ՀԱՍՄԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Պատմաբան, աղբյուրագետ

Ծնվել է 1950թ. օգոստոսի 8-ին, Երևանում: 1972թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1972-97թթ աշխատել և 2005թ-ից աշխատում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում որպես գիտաշխատող: 1992-93թթ միաժամանակ աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Մերձավոր և Միջին Արևելքի վարչությունում, 1995-98թթ՝ ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպություններին առընթեր ՀՀ մշտական ներկայացուցչությունում և Շվեյցարիայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում (Ժնև): Կատարել է հյուպատոսի պարտականությունները: «Հայատառ թուրքերեն գրականություն» և «Օսմանյան կայսրության մշակույթ» առարկաներ է դասավանդել Երևանի պետական համալսարանում, «Հրաչյա Աճառյան» համալսարանում, զեկուցումներով հանդես եկել միջազգային գիտաժողովներում: Հեղինակել է բազմաթիվ հոդվածներ: 1986թ. ստացել է պատմական գիտությունների թեկնածուի, 2005թ.՝ դոկտորի գիտական աստիճան։ Աշխատությունները նվիրված են հայատառ թուրքական գրականությանը, մատենագիտությանը, պարբերական մամուլին։ Հրատարակվել են նրա «Հայատառ թուրքերեն գրքերի մատենագիտություն 1727-1968» (1985թ.), «Հայատառ թուրքերեն պարբերական մամուլ» (1987թ.), «Հայատառ թուրքերեն գրականությունը» (2001թ., ֆրանսերեն՝ 2012թ.), «Հայատառ թուրքերէն գրքերի և հայատառ թուրքերէն պարբերական մամուլի մատենագիտութիւն (1727-1958)» (քառալեզու, 2005թ.), «Ցուցակ հայերէն ձեռագրերի հայատառ թուրքերէն նիւթերի և հայատառ թուրքերէն ձեռագրերի» (Ա մաս, 2008թ.), «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների իրավահավասարության սահմանադրաիրավական հիմունքները» (ուսումնական ձեռնարկ, 2010թ.), «Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» (մաս Ա-Բ, 2011-12թթ, ռուսերեն, 2012թ., թուրքերեն, 2014թ.) աշխատությունները: 2011թ. արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին («Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» աշխատության համար), 2013թ.՝ ԱՊՀ երկրների Գրան Պրի մրցանակի («Հայերի ներդրումն Օսմանյան կայսրությունում» ռուսերեն աշխատության համար):