Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ՍՏԵՓԱՆՈՍ ԼԵՀԱՑԻ

Թարգմանիչ, փիլիսոփա, աստվածաբան

17-րդ դար - 1689

Ստեփանոս Լվովցի, Իլովացի

Ծնվել է Լվովում: Կրթություն է ստացել Լվովում, հմտորեն տիրապետել լատիներեն և լեհերեն լեզուներին։ Տեղափոխվել է Էջմիածին, դարձել միաբանության անդամ, ձեռնադրվել վարդապետ։ Կատարելագործել է հայերենի իր իմացությունը և եռանդագին մասնակցել մտավոր-գրական շարժմանը՝ վաստակելով «քաջ հռետորի», «անհաղթ փիլիսոփայի» և «ներհուն թարգմանչի» համբավ։ Նրա թարգմանած առաջին հայտնի գործը 15-րդ դարում կազմված և կաթոլիկական երկրներում տարածված «Հայելի վարուց» բարոյախրատական զրույցների ժողովածուն է (թարգմանվել է լեհերեն 1651թ., հրտ.՝ «Գիրք հայելի վարուց որ ասի հարանց վարք», 1702թ.)։ Նրա թարգմանությունների շարքում առանձնահատուկ կարևորություն ունի Հովսեպոս Փլավիոսի «Հրեական պատերազմի մասին» գիրքը (թարգմանվել է լատիներեն 1660թ., հրտ.՝ «Գիրք պատմութեանց Յովսեպոս Եբրայեցւոյ արարեալ յաղագս պատերազմի Հրեէից ընդ Հռովմայեցիս, և աւերման Երուսաղեմի», 1787թ.)։ Լատիներենից թարգմանել է Պրոկլ Դիադոքոսի «Գիրք պատճառաց»-ը (մոտ 1660թ., հրտ.՝ «Գրգուկ որ կոչի պատճառաց», 1750թ.), որը հայկական դպրոցներում օգտագործվել է որպես փիլիսոփայության դասագիրք։ Նրան է պատկանում Կեղծ Դիոնիսիոս Արեոպագացու «Յաղագս երկնայնոցն քահանայապետութեան», «Յաղագս եկեղեցական քահանայապետութեան», «Յաղագս աստուածայնւոցն անուանց», «Յաղագս խորհրդական աստուածաբանութեան» աշխատությունների, 11 «Թղթերի», «Պատմութեան» և նշված աշխատությունների՝ Մաքսիմոս Խոստովանողի կատարած մեկնությունների թարգմանությունները (թարգմանվել է լատիներեն, մինչև 1662թ., Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան)։ Նշված գործերը դեռ 8-րդ դարում հունարենից թարգմանել էր Ստեփանոս Սյունեցին, սակայն թարգմանությունը թերի էր և դժվարամատչելի։ Կեղծ Դիոնիսիոս Արեոպագացու երկերը բաժանել է գլուխների՝ յուրաքանչյուր գլխից առաջ համառոտակի շարադրել դրա բովանդակությունը, Մաքսիմոս Խոստովանողի մեկնությունները լրացրել այլուստ քաղած մտքերով, կատարել խմբագրական փոփոխություններ։ Ենթադրվում է, որ նա է թարգմանել Արիստոտելի «Հոգու մասին» աշխատությունը։ Նա լատիներենից վերաթարգմանել է նաև Հովհան Անգլիացու «Համառօտ հաւաքումն յաղագս հոգւոյ և զօրութեանց նորին» երկը (մինչև 1668թ.), որը 1337թ. թարգմանել էր Հակոբ Բռնեցին։ Նրա թարգմանչական բեղուն գործունեության ամենալուրդ արգասիքը Արիստոտելի «Մետաֆիզիկա»-ի թարգմանությունն է (թարգմանվել է լատիներեն մինչև 1675թ.), այդ երկը մինչ այդ թարգմանվել էր միայն արաբերեն և լատիներեն։ Նաև երկու անգամ մեկնել է այն, որը մեզ է հասել երկու տարբերակով՝ ձեռագրերի մի խմբում այն սփռված է Արիստոտելի երկի լուսանցքներում, իսկ մյուս խմբում՝ նրանից հետո որպես ինքնուրույն աշխատություն («Լուծմունք գրոցն Մեթաֆիզիքոց Արիստոտէլի Ստագրացւոց...»)։ Լատիներենից թարգմանել է նաև «Իմաստութիւն Յեսուայ որդւոյ Միրաքայ» (մինչև 1666թ.), «Ղուրան» (մինչև 1680թ.), «Բուրաստան աղօթից» (կցել է հայ հեղինակների աղոթքներ, հրտ.՝ 1685թ.) և այլ կրոնական բնույթի գործեր։ «Մաղթանք իբր յիշատակարան ըստ անուան թարգմանողին» չափածո ստեղծագործությունից բացի, հավանաբար հորինել է չափածո այլ գործեր ևս։ Նրա բանաստեղծական փայլուն ձիրքի վկայությունն են մի ձեռագրում սփռված թարգմանական չափածո ստեղծագործությունները, որոնցից հատկանշական է «Երգ ոտանաւոր առ Յիսուս Քրիստոս արարեալ սրբոյն Բեռնարտոսի» ծավալուն ստեղծագործությունը։ Թողել է փիլիսոփայական ինքնուրույն աշխատություններ, որոնցից ամենաարժեքավորը և ընդհանրապես 17-րդ դարի հայ փիլիսոփայական մտքի անուրանալի նվաճումն է «Բանք իմաստասիրականք և աստուածաբանականք...» ծավալուն բառարանը (մինչև 1662թ.)։ Բառարանում տրված են ժամանակի փիլիսոփայական, աստվածաբանական, հասարակական-քաղաքական, գեղագիտական, բարոյագիտական առավել կարևոր կատեգորիաներն ու հասկացությունները՝ տարբեր աղբյուրներից քաղած բացատրություններով։ Որակական նոր քայլ է կատարել Արիստոտելի փիլիսոփայության յուրացման, տարածման ու զարգացման ուղղությամբ՝ շարունակելով Դավիթ Անհաղթի ավանդույթները։ Նա փիլիսոփայության հիմնական հարցը լուծել է իդեալիստորեն, ամեն ինչի արարիչ և շարժման պատճառ է համարել Աստծուն։ Շարժումը, նրա կարծիքով, հատուկ է միայն երկրային մարմիններին, որոնք բաղկացած են չորս տարրերից (հող, ջուր, օդ, կրակ)։ Ընդ որում երկրային մարմինների շարժման աղբյուրը դրանց ներհատուկ հակասություններն են. «ամենայն որ ինչ ծնանի ի ներհակէն ծնանի»։ Քանի որ շարժումը ձևի կատարելագործումն է, ապա երկնային մարմինները ունենալով կատարյալ ձև, չեն շարժվում, իսկ երկրայինները, զուրկ լինելով դրանից՝ անվերջ շարժվում և փոփոխվում են, ձգտում ձևի կատարելագործման։ Բնությունն, ըստ նրա, գոյությամբ նախորդում է մարդուն, անկախ է նրա գիտակցությունից և պայմանավորում է գիտակցության գոյությունն ու բովանդակությունը։ Ընդունելով հանդերձ, որ մարդկային կամքը շարժողը նույնպես Աստվածն է, նա այնուամենայնիվ, չի մերժում մարդկային կամքի ազատությունը, Աստված մարդու բոլոր քայլերը չի կանխորոշել, այլ հնարավորություն է ընձեռել անձամբ փորձել ու համոզվել, թե ինչն է ճիշտ և ինչը սխալ։ Հատուկ քննության է ենթարկել իմացաբանության հետ կապված հարցեր, որովհետև, նրա կարծիքով, ճանաչողության նպատակը ճշմարտությունն է, իսկ առանց ճշմարտության ճանաչման մարդը չի կարող գործել։ Իմացաբանական հարցերը քննելիս, ընդհանուր առմամբ դրսևորելով մեխանիստական, մետաֆիզիկական մոտեցում, երբեմն կատարել է դիալեկտիկական կռահումներ։ Ըստ նրա, ճշմարտությունը հարաբերական է, կախված է կոնկրետ պայմաններից և հանգամանքներից։ Հարաբերական են ոչ միայն բարոյական, այլն հասարակական, անգամ, բնական օրենքները, թեև վերջիններս՝ պակաս չափով. «Օրենք բնականք միշտ և ամենայն ուրեք ունին զնոյն զօրութիւն, բայց պատահմամբ վասն իմիք կարեն ալյափոխիլ»։ Բնությունն համարելով սկզբունքորեն ճանաչելի՝ ընդունել է ճանաչողության երեք աստիճան՝ արտաքին զգայություն (տեսողություն, լսողություն, համ, հոտ, շոշափելիք), ներքին զգայություն [հասարակ զգայություն (ընկալում), երևակայություն (մտապատկեր), հիշողություն, կարծիք, տրամախոհություն] և բանականություն։ Ճանաչողության աստիճանները համարելով միասնական և փոխկապակցված, նախապատվությունը տվել է բանականությանը, որը, նրա կարծիքով, տալիս է կայուն և հավաստի գիտելիք։ Նա նկատելի հետք է թողել 17-18-րդ դարերի հայ փիլիսոփայական մտքի վրա։ Մահացել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին):