ԷԴԻԿ ԶՈՀՐԱԲՅԱՆ

Պատմաբան

5 մայիս, 1939 - 20 հունիս, 2013

Ծնվել է Հայաստանի Բաղաբուրջ գյուղում (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում): 1956թ. ավարտել է Կապանի թիվ 1 միջնակարգ դպրոցը, 1967թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը: 1968թ-ից աշխատել է ԵՊՀ-ում, որտեղ 1993-98թթ եղել է միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի վարիչը, 1998թ-ից՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանը։ Աշխատությունները հիմնականում նվիրված են խորհրդային իշխանության աոաջին տարիներին Հայաստանի միջազգային դրության լուսաբանմանը։ «Սովետական Ռուսաստանը և հայ-թուրքական հարաբերությունները 1920-1922թթ» (1979թ.) գրքում քննարկվում է Թուրքիայի և խորհրդային Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, հանգամանորեն տրված են Մոսկվայի 1919-21թթ ռուս-թուրքական կոնֆերանսների ընթացքը և որոշումները. 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերի վերլուծությունը։ 1987թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1988թ-ից՝ պրոֆեսոր)։ Նրա աշխատությունները վերաբերում են նաև հայ դիվանագիտության պատմության նորագույն շրջանին, հատկապես 1918-22թթ հայ-թուրքական, հայ-իրանական հարաբերություններին, Շարուրի դաշտի և Նախիջևան գավառի հայաթափության և Հայաստանից անջատման հիմնահարցերին, ինչպես նաև եվրոպական որոշ երկրների հետ Հայաստանի առևտրատնտեսական կապերին։ Հեղիանկել է նաև հայ-իրանական հարաբերություններին նվիրված «Սովետական Ռուսաստանը և հայ-իրանական հարաբերությունները (1920-1922թթ)» (1985թ.) մենագրությունը։ Ուսումնասիրել է խորհրդային Հայաստանի առևտրատնտեսական կապերը Եվրոպայի և Մերձավոր Արևելքի մի շարք երկրների հետ մինչև ԽՍՀՄ կազմավորումը։ Հրատարակվել են նաև նրա «1920թ. հայ-թուրքական պատերազմը և տերությունները» (1997թ.), «Ազգամիջյան կռիվները Երևանի նահանգում 1918թ.» (2000թ.), «Նախիջևանյան հիմնահարցը և Հայաստանի «դաշնակիցները» 1918թ. դեկտեմբեր - 1920թ. ապրիլ» (2002թ.), «Նախիջևանյան հիմնահարցը. 1920թ. մայիս - 1921թ. հոկտեմբեր» (2010թ.) «Шарур-Нахиджеван в 1918-19гг (История геноцида нахиджеванских армян)» (2012թ.) աշխատությունները: 2009թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար