ՍԻՄԵՈՆ ԵՐԵՎԱՆՑԻ

Պատմաբան, եկեղեցական, պետական գործիչ, տպագրիչ

11 մարտ, 1710 - 26 հուլիս, 1780

Ամենայն հայոց 115-րդ կաթողիկոս

Ծնվել է Երևանում: Նրա ուսումնառությունն ու հոգևոր ողջ գործունեությունը կապվում են Սբ. Էջմիածնի և Հայ առաքելական եկեղեցու հետ։ 1752թ. եղել է վարդապետ, 1759թ.՝ եպիսկոպոս։ 1756թ. տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որտեղ և շարունակել է հոգևոր գործունեությունը։ Եղել է նվիրակ Կոստանդնուպոլսում, այնուհետև՝ Մադրասում։ 1763թ. մարտի 21-ին վախճանվել է Հակոբ Ե Շամախեցի կաթողիկոսը և մեկ ամիս անց՝ ապրիլի 20-ին նրան օծել են իբրև ամենայն հայոց կաթողիկոս։ Կաթողիկոս ընտրվելուց հետո ամրապնդել է Էջմիածնի կաթողիկոսության քաղաքական դերը, հեղինակությունն ու նյութական բարեկեցությունը, հետևողական պայքար մղել հայ եկեղեցու միասնության համար, դադարեցրել կաթոլիկության քարոզները Ախալցխայում, Ալաշկերտում, Բայազետում։ Իրանական և թուրքական տիրապետության տիրապետության պայմաններում քաղաքական նկատառումներով ստիպված է եղել դատապարտել Հայաստանի ազատագրման Հովսեփ Էմինի ծրագիրը, ապա նաև Մադրասի խմբակի գործունեությունը։ Սակայն դեմ չի եղել Հայաստանի ազատագրմանը որևէ հզոր քրիստոնեական պետության օգնությամբ, և այդ նպատակով կապ է հաստատել ռուսական արքունիքի հետ։ Էջմիածնի կաթողիկոսության իրավունքը Ռուսաստանի հայկական թեմի նկատմամբ վերականգնելու համար՝ 1766թ. օգոստոսի 1-ի կոնդակով դիմել է կայսրուհի Եկատերինա 2-րդ-ին, ով 1768թ. հրովարտակով հաստատել է այն։ Աշխուժացրել է Էջմիածնի դպրոցի գործունեությունը, հիմնել Էջմիածնի տպարանը (1771թ.) և թղթի գործարան (1776թ.)։ Հեղինակել է կրոնական, փիլիսոփայական, պատմական բնույթի մի շարք երկեր։ Հայաստանի տնտեսական կյանքի և հողային հարաբերությունների պատմության ուսումնասիրության արժեքավոր սկզբնաղբյուր է հատկապես 25 գլխից բաղկացած նրա «Ջամբռ» (1873թ.) աշխատությունը, որտեղ համառոտակի շարադրել է Հայոց եկեղեցու պատմությունը, նախորդ կաթողիկոսների գահակալման տարիները, հակաթոռ կաթողիկոսությունների և պատրիարքությունների անջատողական գործունեության հասցրած վնասը և այլն։ Մի շարք գլուխներում ներկայացնում է Հայոց տերունի (Մայր աթոռին անմիջաբար հարկատու) և առաջնորդական վիճակները, դրանց սահմանները, բնակավայրերը, հասույթների գանձման կարգը, կաթողիկոսի իրավունքներն ու արտոնությունները, Աղվանից (Գանձասարի), Աղթամարի և Կիլիկիայի կաթողիկոսությունների սահմանափակ իրավասությունները։ Երկի 20-24-րդ գլուխներում բերված է իրանական և թուրքական իշխանություններից Հայոց եկեղեցուն (Էջմիածնին) շնորհած հրովարտակների, հրամանագրերի, պաշտոնագրերի բովանդակությունը։ Վերջին գլուխը նվիրված է Երևանի խանության 21 վանքերին։ «Ջամբռը» հայ պատմագրության աչքի ընկնող հուշարձան է։ 1958թ. հրատարակվել է ռուսերեն, Ստեփան Մալխասյանի թարգմանությամբ։ Դավանաբանական «Գիրք որ կոչի Պարտավճար» (1779թ.), «Գիրք որ կոչի լուծումք արտաքնոց» (անտիպ) երկերը, «Յիշատակարանը» («Դիվան հայոց պատմութեան», հ.8, մաս 2, 1908թ.) և մյուս գործերում արտահայտված փիլիսոփայական հայացքները վկայում են, որ հայ ավատական դասի շահերի և գաղափարախոսության պաշտպան է, կրոնաիդեալիստական ուղղության ներկայացուցիչ։ Հասարակական-քաղաքական կյանքում որոշիչ գործոն է համարում մարդկային խիղճը, գտնում, որ մարդկությունը խղճի թելադրանքին հետևելով՝ կարող է ստեղծել երանելի և ներդաշնակ հասարակություն։ Ժխտելով հեղափոխական գաղափարները, հայ նորելուկ բուրժուազիայի քաղաքական ծրագրերը՝ հայ ժողովրդի գոյության նախապայմանը համարում է մունջ հպատակությունը՝ մինչև քրիստոնեական որևէ հզոր տերության օգնությամբ ազատագրվելը։ Չնայած կղերաֆեոդալական աշխարհայացքին, լուսավորության ջատագով է, անհրաժեշտ է համարում բարձրացնել ժողովրդի կրթական մակարդակը։ Գրել է նաև եկեղեցական, հայրենասիրական, հայ ժողովրդի ծանր ներկան ողբացող տաղեր և աղոթքներ («Գիրք աղոթից, որ կոչի Զբօսարան հոգեւոր», 1772թ.)։ Լրացրել, կարգավորել և հրատարակել է հայ եկեղեցու «Տօնացոյցը» (հ.1-2, 1774թ.)՝ նպատակ ունենալով միաձևություն մտցնել ծեսերի ու արարողությունների մեջ։ Այն գործադրվել է 1777թ. սկզբից։ Պարսպապատել է Էջմիածնի վանքը, կառուցել կամ վերանորոգել վանական մի շարք շինություններ։ Մահացել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին), թաղվել Սբ. Գայանեի գավթի հարավակողմը: Սիմեոն Երևանցու անունով Երևանի Կոնդ թաղամասում կոչվել է փողոց:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար