաղաքային վարչության անդամ 4 տարի ժամկետով: Թիֆլիսում բնակվել է Ալեքսանդրովյան փողոցի թիվ 32 տանը: Մահացել է Թիֆլիսում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար