ՇԵՐ

Երգչուհի, դերասանուհի

Շերլին Սարգսյան

Ծնվել է 1946թ. մայիսի 20-ին, ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Էլ Սենթրո քաղաքում: Հայրը՝ Ջոն Փոլ Սարգսյանը, եղել է ամերիկահայ բեռնատարի վարորդ, իսկ մայրը՝ Ջորջիա Հոլթը՝ դերասանուհի, ով բնիկ ամերիկյան, անգլիական և ֆրանսիական ծագում ուներ: Ծնողները բաժանվել են, երբ նա փոքր է եղել: 16 տարեկան հասակում տեղափոխվել է Լոս Անջելես: 1962թ. հանդիպել է Սոնի Բոնոյին, ով աշխատում էր որպես երաժշտական պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորի օգնական: Ամուսնանալով Սոնիի հետ` աշխատանքի է անցել Սպեկտորի ստուդիայում` որպես բեք-վոկալ: 1964թ. ձայնագրել է առաջին «Ռինգո, ես քեզ սիրում եմ» երգը: 1970-77թթ ամերիկյան «CBS» հեռուստաընկերությամբ Սոնիի հետ վարել է «Սոնի և Շեր» շոու-ծրագիրը, որն ավարտվել է նրանց բաժանման պատճառով: 1983թ. Մերիլ Սթրիփի հետ նկարահանվել է «Սիլքվուդ» ֆիլմում, որի համար ներկայացվել է «Օսկար» մրցանակի: Նկարահանվել է բազմաթիվ այլ գեղարվեստական ֆիլմերում` «Լավ ժամանակներ» (1967թ.), «Ողջախոհություն» (1969թ.), «Դիմակ» (1985թ.), «Կասկածյալը» (1987թ.), «Իսթվիքի վհուկները» (1987թ.), «Լուսնի իշխանությունը» (1987թ.), «Ջրահարս» (1990թ.), «Խաղացողը» (1992թ.), «Պրետ-ա-պորտե» (1994թ.), «Հավատարիմը» (1996թ.), «Թեյել Մուսոլինիի հետ» (1999թ.), «Քեզանից կախված» (2003թ.), «Ծաղրածու» (2010թ.), «Կենդանաբանական այգու աշխատակիցը» (2011թ.) և այլն: 1988թ. «Լուսնի իշխանությունը» ֆիլմի համար արժանացել է ԱՄՆ կինոակադեմիայի «Օսկար» մրցանակին՝ որպես «Տարվա լավագույն դերասանուհի»: 1989թ. երգչուհու «If I Could Turn Back Time» տեսահոլովակը արգելվել է ցուցադրվել «MTV» երաժշտական ալիքով` բաց տեսարանների համար: 1996թ. սկսել է ռեժիսորական գործունեությունը և նկարահանել է «Եթե պատերը կարողանային խոսել» ֆիլմը, որի համար ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի: 1998թ. թողարկել է «Believe» ձայնասկավառակը, որի համար ներկայացվել է «Գրեմմի» երաժշտական մրցանակի ու արժանացել «Լավագույն պարային ձայնագրում»: 1999թ. սկավառակը վաճառվել է 10 միլիոն օրինակով: Նույն թվականին լույս է տեսել նրա գրած «Առաջին անգամ» գիրքը, որտեղ պատմում է, թե ինչքան դժվար է ապրելը մեգաաստղի համար: 1993թ. այցելել է Հայաստան և իր հետ բերել 2,5 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն՝ դեղորայք, բժշկական սարքեր և սնունդ: Այցելել է մանկատներ, մանկական հիվանդանոցներ և տեսնելով հիվանդ երեխաներին՝ ծանր տպավորությունների պատճառով հրաժարվել է նախագահի և Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ հանդիպելուց: 2002-05թթ ունեցել է 325 մենահամերգ, ավելի քան 20 երկրում: 2008-11թթ պայմանագիր է կնքել և երգել Լաս Վեգասում: 2010թ. մեծ էկրանին է հայտնվել «Բուրլեքս» մյուզիքլը, որտեղ կատարել է «You Haven’t Seen The Last Of Me» երգը, որի համար արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի: Սահմանել է ռեկորդ` դառնալով առաջին երգչուհին, ում երգերը վեց տասնամյակ շարունակել են գլխավորել ամերիկյան հիթ-շքերթները: Թողարկել է շուրջ 40 երաժշտական սկավառակ, նկարահանել է բազմաթիվ տեսահոլովակներ: Արժանացել է նաև մեկ Էմմի, երեք Ոսկե Գլոբուս և այլ հեղինակավոր մրցանակների: 1992թ. նրա մոմե արձանը դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում՝ որպես «պատմության մեջ ամենագեղեցիկ 5 կանանցից մեկը»: Երգչուհուն հաճախ անվանում են «Փոփի Աստուածուհի»: