ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՔՅՈՒՐԴՅԱՆ

Պատմաբան, բանասեր, արվեստաբան

9 օգոստոս, 1901 - 30 նոյեմբեր, 1976

Ծնվել է Բուլղարիայի Սիլիստրա քաղաքում: Սովորել է Կ.Պոլսի Սբ. Խաչ և Պերպերյան վարժարաններում, այնուհետև զբաղվել ինքնակրթությամբ։ Ֆիլիպեում (Բուլղարիա) հրատարակել է «Ապագա» և «Շանթ» պարբերականները։ 1923թ-ից բնակվել է ԱՄՆ-ում։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են հայ ազատագրական շարժման («Իսրայել Օրի։ Պատմաքննական ուսումնասիրություն», 1960թ.), վաճառականության («Նյութեր հայ վաճառականության պատմության համար։ Հում մետաքսի վաճառականությունը և հայերը») պատմությունը և առանձին առևտրական տների տոհմաբանությանը, հայկական արվեստին («Փայտափորագրչական մանրանկարչությունը և մանրանկարիչներ հայ տպագրության մեջ», 1938թ.)։ Արժեքավոր է նրա «Գորգը հայոց մոտ» (1947թ.) աշխատությունը, որը հայկական գորգին նվիրված առաջին մենագրությունն է։ Պատմական, ազգագրական և բանահյուսական հարուստ նյութ է պարունակում նրա «Երիզա և Եկեղյաց գավառ» (հ.1, 1953թ.) երկը։ Ուսումնասիրել է նաև Հովհաննես Երզնկացու, Նահապետ Քուչակի, Թորոս ՏարոնացուԹորոս Տարոնեցի։ Կյանքն ու իր տաղերը», 1943թ.) և այլ բանաստեղծ-տաղասացների ստեղծագործությունները։ Թղթակցել է «Բազմավեպին», «Հանդես ամսօրյային», «Շողակաթին», «Էջմիածնին», հայկական այլ, ինչպես նաև եվրոպական և ամերիկյան մի շարք գիտական պարբերականների։ Վենետիկի Մխիթարյաններին է կտակել իր գրական ֆոնդը, հայկական միջնադարյան ձեռագրերի (300) և ազգագրական իրերի հավաքածուն, Ե.Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին նվիրել հարուստ նամականին։ Բազմիցս այցելել է Հայաստան։ 1960թ. Մոսկվայում մասնակցել է Արևելագետների 25-րդ միջազգային գիտաժողովին։ 1975թ. ընտրվել է Վենետիկի Մխիթարյան միաբանության Սբ. Ղազարի կաճառի պատվավոր անդամ։ Մահացել է ԱՄՆ-ի Կանզաս նահանգի Ուիչիտա քաղաքում, թաղվել է Սբ. Ղազար կղզու գերեզմանատանը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար