Զաքարիա Կապրուշյան

Արձակագիր, բառարանագիր

Մկրտիչ Պեշիկթաշլյան

Բանաստեղծ, դրամատուրգ

Հակոբ Վարդովյան

Բեմադրիչ, դերասան

Լյուբով Վոյնովա-Շիկանյան

Բալետի արտիստ, պարուսույց

Արմինե Կալենց

Գեղանկարչուհի

Սուրեն Պիպոյան

Գեղանկարիչ

Արմեն Համբարձումյան

Դերասան, պրոդյուսեր

 

 

 

 

ԽԱՉԻԿ ՍԱՄՈՒԵԼՅԱՆ

Իրավագետ, պատմաբան, ազգագրագետ, թարգմանիչ

8 օգոստոս, 1873 - 16 հոկտեմբեր, 1940

Ծնվել է Կերչ քաղաքում (Ղրիմի մոտ): Թեոդոսիայի գիմնազիան ավարտելուց հետո, իրավաբանական կրթություն է ստացել Պետերբուրգի համալսարանում (1895-1900թթ), իսկ 1901-03թթ սովորել է Ենայի համալսարանում։ 1907-20թթ աշխատել է Վաղարշապատում (այժմ՝ Էջմիածին), Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով), Թիֆլիսում, Շուշիում, Բաքվում, Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի)՝ հիմնականում որպես լրագրող և մանկավարժ (դասավանդել է ընդհանուր պատմություն, ռուսերեն և գերմաներեն լեզուներ, վարել տեսչական պաշտոններ)։ Զուգահեռաբար՝ 1903-16թթ աշխատակցել է «Ազգագրական հանդես»-ին, եղել դրա խմբագրական մասնաժողովի և «Հայոց ազգագրական ընկերության» անդամ։ Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ընտրվել է Էջմիածնի գիտական ինստիտուտի կոլեգիայի անդամ, ապա աշխատել ՀԽՍՀ արդարադատության ժողովրդական կոմիսարիատում։ 1924թ-ից եղել է Հայաստանի պետական կենտրոնական արխիվի տնօրենը։ 1934թ-ից մինչև կյանքի վերջը դասախոսել է Երևանի պետական համալսարանում և Հայկական մանկավարժական ինստիտուտում, միաժամանակ աշխատելով Նյութական մշակույթի ինստիտուտում (1936թ-ից՝ պրոֆեսոր)։ 1897թ-ից բազմաթիվ գիտական հոդվածներ է տպագրել «Մշակ», «Տարազ», «Արշալույս», «Սուրհանդակ» և այլ պարբերականներում։ Մի շարք հոդվածներում հետազոտել է արյան վրեժի ու փրկանքի ինստիտուտի աստիճանական զարգացումը հնագոլյն ժամանակներից մինչև 19-րդ դարի վերջը («Արյան վրեժ և փրկանք», 1903թ.), առևանգմամբ ու գնմամբ ամուսնության զարգացման փուլերը («Առևանգմամբ և գնմամբ ամուսնություն», 1904թ.), ուղենշել հայոց հին իրավունքի ուսումնասիրության մեթոդները («Հայոց հին իրավունքը և նրա հետազոտության մեթոդը», 1904թ.), սովորութային իրավունքի տվյալների ու հին կանոնների հիման վրա պարզաբանել ժառանգմանն առնչվող շատ հարցեր («Հայոց ժառանգական իրավունքը», 1907թ.), ցույց տվել եկեղեցու դերը իրավաբանական հուշարձանների ստեղծման գործում («Իրավունք և կրոն», 1908թ.), ներկայացրել գերդաստանի զարգացման փուլերը («Հայ նահապետական գերդաստան», 1908թ.), առաջ քաշել Հայկական լեռնաշխարհում մայրական տոհմի երբեմնի գոյության և հայերի մեջ մայրիշխանության վերապրուկների հարցեր («Մայրական իրավունք», 1910թ.)։ Վիեննայում հրատարակած «Մխիթար Գոշի «Դատաստանագիրքը» ու հայոց քաղաքացիական իրավունքը» (1911թ.) գրքում քննել է միջնադարյան Հայաստանում դատարանակազմության, դատավարության, ծնողական ու գույքային իրավունքի հարցեր և այլն։ «Հայ հին իրավունքի պատմություն» արժեքավոր մենագրության մեջ (հ.1, 1939թ.) հանգամանորեն շարադրել է հայ հին և միջնադարյան իրավունքի զարգացման պատմությունը։ «Հին Հայաստանի կուլտուրան» եռահատոր աշխատության (1931-41թթ) մեջ ամփոփել և շարադրել է Հայկական լեռնաշխարհի նյութական և հոգևոր մշակույթի պատմությունը։ Առաջին հատորը նվիրված է պալեոլիթի և նեոլիթի, երկրորդ հատորը՝ բրոնզի ու վաղ երկաթի դարաշրջաններին։ Երրորդ հատորում անդրադարձել է տոհմերի ու ցեղերի առաջացմանը, աշխատանքի հասարակական բաժանումներին, դասակարգային հարաբերությունների ձևավորմանը, ամուսնության ձևերին, արյան վրեժին, ծիսական սովորույթներին, նահապետական գերդաստանին, գյուղական համայնքին և այլն։ Գրել է նաև «Նախնադարյան հասարակության պատմություն» (1938թ.), «Խալդեական հասարակություն» (1938թ.), «Հին Արևելքի պատմություն» (1938թ.) և այլ ուսումնական գրքույկներ։ Դեռևս 1900թ. հայ պարբերական մամուլում գրականա-գիտական վերլուծության է ենթարկել 19-րդ դարի 2-րդ կեսի և 20-րդ դարի սկզբի ռուս գրականության խոշոր ներկայացուցիչների (Վ.Գարշին, Ն.Գոգոլ, Լ.Տոլստոյ, Ի.Տուրգենև, Ա.Չեխով, Մ.Գորկի) գեղարվեստական ստեղծագործությունները։ Մահացել է Երևանում: Խաչիկ Սամուելյանի անունով է կոչվել Երևանի թիվ 47 միջնակարգ դպրոցը: