ՎԻԼԼԻ ՄՈԿԱՑՅԱՆ

Ջութակահար

22 հոկտեմբեր, 1932 - 26 հունվար, 1997

Ծնվել է Երևանում։ Ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, ապա՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և ասպիրանտուրան՝ պրոֆեսոր Հրաչյա Բոգդանյանի ղեկավարությամբ։ Մասնակցել է մի շարք մրցույթների, մասնավորապես՝ երաժիշտ-կատարողների Անդրկովկասյան 1-ին մրցույթ (1960թ., 2-րդ մրցանակ), Ջութակահարների համամիութենական մրցույթ (1961թ.)։ Մի շարք մենահամարգներ և ելույթներ է ունեցել տարբեր համույթների կազմում և նվագախմբերի հետ, ինչպես նաև հյուրախաղերով հանդես է եկել Ուկրաինայում, Վրաստանում, Կուբայում, ԱՄՆ-ում։ 1961-70թթ հանդիսացել է Երևանի կոնսերվատորիայի դաշնամուրային տրիոյի արտիստ և թողարկել է ձայնասկավառակ։ 1971-80թթ հանդիսացել է Երևանի կոնսերվատորիայի լարային կվարտետի արտիստ, 1972-74թթ՝ հեռուստառադիոյի սիմֆոնիկ նվագախմբի կոնցերմայստեր։ Իր հռչակավոր ջութակի կոնցերտը Առնո Բաբաջանյանը նվիրել է Վիլլի Մոկացյանին, ով կոմպոզիտորի՝ ջութակի մասնակցությամբ բոլոր գործերի միակ կատարողն էր Հայաստանում (Ջութակի և դաշնամուրի սոնատ, Դաշնամուրային տրիո, թիվ 3 լարային կվարտետ, Ջութակի կոնցերտ)։ 1978-94թթ հանդիսացել է Երևանի կոնսերվատորիայի լարային նվագարանների ամբիոնի վարիչը, եղել նույն ամբիոնի ջութակի դասարանի պրոֆեսոր և Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի ջութակի դասատու։ 1974-76թթ գործուղվել է Կուբա, որտեղ դասավանդել է Հավանայի Արվեստի ազգային դպրոցում։ Մասնակցել է Լորիս Ճգնավորյանի ղեկավարած՝ ՀՊՖՆ-ի Ավստրիայի հյուրախաղերին: 1974թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։ Մահացել է Երևանում: Վիլլի Մոկացյանի անունով է կոչվել Երևանի Նուբարաշեն համայնքի երաժշտական դպրոցը:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար