Ռուբեն Զարդարյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան

Ճարտարապետ

Հոբոս Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Բակուր

Արձակագիր

Գևորգ Կակոսյան

Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան

Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան

Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ԱԼՎԱՐԴ ՂԱԶԻՅԱՆ

Բանասեր

13 դեկտեմբեր, 1930 - 3 հուլիս, 2017

Ալվարդ Ղազարյան

Ծնվել է Հայաստանի Սարիգյուղ գյուղում (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում): 1933թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Գանձակ (Կիրովաբադ): 1947թ. ավարտել է տեղի թիվ 10 հայկական միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որն ավարտել է 1960թ.` Ալթայի երկրամասի աքսորավայրից (1949-56թթ) վերադառնալուց հետո: 1961թ-ից մինչև կյանքի վերջը աշխատել է ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի հայ ժողովրդական բանահյուսության բաժնում, որտեղ 2000-09թթ եղել է բանահյուսության տեքստաբանության բաժնի վարիչը: Ժողովրդագիտական իր գործունեությունը սկսել է բանագետ Արտաշես Նազինյանի ղեկավարությամբ: 1971թ. պաշտպանել է «Հայ ժողովրդական ռազմի և զինվորի երգեր» թեմայով թեկնածուական ատենախոսությունը` նվիրված հայոց երգային բանահյուսության՝ այդ տեսակի ժանրային առանձնահատկություններին, գաղափարական բովանդակությանն ու գեղարվեստաարտահայտչական միջոցների համալիր ուսումնասիրությանը: 1983թ. «Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարով լույս է տեսել նրա՝ Արցախից 1970-ական թվականներին գրի առած հեքիաթների, զրույցների, մանրապատում-զվարճախոսությունների, ավանդությունների, երգերի, մականունների, ասութաբանական բանահյուսության նմուշները, նրա կազմած հայ մշակույթի նշանավոր երախտավոր Գ.Սրվանձտյանի երկերի առաջին հատորը: Հայ բանահյուսական մշակույթի գրառման և արժևորման ոլորտում կարևոր երևույթ է նրա և Ս.Վարդանյանի հավաքած, կազմած և հրատարակած «Բաքվի հայոց բանահյուսությունը» ժողովածուն (2004թ.): Ժողովրդին իր ակունքներին վերադարձնելու առումով ցուցանշական են նրա «Պ.Սևակի «Անլռելի զանգակատան» բանահյուսական հենքը» (1973թ.), «Ղարաբաղի զվարճախոս Պըլը-Պուղին» (1978թ.), «Հայ ժողովրդական սնահավատական զրույցների դասակարգման հարցի շուրջ» (1983թ.), «Устное народно-поэтическое творчество» (1990թ.), «Сасна црер. армянский героический эпос» (1976թ.), «Гардманк. историко-этнографический очерк» (1992թ.), «Հնագույն մի սովորության արձագանքները հայ բանահյուսության մեջ» (1977թ.), «Ականատեսը Վան քաղաքի քսանամյա անցքերի մասին 1877-1897թթ» (1990թ.), «Административный передел внутренних границ Закавказья» (2000թ.), «Ազատագրական պայքարի արտացոլումն արցախահայոց բանահյուսության մեջ» (1995թ.) և այլ հոդվածներ ու հրապարակումներ: Բանագետի ուշադրության կենտրոնում են եղել նաև Հայաստանի ռազմավարության տնտեսական խնդիրներն ու գիտական ժառանգության պատմագիտական մեծ արժեք ներկայացնող կարևոր ձեռագրերը, որոնց տպագրությունն ամփոփված է նրա և Ա.Քալանթարյանի կազմած թիվ 1 և 2 «Վավերագրերում» (1999թ., 2001թ.): Ղարաբաղից և հարակից շրջաններից գրի է առել արժեքավոր բանահյուսական հարուստ նյութեր: Արցախյան ազատամարտի տարիներին (1991-94թթ) լծվել է հարկադրական համրության մատնված արխիվային փաստաթղթերի հայտնաբերմանն ու լուսաբանմանը և գործնական աջակցությամբ օժանդակել է արցախահայությանը («Հայերի կոտորածները Բաքվի և Ելիզավետպոլի նահանգներում 1918-1920թթ», 2003թ., Ս.Միրզոյանի հետ): Հեղինակել է յոթ տասնյակից ավելի գիտական, լրագրային հոդվածներ, գրախոսականներ, հրապարակումներ: Հատկապես ուշադրության են արժանի նշանավոր հայագետ-բանագետներին, հայազգի ռազմական անվանի գործիչներին նվիրված նրա հոդվածները (Գ.Սրվանձտյան, Ե.Լալայան, Խ.Դադյան, Քաջբերունի, Մ.Միանսարյան, Ա.Կիսիբեկյան, զորավարներ Մ.Լորիս-Մելիքյան, Հ.Լազարյան, Ա.Տեր-Ղուկասյան, ծովակալ Լ.Սերեբրյակով, Ս.Կուկունյան, գնդապետ Հ.Մազմանյան և այլք): Կատարել է նաև թարգմանական աշխատանքներ: 1989թ. հրատարակվել է ռուսերենից նրա թարգմանած «Աֆորիզմներ» ծավալուն ժողովածուն, 1998թ.` Լ.Մելիք-Շահնազարյանի «Ադրբեջանի ռազմական հանցագործությունները Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ» աշխատության հայերեն թարգմանությունը: 2015թ. հրատարակել է «Արևմտահայոց պայքարի Արցախի զավակները» աշխատությունը, որը նվիրված է 19-րդ դարի վերջին տասնամյակներում, բալկանյան ժողովուրդների օրինակով, Արևմտյան Հայաստանում ծավալված ազատագրական պայքարին գործուն մասնակցություն ունեցած, Արցախ աշխարհում ծնված ու կրթություն ստացած անհատներին: 1994թ-ից եղել է Արցախի գրողների միության, 1988թ-ից՝ «Արցախ» հայրենակցական միության անդամ: Լուրջ ներդրում է ունեցել հայկական հեքիաթների գիտական հրատարակության և դրանց` ըստ միջազգային սյուժեների դասակարգման գործում: Կազմել և հրատարակել է «Հայ ժողովրդական հեքիաթներ» գիտական հրատարակության 13-րդ (Մուշ-Տարոն, 1985թ.), 14-րդ (Վան-Վասպուրական, 1999թ.) և 16-րդ (Վան-Վասպուրական, 2009թ.) հատորները` օժտված համապատասխան գիտական ծանոթագրություններով: Մահացել է Երևանում: