ԵՂԻԱ ՏԵՄԻՐՃԻՊԱՇՅԱՆ

Արձակագիր, բանաստեղծ, փիլիսոփա

8 մայիս, 1851 - 19 հուլիս, 1908

Ծնվել է Կոստանդնուպոլսի Խասգյուղ թաղամասում։ Նախնական ուսումը ստացել է Օհաննես Պատվելիի դպրոցում, ապա ժամանակի լավագույն՝ Խասգյուղի Ներսիսյան վարժարանում՝ աշակերտելով Թովմաս Թերզյանին և Մատաթիա Գարագաշյանին, որոնցից մխիթարյան-գրաբարյան հիանալի գիտելիքներ է ստացել։ Դպրոցում կողք կողքի են նստել Մինաս Չերազի հետ։ Դասընկերներից էր նաև Ռեթեոս Պերպերյանը։ 1866թ. փոխադրվել է Խասգյուղ՝ Նուբար փաշայի նոր հիմնած Շահնազարյան վարժարան։ Այստեղ ուսանելուն զուգահեռ օգնական ուսուցիչ է եղել կրտսեր դասարաններում։ Եղել է մոլի ընթերցասեր։ 1870թ. եղել է Բարձր դռան տպագրության դիվանի անդամ, ուր կարդում էր այնտեղ ուղարկվող ողջ մամուլը, ապա ստանձնում է Հանրօգուտ շինությունների նախարարության վարչական ժողովի քարտուղարի պաշտոնը, որից նույնպես շուտով հրաժարվեց։ 1874թ. մի օրիորդի հանդեպ սիրով լի, որը որոշել էր ամուսնանալ հարուստ մի պաշտոնյայի հետ, հուսահատությունից փորձել է ինքնասպան լինել՝ նետվելով ծովը։ Սակայն ջրի պաղությանը չի դիմացել և դուրս է եկել։ Նույն թվականին մեկնել է Ֆրանսիա՝ Մարսելի Առևտրական բարձրագույն վարժարանում ուսանելու, բայց դրա փոխարեն հրատարակել է «Le Littaeraire et Financier de Marseille» շաբաթաթերթի մի քանի համար՝ Արևմուտքին հայությունը ներկայացնելու ձգտումով։ Այս ընթացքում հանգամանքորեն ուսումնասիրել է նաև պոզիտիվիստ փիլիսոփաների, հատկապես Էմիլ Լիտրեի երկերը։ Ծանոթացել է Ֆրանսիայի նշանավոր գործիչների հետ, այցելել Վիկտոր Հյուգոյին։ 1876թ. վերադարձել է Կ.Պոլիս։ Անդամակցել է կրթական նախարարության թարգմանությանց դիվանին։ Մասնակցել է ընտրողական աշխարհաբարի պայքարին, բայց պահպանողական մամուլը փակվել է նրա առջև։ Տեղ չգտնելով մամուլում՝ սկսել է գրքույկներ հրատարակել։ Առաջինը «Դամբարանն» է (1879թ.)։ 1880թ. «Մասիսը» նրան հրավիրել է աշխատակցելու։ Հակառակ իր դիմադրությանը հասարակական աշխատանքի հանդեպ, թաղական են ընտրել Պեշիկթաշից, 1880թ. երեսփոխան՝ Սթենիա-Ենիքյոյ միացյալ թաղերից։ Առողջությունը անհույս վիճակում է եղել, թերթերից ստացած չնչին հոնարարով է պահպանել գոյությունը։ Նրա վիճակը որոշ չափով բարվոքել է, երբ տեսուչ է նշանակվել Բերայի վարժարաններում և փիլիսոփայություն դասախոսել Հայկական Կրթարանում։ 1882թ. բանախոսելու է հրավիրվել տարեկան բոլոր հանդեսներում։ 1883-89թթ լույս է ընծայել «Գրական և իմաստասիրական շարժումը» հանդեսը, որի նյութերը գրել է ինքը, բացառությամբ, դարձյալ իր կատարած, թարգմանությունների։ 1884թ. Գրիգոր Զոհրապի առաջարկով նրան է հանձնվել Ասիական Ընկերության օրգան «Երկրագունտ» գրական և գիտական հանդեսը։ Այստեղ նույնպես լույս են տեսել նրա բազմաթիվ գրվածքները։ 1886-87թթ մի քանի ամիս խմբագրել է նաև Արևելյան Տնտեսագիտական Միության «Տնտես» հանդեսը, իսկ 1889թ. տպագրել է «Դար» հանդեսը (մեկ համար)։ Ոչ միայ խմբագրել, այլև մի քանի անգամ սրբագրել է նշված հանդեսների նյութերը։ Ավելին, մասնավորապես «Շարժումի» ողջ աշխատանքը իր վրա էր. ոչ միայն խմբագիր ու հեղինակն էր, այլև մատակարար, բեռնակիր, ցրիչ։ Այդ շրջանում աշխատել է նաև ֆրանս-հայերեն բառարանի վրա, որը հրատարակվել է մի քանի անգամ (1886թ., 1894թ., 1896թ., 1930թ.)։ 1890թ. կորցրել է մորը և մնացել մենակ։ Տարիներ առաջ էլ կորցրել էր հորը։ Մինչև 1893թ. շարունակել է դասավանդել փիլիսոփայություն, փիլիսոփայության պատմություն, պատմության փիլիսոփայություն, հին ու նոր գրականությունների պատմություն, մանկավարժություն, էսթետիկա, հոգեբանություն։ 1893թ. առժամանակ դադարել է գրել, ինքնասպանության երկրորդ անհաջող փորձն է կատարել։ Նրան փրկել է մակույկավար Պետոն՝ Սուրեն Պարթևյանի եղբայրը։ Աշնանը տեղափոխվել է Խասգյուղի իրենց սեփական տունը և սկսել նորից գրել, տպագրվելով հատկապես «Ծաղիկ» հանդեսում։ 1895թ. Բերայում ծանոթացել է հունգարուհի Էլեն Նիսընի հետ, որը դարձել է նրա հետագա կյանքի ուղեկիցը։ Նրա տանը երկու տարի բնակվելուց հետո մեկնել է Ժնև, ապա՝ Վիեննա։ Ճամփորդությունը չի ապաքինել նրան, սակայն վերսկսել է հանդես գալ մամուլում։ Չորսամյա լռությունը խախտել է «Բյուզանդիոնում» լույս տեսած «Մեր Պոսֆորը: Հանդես է եկել մի շարք գրական անուններով՝ Պիծակ, Գրասեր, Ատոմ, Ա.Ազատախոհյան, Մոնագն, Թևանիո, Մելանիա, Նուրանիա, Ճին Հակոբ, Մշակ, Շարժյանց, Հուր Հարյան, Զ.Խայթունի, Ճգնավոր և այլն»։ 1901թ. հիվանդությունը սրվել է, փոխադրվել է Ազգային հիվանդանոց, ուր մնացել է մոտ մեկ տարի։ Նրան հոգատարությամբ խնամել է Էլեն Նիսընը։ Մահացել է Կոստանդնուպոլսում, կորցնելով հոգեկան հավասարակշռությունը, ինքնասպան է եղել։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար