Ավետիք Եվդոկացի

Տաղերգու, եկեղեցական գործիչ

Պըլը Պուղի

Զվարճաբան, առակախոս

Ռուբեն Սիմոնով

Բեմադրիչ, դերասան

Ցոլակ Վարդազարյան

Դիրիժոր, շեփորահար

Գևորգ Ջահուկյան

Լեզվաբան, բանասեր, հայագետ

Սերգեյ Դարոնյան

Գրականագետ

Սոս Սիմավորյան

Արձակագիր, լրագրող

Վահե Քաչա

Արձակագիր

Վլադիմիր Գրիգորյան

Լեզվաբան, բանասեր

Ժորժ Կառվարենց

Կոմպոզիտոր

Բարսեղ Թուղլաճյան

Բանասեր, բառարանագիր

Ռուդոլֆ Խառատյան

Բալետի արտիստ, պարուսույց

 

 

 

 

ՎԱՐԱԶԴԱՏ ՏԵՐՈՅԱՆ

Փիլիսոփա, թարգմանիչ, հրապարակախոս

8 փետրվար, 1887 - 6 փետրվար, 1938

Վարազդատ Դերոյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքի Այգեստան թաղամասում։ Եղել է ազգային-ազատագրական շարժման գործիչներ, ՀՅԴ անդամներ Վազգեն (Տիգրան) և Ժենյա (Զարուհի) Տերոյանների կրտսեր եղբայրը։ Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում։ 1905թ. ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարան։ Ուսանողական ցույցերին մասնակցելու պատճառով հեռացվել է ճեմարանից։ Վերադարձել է Վան, ուր դասավանդել է «Երամյան» և «Սանդխտյան» դպրոցներում։ Վանեցիները գումար են տրամադրել նրան՝ բարձրագույն կրթություն ստանալու համար։ 1909-12թթ սովորել է Սորբոնի համալսարանի փլիսոփայության ֆակուլտետում։ Ուսանել է նաև Գերմանիայում, Ավստրիայում և Իտալիայում։ Սորբոնի համալսարանում նրա ավարտական թեզը եղել է «La biologie d’ Au Comte» («Օ.Կոնտի կենսաբանությունը»), իսկ Բեռլինում փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան ստանալու համար պատրաստել է «Die Soziologischen Grundlagen der Erkenntnis» («Իմացության սոցիոլոգիական հիմունքները») թեզը։ Առաջին համաշխարհային պատերազմը (1914-18թթ) հնարավորություն չի տվել նրան պաշտպանել դոկտորական թեզը։ 1914թ. վերադարձել է Վան, որտեղ դասավանդել է Կեդրոնական վարժարանում։ Մասնակցել է 1915թ. ապրիլ-մայիս ամիսներին Վանի Այգեստան թաղամասի ինքնապաշտպանությանը։ Ընդգրկվել է Ա.Մանուկյանի գլխավորությամբ գործող Վանի նահանգապետարանում։ Վանի 1915թ. հուլիսյան նահանջից հետո Բաքվի «Հայոց մարդասիրական ընկերության հանուն Սբ. Գրիգոր Լուսավորչի» հասարակական և բարեգործական կազմակերպության կողմից հրավիրվել է Բաքու՝ դասավանդելու քաղաքի հայկական թաղամասի հայ գաղթական երկսեռ դպրոցում։ Նույն ընկերության կողմից որպես պատգամավոր մասնակցել է 1916թ. մայիսի 10-ից մինչև 13-ը Պետրոգրադում կայացած հայ փախստականներին օժանդակող կազմակերպությունների համագումարին։ 1918թ. դասավանդել է Թիֆլիսի «Գայանյան օրիորդաց դպրոցում», ապա մանկավարժական կոլեկտիվի կողմից ընտրվել է նույն հաստատության տնօրեն։ 1919թ. Երևանում կայացած հայ գաղթականների ներկայացուցչական ժողովի կողմից ընտրվել է Արևմտահայերի 2-րդ համագումարը նախապատրաստող կոմիտեի կազմում, ապա՝ գործադիր կոմիտեի նախագահ։ Այդ պաշտոնում փորձել է հարթել ՀՀ կառավարության և գեներալ Անդրանիկ Օզանյանի միջև ծագած տարաձայնությունները։ 1919թ. ծառայության է անցել Մերձավոր Արևելքի օգնության ամերիկյան կոմիտեում (Ամերկոմ), ուր տնօրինել է ուսումնական հաստատությունները, որբանոցները և հիվանդանոցները։ Վիճակագրական տեղեկություններ է հավաքել Արևելյան Հայաստանի տարբեր շրջաններում, Թիֆլիսում և Բաթումում ապաստանած հայ գողթականներից։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Հայաստանի Հեղկոմի կողմից նշանակվել է լիազոր Ամերկոմում։ 1922թ. նշանակվել է Ամերկոմի ուսումնական մասի վարիչ, ապա՝ ուսումնական հաստատությունների վերատեսուչ, որտեղ աշխատել է մինչև կազմակերպության լուծարումը։ 1930-31թթ աշխատել է ՀԽՍՀ Գրապալատում՝ որպես միջազգային գրքափոխանակման բաժնի վարիչ։ 1931թ. նրան՝ որպես «անբարեհույս տարր» ազատել են զբաղեցրած պաշտոնից։ Հետագայում աշխատանքի է անցել «Նոր ուղի» ամսագրի խմբագրությունում՝ որպես տեխնիկական քարտուղար։ Սակայն հինգ ամիս անց անհիմն ամբաստանությամբ ձերբակալվել է։ 1933թ. բանտարկությունից ազատվելուց հետո աշխատել է Պետական հրատարակչությունում որպես սրբագրիչ և վարել է օտար լեզուների մասնավոր դասեր։ Նրա գիտական ժառանգությունը բավականին հարուստ է, որոնցից հիշատակելի են. «Բերգսոնի էվոլուցիոն թեորիայի»-ի մասին, «Կանտի պրագմատիզմը», «Սոցիոլոգիայի տեղը փիլիսոփայության մեջ», «Սոցիալիզմ և սոցիալիզմ» և այլն։ Թարգմանել է փիլիսոփայության դասականներ Ռենե Դեկարտի «Քննախոսություն մեթոդի մասին» (1968թ.), Կանտ, Հիպպոլի Տեն և այլն։ Թարգմանել է նաև գեղարվեստական գրքեր. Անատոլ Ֆրանսի «Կարմիր շուշանը» (1946թ.), Բլասկո Իբանյեզի «Պիեր դը Լյուն», Հանրի Բարբյուսի «Կրակը» (1935) և այլն։ Խորհրդային իշխանության տարիներին ձերբակալվել է չորս անգամ (1922թ., 1924թ., 1931թ. և 1935թ.) և ամեն անգամ անհեթեթ մեղադրանքներով։ Մահացել է Մարիինսկում, Ռուսաստանի Նովոսիբիրսկի մարզի Օռլովո-Ռոզովսկյան բաժնի համակենտրոնացման ճամբարում։ 1956թ. հետմահու արդարացվել է: 2006թ. ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը լույս է ընծայել նրա «Գիտական և հրապարակախոսական աշխատություններ» հատորը։