ՆԵՐՍԵՍ ՍԱՐԳԻՍՅԱՆ

Բանասեր, աղբյուրագետ

3 հոկտեմբեր, 1800 - 21 հունիս, 1866

Ծնվել է Տրապիզոնում: Աշխարհական անունը եղել է Սարգիս: 1823թ. հոգևոր նախնական աստիճանով հաստատվել է Վենետիկի Սբ. Ղազար կղզում։ 1829թ. ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ։ Մինչև 1843թ. ղեկավարել է միաբանության տպարանը, բարեխղճորեն սրբագրել հայագիտական հրատարակությունները, մասնակցել «Մատենագիրք նախնեաց» մատենաշարի հրատարակմանը։ Միաբանության մատենադարանի ձեռագրերի հիման վրա կազմել է հայ հին ու միջնադարյան, ինչպես նաև թարգմանչական երկերի մանրամասն ցուցակը՝ առանձնացնելով կորած կամ թերի պահպանված բնագրերը։ Հնագիտական-աշխարհագրական ուսումնասիրություններ կատարելու, պատմական և մատենագրական հուշարձաններ որոնելու նպատակով 1843-53թթ ճամփորդել է Հայաստանում և հարակից երկրամասերում։ Ուղևորության ընթացքում հետազոտել ու ճշգրտորեն նկարագրել է այցելած բնակավայրերի ու գավառների բնապատմական վիճակը, շինարարական և ճարտարապետական հուշարձանները, այլևայլ հնությունները, կազմել քարտեզներ ու հատակագծեր, նմանահանել արձանագրությունները (10-13-րդ դարերի վերաբերող 196 արձանագրություն՝ բնագիր և ռուսերեն թարգմանությամբ, հրատարակված են 1881թ. Մոսկվայում լույս տեսած «Հայկական արձանագրությունները Կարսում, Անիում և վերջինիս շրջակայքում» գրքում)։ Հավաքել և Վենետիկ է ուղարկել հարյուրավոր հայերեն մեծարժեք ձեռագրեր, հնագիտական իրեր, դրամներ, հայերեն, հունարեն, վրացերեն, արաբերեն և այլ լեզուներով բազմաթիվ վիմագիր հիշատակարաններ, գրի առել հայ ժողովրդական բանահյուսության նմուշներ։ Հավաքած նյութի հիման վրա գրել է «Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի Մեծ Հայս» (1864թ.) տեղեկատու բնույթի հայագիտական արժեքավոր աշխատությունը։ Զբաղվելով հայ հին և միջնադարյան արձակի ուսումնասիրությամբ՝ հրատարակել է «Վարք հարանց...» (հ.1-2, 1855թ.) մատենագրական կարևոր հուշարձանը։ Երկար տարիներ նվիրվել է Հովհան Ոսկեբերանի երկերի հայերեն հնագույն թարգմանությունների հավաքմանն ու ուսումնասիրությանը, դրանց մի մասը հրատարակել է «Ճառք» և «Մեկնութիւն թղթոցն Պաւղոսի» (հ.1-3, 1861-62թթ) խորագրերով։ Հայաստանի պատմական աշխարհագրության և մշակույթի վերաբերյալ փաստական հարուստ նյութ են պարունակում նաև 1843-53թթ Արսեն Բագրատունուն և Ղևոնդ Ալիշանին հասցեագրած նրա նամակները (մի մասը հրատարակվել է «Բազմավեպում», 1970-71թթ)։ Մահացել է Իտալիայի Ֆիեսսո քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար