Սիրանույշ

Դերասանուհի

Սարգիս Քամալյան

Բանահավաք, արձակագիր, թարգմանիչ

Լևոն Սաղաթելյան

Դրամատուրգ

Համբարձում Պերպերյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Խաչիկ Դաշտենց

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Գուրգեն Շահնազ

Բանաստեղծ

Նվարդ Ասատրյան

Դերասանուհի

Աիդա Հայրապետյան

Թարգմանիչ, գրականագետ

Սերգեյ Առաքելյան

Դերասան, արվեստաբան

Արծվին Գրիգորյան

Ճարտարապետ

Տավրոս Դաշտենց

Կինոսցենարիստ, կինոգետ

Վաչագան Սարգսյան

Գրող, թարգմանիչ

Արթուր Փափազյան

Դաշնակահար

Ֆորշ

Երգիչ, երգահան

Էդուարդ Քալանթարյան

Մարզական մեկնաբան

Հասմիկ Վերդյան

Դերասանուհի

Առաքել Մաղաքյան

Թավջութակահար

Արամ Ավետիս

Արձակագիր, կինոգետ

 

 

 

 

ԳԱԼՈՒՍՏ ՏԵՐ-ՄԿՐՏՉՅԱՆ

Հայագետ, պատմաբան, թարգմանիչ

9 ապրիլ, 1860 - 3 հուլիս, 1918

Գալուստ Տեր-Սարգսյան

Ծնվել է Ծուղրութ գյուղում (Վրաստանի Ախալցխա քաղաքի մոտ): Եղել է տաղասաց, գրիչ և մանկավարժ Հովհաննես Կարնեցու ծոռը։ Սկզբնական կրթությունն ստացել է Ախալցխայի Կարապետյան դպրոցում, 1874-78թթ սովորել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1878-81թթ դասավանդել է Շամախու և Ախալցխայի դպրոցներում, հրապուրվել նարոդնիկական գաղափարներով, մասնակցել նրանց հավաքույթներին։ 1881թ. ավարտական քննություններ է հանձնել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում։ 1884թ. ավարտել է Փարիզի Քաղաքական գիտությունների ազատ դպրոցի հասարակագիտական բաժանմունքը։ Դասախոսություններ է ունկնդրել նաև Մյունխենի համալսարանում։ Դեռևս ուսանողական տարիներին «Մեղու Հայաստանի» լրագրում «Տ.Ս.» ծածկանունով տպագրել է Փարիզի գրական-հասարակական կյանքին, հայ ուսանողների առօրյային, արևելահայ դպրոցի վիճակին, աշխատանքի, աշխատավարձի, հավելյալ արժեքի և դասակարգային պայքարի խնդիրներին, դարվինիզմի հիմունքների քննությանը նվիրված հոդվածներ։ 1885թ. վերադառնալով հայրենիք՝ պաշտոնավարել է Ախալցխայի երկսեռ դպրոցում, այնուհետև, հայկական դպրոցների նկատմամբ ցարական կառավարության հալածանքների պայմաններում, հրաժարվել է աշխարհիկ կյանքից, 1887թ. դարձել Էջմիածնի միաբանության անդամ (դպրի աստիճանով), նվիրվել գիտական գործունեության։ 1888թ., հիվանդության հետևանքով, ընդմիշտ զրկվել է քայլելու ունակությունից։ 1892-94թթ և 1902թ. խմբագրել է «Արարատ» ամսագիրը, որտեղ «Միաբան» ստորագրությամբ տպագրել է բազմաթիվ հայագիտական ուսումնասիրություններ՝ արժանանալով լայն ճանաչման։ Երկար տարիներ գործակցել է Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերությանը և, ուրարտագիտության ու հայ հնագիտության ասպարեզում ունեցած վաստակի համար, 1894թ. ընտրվել է այդ ընկերության թղթակից, իսկ 1900թ-ից՝ իսկական անդամ։ Եղել է հայ գրերի 1500 և հայ տպագրության 400-ամյակի տոնակատարության կենտրոնական հոբելյանական հանձնախմբի նախագահը, «Շողակաթ» գիտական ժողովածուի (1913թ.) խմբագիրը։ Նրա հայագիտական հետազոտությունները բազմաբնույթ են՝ հայ հին մատենագրություն, վիմագրություն, հնագրություն, դրամագիտություն, պատմական աշխարհագրություն, միջնադարյան հայ առակագրություն, ուրարտագիտություն, ազգագրություն և բանահյուսություն, Հայաստանի ճշգրիտ գիտությունների պատմություն և տեսություն, վարքագրություն և վկայաբանություն, աղանդավորական շարժումների արձագանքներ Արևմտյան Եվրոպայում և այլն։ Մեծ է նրա ներդրումը բնագրագիտության և աղբյուրագիտության մեջ։ Ստեփան Մալխասյանցի աշխատակցությամբ կազմել և հրատարակել է Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնեան» (1904թ.), Ստեփան Կանայանի հետ՝ Ագաթանգեղոսի «Պատմութիւն Հայոց» (1909թ.) երկերի քննահամեմատական բնագրերը։ Հայտնաբերել, ուսումնասիրել և հրատարակել է հայ մատենագրությանն անծանոթ կամ կորած համարված բնագրեր՝ Անանիա Նարեկացու «Գիր խոստովանութեանը» (1892թ.), Անանիա Շիրակացու տիեզերագիտական աշխատությունները և խնդրագիրքը («Անանիա Շիրակացի», 1896թ.), «Պետրոս Սյունյաց եպիսկոպոս» (1902թ.), «Ստեփանոս Իմաստասեր» (1902թ.), «Գիրք հերձւածոց» (1902թ.), «Դավիթ Հարքացի» (1903թ.) երկերը։ Զբաղվել է հայ մատենագրության պատմության ուսումնասիրությամբ․ «Խորենացու Պատմության ուսումնասիրություն» (1896թ.) աշխատությամբ ժխտել է Թովմա Արծրունու վկայության վրա հիմնված այն տեսակետը, ըստ որի, Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց»-ը ունեցել է հետագայում կորսված 4-րդ գիրք, պատմահոր և Մար Աբաս Կատինայի առնչությունների հարցը և այլն։ Հայագիտությանը լուրջ նպաստ են նաև «Ղազար Փարպեցու ձեռագրերը» (1902թ.), «Փավստոսի ձեռագրերը» («Zeitschrift für romanische Philologie», 1904թ.), «Տիմոթեոս Կուզի Հակաճառության հայ թարգմանության ժամանակը...» (1908թ.), «Հայ մատենագրության հնագույն թվականները» («Շողակաթ», 1913թ.) աշխատությունները, «Հայկականք» հոդվածաշարը։ Հնագիտությանը և հայ վիմագրությանն են վերաբերում «Ուրարտյան բևեռագրերի լեզուն» (1893թ.), «Աջից ձախ հայ գրություն» («Շողակաթ», 1913թ.) և մի շարք այլ հոդվածներ։ Պահպանված պատառիկների համադրման միջոցով վերականգնել է 5-րդ դարի Աբրահամ Խոստովանողի թարգմանած «Վկայք Արևելից» ժողովածուն («Աբրահամ Խոստովանողի վկայք Արևելից», 1921թ.), որի ազդեցությունը նկատվում է Փարպեցու, Եղիշեի և այլոց երկերի վրա։ Զբաղվել է նաև հին Հայաստանի ճշգրիտ գիտությունների առեղծվածների (կոտորակային թվեր) լուծմամբ, վերականգնել հայ դավանաբանական գրականության պատմության ճշգրիտ ժամանակագրությունը։ Թարգմանել է Է.Ռեկլյուի բազմահատոր աշխարհագրության հայերին ու Հայաստանին վերաբերող հատվածներ, Մ.Լերմոնտովի, Հայնեի, Հաֆիզի, Պետեֆիի շատ ստեղծագործություններ, փոխադրել Պետերսոնի «Բնագիտական և կրոնական աշխարհայացք» աշխատությունը։ Գրել է բանաստեղծություններ և վեպ (անտիպ)։ Հայագիտությանը կարևոր նպաստ են եվրոպացի, ռուս և հայ շատ գիտնականների (Ա.Մեյե, Ֆ.Մակլեր, Ֆ.Կոնիբեր, Ն.Մառ, Ն.Ադոնց, Ղ.Ալիշան, Հ.Տաշյան, Լեո, Գ.Խալաթյանց և ուրիշներ) հասցեագրված նրա հաղորդումներն ու նամակները, որոնցից շատերը չիրականացված հետազոտությունների համառոտ ամփոփումներ են («Գալուստ Տեր-Մկրտչյանի նամակները Նիկողայոս Մառին», 1968թ., «Մնացորդք թղթոց Միաբանի», 1970թ.)։ Կյանքի վերջին տարիներին հայտնաբերել է միջնադարյան զրույցների մի շարք, պատրաստել բնագիրը, սակայն չի հասցրել գրել ուսումնասիրությունը։ Անհայտ հանգամանքներում կորել են նաև նրա աշխատասիրությամբ պատրաստված Կորյունի «Վարք Մաշտոցի» և Շիրակացու տիեզերագիտական մեծ աշխատության բնագրերը։ Ստորագրել է նաև «Միաբան», «ԳՏՄ», «Տ.Ա.» ծածկանուններով։ Նրա արխիվը պահպանվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում։ Մահացել է Էջմիածնում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար