ԳՐԻԳՈՐ ՕՏՅԱՆ

Պետական գործիչ, հրապարակախոս

9 դեկտեմբեր, 1834 - 6 օգոստոս, 1887

Ծնվել է կոստանդնուպոլսում: Եղել է քաղաքական գործիչ, մանկավարժ Պողոս Օտյանի որդին, արևմտահայ լիբերալ-բուրժուական հոսանքի հիմնադիրներից։ Սկզբնական կրթությունն ստացել է հոր հիմնած դպրոցում։ Ուսումը շարունակել է Փարիզում, ականատես եղել 1848թ. Ֆրանսիական բուրժուական հեղափոխությանը, որը զգալի ազդեցություն է գործել նրա գաղափարական ձևավորման վրա։ 1851թ. վերադարձել է Կ.Պոլիս։ Թղթակցել է «Մեղու» պարբերականին, մինչև 1860թ. զգալի ազդեցություն ունեցել դրա խմբագիր Հարություն Սվաճյանի վրա։ Եղել է լուսավորական-սահմանադրական շարժման ղեկավարներից, մասնակցել Ազգային սահմանադրության մշակմանը։ 1861-64թթ սահմանազատվել է դեմոկրատիզմի դիրքերում գտնվող Հ.Սվաճյանից, ընդհանուր ճակատ կազմել պահպանողականների հետ և արտահայտվել սահմանադրական շարժումն արգելելու օգտին։ Հրապարակախոսական հոդվածներ է տպագրել «Մասիս», «Մասյաց աղավնի», «Մանզումեի էֆքյար», «Մամուլ», «Երկրագունտ» և այլ պարբերականներում։ 1875-76թթ Միդհաթ փաշայի հետ մասնակցել է 1876թ. Օսմանյան սահմանադրությանը։ 1878թ. Բեռլինի կոնգրեսի նախօրեին Կ.Պոլսի հայոց պատրիարքության հանձնարարությամբ մշակել է Արևմտյան Հայաստանի բարենորոգումների ծրագրի նախագիծ («Ծրագիր կազմակերպական կանոնագրի Օսմանյան Հայաստանի»)։ Բացասաբար է գնահատել միջազգային դիվանագիտության շահարկության առարկա դարձած Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածը։ Թուրքական սահմանադրության արգելումից հետո, սահմանադրականների նկատմամբ սուլթան Աբդուլ Համիդ 2-րդ-ի ծավալած հալածանքների պայմաններում, 1880թ. վտարանդվել է Փարիզ, որտեղ ապրել է մինչև կյանքի վերջը։ Մամուլում հանդես է եկել նաև «Վահրամ» կեղծանունով։ Մահացել է Փարիզում, թաղվել է տեղի Պերլաշեզ գերեզմանոցում։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար