Մեսրոպ Փափազյան

Մանկավարժ, եկեղեցական, թատերական գործիչ

Գրիգոր-Միհրդատ Պըյըգլյան

Բանասեր, արևելագետ, իրավաբան

Լևոն Ասլամազյան

Գեղանկարիչ

Կարո Զաքարյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Գաբրիել Էլ-Ռեգիստան

Արձակագիր, բանաստեղծ

Վասիլ Վարդանյան

Բեմանկարիչ, գեղանկարիչ

Վիգեն Խեչումյան

Արձակագիր

Հայկ Խաչատրյան

Արձակագիր

Արման Մանարյան

Կինոռեժիսոր

Եվգենի Վախթանգով

Գեղանկարիչ, բեմանկարիչ

Վրեժ Ներսեսյան

Պատմաբան, աստվածաբան

Արտակ Զիլֆիմյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱՆԱՆԻԱ ՇԻՐԱԿԱՑԻ

Մատենագիր, տոմարագետ, երաժշտագետ

610 - 685

Ծնվել է Հայաստանի Շիրակի գավառի Շիրակավան կամ Անեանք գյուղում, շինականի ընտանիքում: Եղել է ճշգրիտ գիտությունների հիմնադիրը Հայաստանում: Նախնական կրթությունն ստացել է Շիրակավանի Դպրեվանքի դպրոցում, որտեղ դասավանդել են օտար լեզուներ, ճարտասանություն, գրչություն, մանրանկարչություն: Սովորելով «զդպրութիւն մերոյ ազգիս Հայաստանեայց»՝ երազել է ուսումնասիրել «համրողական արվեստը», մտածելով, որ առանց թվի ոչինչ չի հիմնավորվում, և որ թիվն է «մայր ամենայն իմաստից»: Ուսումը լրացնելու նպատակով եղել է Բյուզանդիայի մի շարք քաղաքներում, հաստատվել Տրապիզոնում և ութ տարի ուսանել հույն գիտնական Տյուքիկոսի մեծահամբավ դպրոցում: Հմտանալով տիեզերագիտության, տոմարագիտության, աշխարհագրության, պատմության, փիլիսոփայության բնագավառներում՝ «համարողը» (այդպես են կոչել նրան), «մեծահանճար ուսուցչապետը» 661թ. վերադարձել է հայրենի Շիրակավան, բացել դպրոց, որի հռչակը շուտով տարածվել է ամբողջ երկրում: Մանկավարժական գործունեությանը զուգընթաց զբաղվել է գիտական աշխատանքով, գրել իր բազմարժեք երկերը: Նրա աշխատություններից ամենաինքնատիպը թվաբանության դասագիրքն է: Այն բաղկացած է երկու մասից՝ թվաբան. աղյուսակներից և խնդրագրքից: Մաթեմատիկայի պատմության համար ուշագրավ են նաև խորանցյալում ժողովրդի ստեղծած խրախճանականները (զվարճալի խնդիրներ), որոնք նա է առաջինը գրի առել և, նկատի ունենալով դրանց բարդությունը, զետեղել իր դասագրքի վերջում: Այս աշխատությունն այն բացառիկ դասագրքերից է, որի թվաբանական գործողությունների աղյուսակներն ամենահնագույնն են: Տիեզերագիտության բնագավառում քննել է Արևի, Լուսնի, երկնային համաստեղությունների, աստղերի հետ կապված շատ հարցեր և շարադրել իր ուրույն տեսակետները տիեզերական կարևոր երևույթների մասին: Ոչ միայն Հայոց Մեծ թվականի, այլև «Արարչության» կոչվող թվականներից մեկի հիմնադիրն է: Տոմարի պատմության համար բացառիկ արժեք ունի «Պատճէն տումարի» աշխատությունը, որտեղ նա զուգահեռ է անցկացրել հայկական տոմարի և հարևան ժողովուրդների տոմարական համակարգերի միջև, մեջբերել 14 ժողովուրդների (եբրայական, ասորական, հունական, հռոմեական, եգիպտական, վրացական, իրանական և այլն) ամսանունները և նրանց տոմարական հաշվումները: Գիտնականի շնորհիվ տեղեկություններ են պահպանվել նաև անհետացած որոշ ժողովուրդների (օր.՝ աղվանների) տոմարի մասին: Տոմարական աշխատություններից ամենակարևորը «Քրոնիկոնն» է: Այն պարունակում է 532 տարիների զուգացանկը [հայտնի է «ՇԼԲ (532) աղյուսակներ» անունով], որտեղ տվյալներ են բերված պարբերաշրջանի յուրաքանչյուր Ամանորի, յոթներյակի, վերադրի, քրիստոնեական կարևոր տոների և տոմարական այլ հաշվումների վերաբերյալ: Աշխատության մեջ մի շարքարժեքավոր տեղեկություններ կան նաև հին հայկական նախաքրիստոնեական տոմարի մասին: Նրա զուգացանկը հիմք է ծառայել հետագա դարերում կազմված այլ զուգացանկերի: Տոմարական բովանդակություն ունեն նաև Լուսնի պարբերաշրջանի նրա կազմած աղյուսակները: «Տոմարի մեկնության» մեջ հանգամանորեն անդրադարձել է արարչության, հռոմեական, հրեական, ասորական և այլ ժողովուրդների թվականներին և ծանոթացրել դրանք հաշվելու սկզբունքներին, կազմել մեր ժողովրդի պատմության կարևոր իրադարձությունների թվականները՝ քրիստոնեության մուտքը, գրերի գյուտը, տիեզերական ժողովները և այլն: Հայոց կաթողիկոս Անաստաս Ա Ակոռեցին հանձնարարել է նրան կարգավորել Հայոց տոմարը՝ կազմել անշարժ տոմար, որը, սակայն, կաթողիկոսի վախճանվելուց հետո չի ընդունվել: Տոմարագիտական իր աշխատություններով հայ իրականության մեջ դրել է տոմարի՝ որպես գիտության հիմքը: Այդ աշխատությունները ուղենիշ են հանդիսացել տոմարական բարդ հաշվումների համար և դասավանդվել հայ գրչության դպրոցներում: Տոմարագիտական բնույթի աշխատություններ են նաև Ծննդին և Զատկի տոներին նվիրված Հայտնության և Զատկի ճառերը, որտեղ նա ջանացել է հիմնավորել հիշյալ տոների ամսաթվերը: «Թիւք որչափութեանն» մատենագիտական ցանկում թվարկել է Հին և Նոր կտակարանների գրքերը, յուրաքանչյուրի դիմաց նշել տների քանակը: Նախ կարևորել է եկեղեցու հայրերին, նրանց ուսուցումները, ապա և «բարի փիլիսոփաներին», քանի որ նրանք իրենց ընդունած աստվածության և կենցաղավարության սկզբունքներով հանգունակ են եղել քրիստոնյաներին: Աստծո և բնության հարաբերության հարցերում առաջնայինը համարել է Աստծուն: Նա է ստեղծել ամեն ինչ և նա է կառավարում տիեզերքը: Աշխարհի բոլոր գոյացությունների նախանյութը համարել է Աստծո ստեղծած չորս տարրերը (կրակ, օդ, հող, ջուր): Ըստ նրա, այդ տարրերից յուրաքանչյուրն ունի երկու հատկություն. մեկը հատուկ է տվյալ տարրին, մյուսը՝ իրեն և իրեն զուգակցող (համագոյ) նյութին (օր.՝ օդն ունի ջերմություն և խոնավություն, ջուրը՝ խոնավություն և ցրտություն): Աշխարհը, եզրակացրել է նա, ոչ այլինչ է, եթե ոչ՝ այս չորս տարրերի խառնուրդից բաղկացած միացություն: Բացի այս չորս տարրերից նա ընդունել է և հինգերորդի գոյությունը, որը երկնքում է և կոչվում է եթեր: Ըստ նրա՝ տիեզերքում ամեն ինչ շարժվում է, փոփոխվում: Բնությանը վերագրելով ստեղծարար մեծ ուժ՝ շարժումն է համարել ստեղծագործական ուժի ազդակ: Մարմնի շարժվելով ու փոփոխվելով բնության մեջ ոչինչ չի կորչում, այլ մի ձև կամ որակ փոխվում է մի այլ ձևի ու որակի: Հետևելով հերակլիտյան փիլիսոփայությանը՝ ընդունել է հակադրությունների միասնության և բացասման բացասումի օրենքը: Ամեն մի ծնունդ իր մեջ պարունակում է ոչնչացման սաղմը, ամեն մի ոչնչացում իր հերթին նոր ծննդի սկիզբն է. այս հատկությունների հիման վրա է երկիրը շարունակում պահել իր հավերժական գոյությունը: Նրա համար բնությունը նույնպես այնքան ռեալ է և ստեղծագործող, որքան Աստված: Ընդունելով, որ երկրի վրա կյանքը (կենդանական աշխարհը) ստեղծել է Աստված, գտնում է, որ կենդանիներից մինչև մարդը, մարդկային ուղեղը ստեղծագործական շարժման մեջ գտնվող ռեալ գոյություններ են: Զգացողության հարցում նա այն կարծիքն է պաշտպանել, որ նախնիների (նկատի ունի անտիկ գիտնականներին) մտածողությունը ավելի զարգացած է եղել, քան իր ժամանակակիցներինը: Քննադատել է նախապաշարումները, սնոտիապաշտությունը, կախարդությունը: Հայ իրականության մեջ և ողջ Մերձավոր Արևելքում առաջինն է ամբողջական գծերով ներկայացրել երաժշտական հնչականության մասին ալեքսանդրյան գիտնականների առաջավոր ուսմունքը: Կազմել է ձայնագիտության բացառիկ արժեքավոր ալեքսանդրյան «տասնակարգեան աղիւսակի» հայկական տարբերակը, որով մեծապես հարստացրել է հայ երաժշտագիտությունը՝ ձայների, ձայնամիջոցների և ձայնաշարերի կառուցվածքին վերաբերող նոր գաղափարներով: Հեղինակել է Հինանց ժամանակամիջոցում կատարվող Հարության Աձ-Դկ ութ ծավալուն հարցնակարգերի մեծ մասը, Հոգեգալստյան ու Վարդավառի առաջին օրերի շարականները: Հայտնի է եղել հայ շարականերգության ու ժամագրքի երգեցողությունների հետ կապված հին ու իր ժամանակի ավանդույթների խոր իմացությամբ, ստեղծագործաբար օգտվել դրանցից և նախանշել զարգացման նոր ուղիներ:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար