ԱՄԱՏՈՒՆԻ ՎԻՐԱԲՅԱՆ

Պատմաբան

Ծնվել է 1956թ. օգոստոսի 17-ին, Հայաստանի Գեղանիստ գյուղում (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։ 1977թ. ավարտել է Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1977-80թթ եղել է Կիրովականի սարքաշինական տեխնիկումի ԼԿԵՄ կոմիտեի քարտուղար, 1980-91թթ՝ ՀԿԿ Կենտկոմի կուսակցության պատմության ինստիտուտի կուսակցական արխիվում ավագ գիտական աշխատող, 1991-2001թթ՝ Հայաստանի հասարակական-քաղաքական կազմակերպությունների փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվի տնօրենի տեղակալը։ 2001թ. նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչության պետ, 2002թ.՝ արխիվային գործի գործակալության պետ։ 2001թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ 2003թ-ից ղեկավարում է Հայաստանի ազգային արխիվը: Հրատարակվել են նրա «Լեռնային Ղարաբաղը 1918-1923թթ, փաստաթղթերի և նյութերի ժողովածու» (1992թ., համահեղինակ), «Նախիջևան-Շարուր 1918-1920թթ, փաստաթղթեր և նյութեր» (1993թ., համահեղինակ), «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ (քաղաքական պատմություն), փաստաթղթերի և նյութերի ժողովածու» (2000թ., համահեղինակ), «Գրիգոր Հարությունյան. Կյանքն և գործունեությունը» (2000թ., համահեղինակ), «Փաստաթղթեր գոյապայքարի և ինքնահաստատման» (2001թ., համահեղինակ), «Հայաստանը Ստալինից մինչև Խրուշչով: Հասարակական-քաղաքական կյանքը 1945-1957թթ» (2001թ.), «Համահայկական խորհրդակցություններ (1912-1920թթ), փաստաթղթերի և նյութերի ժողովածու» (2004թ., համահեղինակ), «Վշտապատում, Հայոց մեծ եղեռնն ականատեսների աչքերով» (2005թ., համահեղինակ) և այլ աշխատություններ: 2011թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2013թ.՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց շնորհվող մրցանակի, 2016թ.՝ Երևանի քաղաքապետի ոսկե մեդալի: