Ստեփան Զելինսկի

Ազգագրագետ, տնտեսագետ, պատմաբան

Հակոբ Հակոբյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Ազատ Գասպարյան

Դերասան, ասմունքող

Մարիամ Գրիգորյան

Դերասանուհի

Փոլ Կարմիրյան

Պարող, պարուսույց

 

 

 

 

ՊԱՐՈՒՅՐ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հայագետ, աղբյուրագետ

25 մարտ, 1933 - 20 հուլիս, 2011

Ծնվել է Ախալքալակի Ղադո (հայերեն՝ Փապար) գյուղում։ 1952թ. ավարտել է Ազավրեթի միջնակարգ դպրոցը։ 1953-58թթ սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի արևելյան (պարսկական) բաժնում, 1960-62թթ՝ Հայաստանի ԳԱ ասպիրանտուրայում՝ ուսումնառությունն անցկացնելով Թբիլիսիի պետական համալսարանում։ 1963թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Հայ-վրացական մատենագրական փոխհարաբերությունները 18-րդ դարում» թեմայով։ 1963-70թթ աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի հին գրականության բաժնում, 1970թ.՝ Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, իսկ 1976թ-ից՝ նաև ՀՀ ԳԱ արևելագիտության ինստիտուտում, որտեղ կազմավորել և գլխավորել է կովկասագիտության և բյուզանդագիտության բաժինը։ 1986թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Վրաստանի հայերեն արձանագրությունները. Քարթլի և Կախեթ» թեմայով (1989թ-ից՝ պրոֆեսոր)։ 1989թ. դարձել է Մեսրոպ Մաշտոցի անվան մրցանակի դափնեկիր։ 1991-92թթ ուսումնական տարում կովկասագիտության դասընթաց է վարել Գերմանիայում (Տրիրի համալսարան)։ 2002-03թթ դասավանդել է «Հրաչյա Աճառյան» համալսարանում։ Նշանակալի է նրա վաստակը հայոց միջնադարյան մատենագրության, մշակույթի, ճարտարապետության, պատմական սկզբնաղբյուրների ու վիմագրական հուշարձանների հիմնարար հետազոտությունների բնագավառում։ Հայագիտության համար կարևոր է նրա կողմից «Վրաց ժամանակագրություն»-ը հին վրացերենից հայերենի ամբողջական թարգմանությունն ու հրատարակումը։ «Armeno-Georgica» մատենաշարով հրապարակվել են նրա մենագրությունները՝ «Հայաստանի վրացերեն արձանագրությունները», «Վրաստանի հայերեն արձանագրությունները» (2 հատոր), «Ագաթանգեղոսի հին վրացերեն խմբագրությունները», «Շուշանիկի վկայաբանության հայերեն և վրացերեն խմբագրությունները»։ Հեղինակել է ավելի քան 300 գիտական տպագիր աշխատություն։ Կազմել ու խմբագրել է «Կովկաս և Բյուզանդիա», «Հայագիտական հետազոտություններ», «Հայագիտական մատենադարան», «Հուշարձան» մատենաշարերը, խմբագրել է շատ հայագետների մենագրություններ, կազմել և հրատարակել է անվանի հայագետների գիտական ժառանգությունը ամփոփող ժողովածուներ (Ն.Մառ, Հ.Օրբելի, Լ.Խաչիկյան, Լ.Մելիքսեթ-Բեկ, Ե.Տեր-Մինասյան, Մ.Ներսիսյան և այլք)։ Եղել է գիտական, գիտամեթոդական ու խմբագրական մի շարք խորհուրդների անդամ։ Գիտական զեկուցումներով մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների ու կոնգրեսների ինչպես Հայաստանում, այնպես էլ արտասահմանյան շատ երկրներում, Հայաստանում կազմակերպել է «Քրիստոնյա Արևելք» միջազգային գիտաժողովը և հրատարակել նրա նյութերը։ Մահացել է Երևանում: