ԼԻԼԻԹ ԲՐՈՒՏՅԱՆ

Լեզվաբան

Ծնվել է 1953թ. օգոստոսի 7-ին, Երևանում: Փիլիսոփա, գիտնական Գեորգ Բրուտյանի դուստրն է: 1970-75թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական լեզուների բաժնում, 1975-79թթ՝ ԵՊՀ ասպիրանտուրայում` «Ընդհանուր լեզվաբանություն» մասնագիտության գծով: 1980թ. ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի, 1992թ.՝ դոկտորի գիտական աստիճան (2003թ-ից՝ պրոֆեսոր): 1979թ-ից դասավանդում է Երևանի պետական համալսարանում, որտեղ 2006թ-ից ռուս բանասիրության ֆակուլտետի ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցման տեսության ամբիոնի վարիչն է: 1984-95թթ եղել է ՀՀ ԳԱԱ Հ.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ավագ և առաջատար գիտաշխատող, 1994-95թթ՝ Մոնթքլեյրի պետական համալսարանի (ԱՄՆ) հրավիրված պրոֆեսոր, 1994-96թթ՝ ՀՀ ԳԱԱ օտար լեզուների ամբիոնի վարիչը: Նրա գիտական հետաքրքրությունների շրջանակը ընդգրկում է ընդհանուր և համեմատական լեզվաբանության, լեզվափիլիսոփայության, հաղորդակցման տեսության, փաստարկման տեսության, գործաբանության, գենդերային լեզվաբանության, ճանաչողական լեզվաբանության, հոգելեզվաբանության, երեխաների խոսքի, տեղանունների և այլ հիմնահարցեր: Հեղինակել է շուրջ 120 գիտական աշխատություններ, որոնք տպագրվել են Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Իտալիայում, Սլովենիայում, Լեհաստանում, Չինաստանում, Նիդեռլանդներում, Ֆինլանդիայում, Ուկրանիայում, Շվեցարիայում, Լիտվիայում և այլ երկրներում: Հրատարակել է ավելի քան 10 գիրք: Գիտական զեկույցներով հանդես է եկել Նիդեռլանդներում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Շվեցարիայում, Լեհաստանում, Լիտվայում, Բելառուսում, Չինաստանում և ալյուր: Անդամակցում է Փաստարկման ուսումնասիրման միջազգային ընկերությանը (Նիդեռլանդներ), Գործաբանության միջազգային ընկերության (Բելգիա), «Լեզու և լեզվաբանություն», «Բանբեր» ամսագրերի խմբագրակազմերին, գիտական աստիճաններ շնորհող մասնագիտացված խորհուրդներին, Միջազգային կենսագրական կենտրոնին (Մեծ Բրիտանիա) և այլն: ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի փորձագետ է, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի իսկական անդամ: 2005թ. արժանացել է «Աշխարհի առաջատար մանկավարժ 2005» (Մեծ Բրիտանիա) մրցանակին, 2009թ.՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության պատվոգրի: