
Սիմեոն Ապարանցի
Պատմաբան, բանաստեղծ

Սիմոն Վրացյան
Պետական գործիչ, հրապարակախոս

Էլիզա Բինեմեճյան
Դերասանուհի

Գուրգեն Ավետիսյան
Քանդակագործ, գեղանկարիչ

Զուլում Գրիգորյան
Գեղանկարիչ

Երվանդ Ղազանչյան
Բեմադրիչ

Զավեն Սարգսյան
Լուսանկարիչ

Էդուարդ Զորիկյան
Երգահան, երգիչ

Արմեն Բարսեղյան
Դերասան, բեմադրիչ

Կարեն Խաչատրյան
Մնջախաղաց, պարող

Տիգրան Դանիելյան
Հաղորդավար, լրագրող
ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ

22 մայիս, 1924 - 1 հոկտեմբեր, 2018
Շահնուր Վաղինակ Ազնավուրյան
Ծնվել է Փարիզում (Սեն Ժերմեն դես Պրես): Հայրը՝ Միշա Ազնավուրյանը ծնվել է Ախալցխայում, արմատներով Էրզրումից, իսկ մայրը՝ Քնար Բաղդասարյանը, Իզմիրից էր, Հայոց ցեղասպանության ականատես փրկվածներից: Կնոջ հետ միասին, ով դերասանուհի էր, Միշան ծանոթացրեց որդուն թատրոնի աշխարհի հետ վաղ տարիքից: Շառլը թողեց դպրոցը 9 տարեկանում՝ արդեն տարված լինելով արտիստի կյանքով: Այդ տարիներին սկսել է հանդես գալ «Ազնավուր» բեմական անունով: 1940-ականներին Պիեռ Ռոշի հետ հանդես է եկել Կաբարեում: 1944թ. առաջին «Ես հարբած եմ» երգը, Ժորժ Ուլմյերի կատարմամբ, արժանացել է «Տարվա ձայնապնակ» մրցանակին, սակայն Ազնավուր-կատարողին հանդիսատեսը երկար ժամանակ չի ընդունել: Երգչի աստեղային ժամը եկել է 1946թ., երբ Էդիթ Պիաֆը, լսելով նրա երգեցողությունը, պայմանավորվել է տանել նրան իր հետ Ֆրանսիայում և ԱՄՆ-ում շրջագայությունների: 1956թ. Փարիզի «Օլիմպիա» դահլիճում հաջող ելույթ ունենալուց հետո, համաշխարհային ճանաչում է ձեռք բերել: «Ֆրանսիան ազնավուրացված է»,- գրել է ֆրանսիական մամուլը: Հեղինակել է շուրջ 1000 երգ, որոնց մի մասը երգահան Ժորժ Կառվարենցի համահեղինակցությամբ են, այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մամա», «Բոհեմ», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն: Դրանց կատարողներից են եղել Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Հուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք: Վաճառել է ավելի քան հարյուր միլիոն ձայնապնակ: Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն` ճանաչվել է «Դարի արվեստագետ»` 149 հազար ձայնով: Նկարահանվել է բազմաթիվ համաշխարհային ճանաչված ֆիլմերում՝ «Գլուխը պատին» (1958թ.), «Կրակեք դաշնակահարի վրա» (1960թ.), «Սատանան և տասը պատվիրանները» (1962թ.), «Արարատ» (2002թ.) և այլն: Գրել է «Ազնավուրն Ազնավուրի մասին» (1975թ.), «Անցած օրեր» (2004թ.) հուշագրությունները: 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո, հիմնադրել է «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական հիմնադրամը և անգնահատելի օգնություն ցուցաբերել Հայաստանին և աղետի գոտուն: Բազմիցս համերգներով հանդես է եկել Հայաստանում (1964թ., 1996թ., 2006թ., 2014թ.): Հայկական թեմաներով են նրա «Քեզ համար, Հայաստան», «Նրանք ընկան» (Հայոց ցեղասպանության (1915թ.) 60-ամյակին), «Ինքնակենսագրություն», «Քնքուշ Հայաստան» երգերը: Դստեր՝ Սեդա Ազնավուրի հետ հայերեն կատարել է Սայաթ-Նովայի «Աշխարհումս» երգը:
2011թ-ից սկսվել է երգչի նոր համաշխարհային շրջագայությունը՝ «Aznavour en Toute Intimité» խորագրով: Նույն թվականին թողարկված նոր՝ «Aznavour toujours» ձայնասկավառակը Ֆրանսիայի և Բելգիայի հիթ-շքերթներում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը: Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի մի շարք բարձրագույն պետական պարգևների: 1997թ. արժանացել է Ֆրանսիայի «Պատվո սեզար» պետական պարգևի, նաև պարգևատրվել է Արցախի «Գրիգոր Լուսավորիչ» և «Թեքեյան» մշակութային միության ադամանդակուռ «Արարատ» շքանշաններով: Գյումրիում կանգնեցված է Շառլ Ազնավուրի արձանը` իր իսկ անվան հրապարակում, նրա անունով է կոչվել Երևանի հրապարակներից մեկը, Վաղարշապատի դրամատիկական թատրոնը: 2004թ. նրան շնորհվել է ՀՀ Ազգային Հերոսի պատվավոր կոչում: Նույն թվականին Ազնավուրի մոմե արձանը դրվել է Մադամ Տյուսոյի թանգարանում: 2009թ. Երևանում բացվել է Ազնավուրի թանգարանը: Նույն թվականից եղել է Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչն ու Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը: Եղել է նաև Հայաստանի մշտական դեսպանը ՅՈՒՆԵՍԿՈ-ում: 2017թ. Հոլիվուդի «Փառքի ծառուղում» բացվել է նրա անվանական աստղը: Երգիչը վերջին անգամ համերգային ծրագրով հանդես է եկել 2018թ. սեպտեմբերի 19-ին Ճապոնիայի Օսակա քաղաքում: Մահացել է Ֆրանսիայի Մուրիես համայնքում: