ԿԱՐՈ ՍԱՍՈՒՆԻ

Պետական գործիչ, պատմաբան

15 հուլիս, 1888 - 11 օգոստոս, 1977

Վիգեն Գլակ

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սասունի Խուլբ գավառակի Ահարոնք գյուղում՝ Մամիկոնյանների իշխանական տոհմից սերված Ղազարի և հերոսուհի Աննայի (Աննա Մայրիկ) ընտանիքում։ 1901թ. ավարտել է Մուշի Մխիթարյան վարժարանը, 1906թ.՝ Մշո Մուրադ Մխիթարյան վարժարանը, 1912թ.՝ Կ.Պոլսի համալսարանի իրավաբանական բաժինը։ Այնուհետև գործել է Տարոնում։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է հայկական կամավորական շարժման գործուն մասնակից։ 1916թ., երբ ռուսական զորքերը գրավել են Մուշը, Տարոնում նշանակվել է ընդհանուր կառավարիչ և ռազմական խորհրդական, իսկ զորքերը նահանջելիս կարողացել է փրկել շատ գաղթականների և կազմակերպել նրանց անցումը Արևելյան Հայաստան։ 1920թ. մայիսին նշանակվել է Ալեքսանդրապոլի նահանգապետ, մասնակցել տեղում մայիսյան ապստամբության ճնշմանը։ Ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ։ Եղել է Հայ հեղափոխական կուսակցության անդամ, 1921թ. Փետրվարյան ապստամբության ղեկավարներից։ Հայրենիքի փրկության կոմիտեի կազմում եղել է ներքին գործերի նախարար։ Բոլշևիկների կողմից Երևանի վերագրավումից հետո անցել է արտասահման, նախ՝ Փարիզ, ապա՝ Բեյրութ, որտեղ զբաղվել է ստեղծագործական, հրատարակչական աշխատանքով։ Բեյրութում 1962-74թթ եղել է «Բագին» գրական-գեղարվեստական ամսագրի վարիչ խմբագիրը։ Ուսումնասիրել է հայ ագգային-ազատագրական շարժման, Հայոց ցեղասպանության (1915թ.), Հայաստանի Հանրապետության պատմության խնդիրները։ Հրատարակվել են նրա «Սասուն-Մուշի կռիւները 1904թ.» (մասնակցողներու պատմածներէն, 1917թ.), «Տաճկահայաստանը ռուսական տիրապետութեան տակ (1914-18թթ)» (1927թ.), «Ապրիլեան եղեռնը քննական ակնոցով» (1931թ., 1965թ.), «Հրայրի դերը (ակնարկ մը անոր յեղափոխական նկարագրին վրայ)» (1931թ.), «Լեռներու խորհուրդը (պատմվածքներ, 1934թ., 1982թ., 1984թ.), «Գէորգ Չաւուշ (Կենսագրական գիծեր)» (1939թ.), «Հրայրի դերը հայ ազատագրական շարժման մէջ (ակնարկ մը անոր յեղափոխական նկարագրին վրայ)» (1939թ., 1964թ.), «Պատմութիւն Տարօնի աշխարհի» (1957թ., 2013թ.), «Կեանքի յորձանուտին մէջ» (1962թ.), «Պատմութիւն արեւմտահայ արդի գրականութեան» (1963թ.), «Թրքահայաստանը Ա. աշխարհամարտի ընթացքին (1914-18թթ)» (1966թ.), «Սարերու ասլանը (Գէորգ Չաւուշի կենսագրավէպը)» (1966թ., 1983թ.), «Մայիսեան խռովութիւնները եւ թաթարական ապստամբ շրջանները (Հայաստանը 1920թ.)» (1968թ.), «Հայ-թրքական պատերազմը (1920թ.)» (1969թ.), «Քիւրտ ազգային շարժումները եւ հայ-քրտական յարաբերութիւնները (ԺԵ դարէն մինչեւ մեր օրերը)» (1969թ.), «Փետրուարեան ապստամբութիւնը (1921թ.)» (1970թ.), «Յուշեր եւ վկայութիւններ» (1972թ.) գրքերը: Մահացել է Բեյրութում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար