Նիկողայոս Արղության

Պետական, մշակութային գործիչ

Զապել Պոյաճյան

Գեղանկարչուհի, արձակագիր, դրամատուրգ

Վահագն Գրիգորյան

Արձակագիր, թարգմանիչ

Հրաչյա Բեյլերյան

Բանաստեղծ, թարգմանիչ

Մարինե Պետրոսյան

Դերասանուհի

Աշոտ Մուրադյան

Լուսանկարիչ

Արտակ Հերիքյան

Հաղորդավար, լրագրող

 

 

 

 

ՀՈՎԵՐ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲ

Երգչախումբ

Ստեղծվել է 1992թ. սեպտեմբերին, խմբավար Սոնա Հովհաննիսյանի կողմից, ով այսօր էլ ղեկավարում է երգչախումբը: «Հովեր»-ը բաց է խմբերգային բոլոր ժանրերի համար: Երգչախումբը հանդես է եկել խմբերգային ներկայացումներով, մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային, կամերային ավանդական և փորձարարական նախագծերով (Կոմիտասյան պարերգերի բեմադրություն, «6 առակ», «Զուգահեռ» խմբերգային ներկայացումներ, «Անուշ» օպերայի ադապտացիա, Վահագն Հայրապետյան տրիոյի հետ համատեղ «Ապարանյան երգերի ոչ ավանդական մշակումներ»): Համագործակցում է ՀՊՖՆ-ի, ԵԿՊՆ-ի, ՀՊԵՆ-ի, «Երևանյան հեռանկարներ», «Ոսկե ծիրան», «Կոմիտասյան», «Արամ Խաչատրյան», փառատոնի և մի շարք այլ հայաստանյան նվագախմբերի, երգչախմբերի և փառատոների հետ: «Հովեր» պետական կամերային երգչախումբը ՀՊՖՆ-ի և Էդուարդ Թոփչյանի հետ համատեղ իրականացրել է տասնյակ օպերաներ («Եվգենի Օնեգին», «Տոսկա», «Գեղջկական պատիվ», «Սևիլյան սափրիչ», «Մադամ Բատերֆլայ», «Պայացներ», «Բոհեմ», «Արծվաբերդ», «Սասունցի Դավիթ», «Կրակե օղակ»): Երգչախմբի ծրագիրը բազմազան է և բազմաբնույթ: «Հովեր»-ը հանդիսանում է հայ կոմպոզիտորների մի շարք ստեղծագործությունների ստեղծման նախաձեռնողն ու առաջին կատարողը (Վ.Շարաֆյան, Ա.Ավանեսով, Ա.Ազիզյան, Ս.Երկանյան, Ե.Երկանյան, Ս.Բաբաթորոսյան և այլք): Երգչախումբը ձայնագրել է 7 ձայնասկավառակ, մասնակցել է «Արարատ» (2002թ.), «Արտույտների ագարակը» (2007թ.), «Նամուս» (2005թ.), «Թևանիկ» (2014թ.), «Խոստում» (2017թ.) գեղարվեստական ֆիլմերի, «Պեպո» ներկայացման (երաժշտ.՝ Վ.Շարաֆյան) երաժշտական աշխատանքներին: Երգչախումբը համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Լեհաստանում, Թայվանում, Բելգիայում, Էստոնիայում, Լիտվայում, ԱՄՆ-ում, Լիբանանում, Շվեյցարիայում, Սլովենիայում: Մասնակցել է մի շարք միջազգային երգչախմբային մրցույթ-փառատոների Արեցցոյում, (Իտալիա), Տուրում (Ֆրանսիա), խմբերգային օլիմպիադաի Լինցում (Ավստրիա), հոգևոր երաժշտության փառատոների. «Gaude Mater», «Logos» (Լեհաստան), «Festival van Vlaanderen» (Բելգիա) և «Les Sacrees Journees» (Ֆրանսիա), Վալերի Գերգիևի Զատկի փառատոնի (Ռուսաստան), «Polyfollia» (Ֆրանսիա) և «La Fabbrica del Canto» (Իտալիա) պրոֆեսիոնալ երգչախմբերի ստուգատես-փառատոների, «MustonenFest» (Էստոնիա), «Ludwig van Beethoven Easter Festival» (Լեհաստան), «MIDEM» (Ֆրանսիա), «Beiteddine Art Festival» (Լիբանան), «The International Music Festival of Sion Valais» (Շվեյցարիա), «Emilia-Romagna» (Սլովենիա), «Südtirol» (Իտալիա), «RheinVokal festival» (Գերմանիա), «Просветитель» (Վալաամ) միջազգային փառատոների: Հանդես է եկել «Teatro Dal Verme» (Իտալիա), «Тhéâtre Nanterre-Amandiers», «Cité de la Musique», «Le Quartz» (Ֆրանսիա), «Strathmore Hall», «Carnegie Hall» (ԱՄՆ), «Lincoln Center-Alice Tully Hall» (ԱՄՆ) հեղինակավոր դահլիճներում: Ս.Գուբայդուլինայի, Ռ.Շչեդրինի, Ք.Պենդերեցկու, Գ.Կանչելիի և մի շարք այլ կոմպոզիտորների ստեղծագործությունների «Հովեր»-ի կատարումները արժանացել են բարձր գնահատականների: «Հովեր» կամերային երգչախումբը հանդես է եկել մի շարք մեծանուն երաժիշտների և կոմպոզիտորների հետ (Գ.Կրեմեր, Ա.Մուստոնեն, Ռ.Շերվենիկաս, Դ.Գերինգաս, Ջ.Նելսոն, Մ.Կլաուզա, Բ.Կուտավիչյուս, Լ.Շամբադալ, Ֆ.Հելգաթ): 2009թ. երգչախմբին շնորհվել է պետական կարգավիճակ: 2011թ-ից «Հովերը» ակտիվորեն աշխատում է կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում: Իր գործունեության 20-ամյակի առիթով «Հովեր» կամերային երգչախումբը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալով: 2017թ. արժանացել է «Ծիծեռնակ» մրցանակաբաշխության «Լավագույն նախագիծ» մրցանակին: 2013թ-ից «Հովեր» պետական կամերային երգչախմբի գլխավոր հովանավորությունը ստանձնեց «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, ինչը երգչախմբի համար նոր, կարևորագույն փուլ հանդիսացավ` խթանելով նրա ստեղծագործական գործունեությանը, պայմաններ ստեղծելով իր մտահղացումների և ծրագրերի լիարժեք և բազմակողմանի իրագործման համար: 2017թ-ից երգչախմբի բարեկամների շրջանակը համալրվեց «IDeA» մարդասիրական նախաձեռնության գործընկերությամբ: