Ռուբեն Զարդարյան

Արձակագիր, բանաստեղծ, թարգմանիչ

Սամվել Սաֆարյան

Ճարտարապետ

Հոբոս Ապեր

Մանկագիր, բանաստեղծ

Բակուր

Արձակագիր

Գևորգ Կակոսյան

Օպերային երգիչ

Մարիամ Շահինյան

Մշակույթի գործիչ

Հասմիկ Ավետիսյան

Գեղանկարչուհի

Մարինե Զաքարյան

Կինոռեժիսոր

 

 

 

 

ՍՏԵՓԱՆ ՊԱԼԱՍԱՆՅԱՆ

Լեզվաբան, պատմաբան, բանասեր

5 դեկտեմբեր, 1837 - 19 փետրվար, 1889

Ծնվել է Ռումինիայի Բոտոշան քաղաքում: Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում: 1852-55թթ սովորել է Փարիզի Մուրադյան վարժարանում, աշակերտել Գաբրիել Այվազովսկուն, Ամբրոսիոս Գալֆայանին, Սարգիս Թեոդորյանին։ Իր ուսուցիչների՝ Մխիթարյան միաբանության կողմից դպրոցից վտարվելուց հետո սովորել է նրանց հիմնած Հայկազյան վարժարանում։ 1858թ. վերադարձել է Բոտոշան և նույն տարում հրավիրվել Թեոդոսիայի Գ.Այվազովսկու դպրոցում պաշտոնավարելու։ Նոր Նախիջևանի (այժմ՝ Դոնի Ռոստով) Խալիպյան-Հայրապետյան խմբակցությունների վեճի ժամանակ պաշտպանելով Հայրապետյաններին՝ գժտվել է Գ.Այվազովսկու հետ և 1861թ. պաշտոնակից ուսուցիչներ Ս.Շիլլիկյանի և Հ.Իփեկճյանի հետ մեկնել Նոր Նախիջևան, հիմնել դպրոց։ 1863թ. Գ.Այվազովսկու ամբաստանությամբ արտաքսվել է Նոր Նախիջևանից և հաստատվել Թիֆլիսում։ 1863-81թթ Ներսիսյան դպրոցում դասավանդել է հայոց լեզու, հայոց և ընդհանուր պատմություն, հայ և ընդհանուր գրականություն, ֆրանսերեն։ Այդ ընթացքում դասավանդել է նաև Թիֆլիսի ռեալական դպրոցում։ 1869թ. մի խումբ հայ մտավորականների հետ հիմնել է Գայանյան օրիորդաց դպրոցը, եղել նրա առաջին մանկավարժներից։ 1881թ-ից որպես ուսուցիչ աշխատել է Էջմիածնի ճեմարանում։ Թղթակցել է «Մասյաց աղավնի», «Կռունկ», «Մեղու Հայաստանի», «Մշակ», «Փորձ», «Արարատ» և այլ պարբերականների։ Արսեն Այտընյանի «Քերականության...» սկզբունքներին հետևելով, լույս է ընծայել «Ընդհանուր տեսություն արևելյան նոր գրավոր լեզվի հայոց» (1870թ.) աշխատությունը, գրական արևելահայերենի քերականությունը, որտեղ առաջին անգամ ներկայացրել է արևելահայերենի հնչյունական համակարգի, բառակազմության, իմաստաբանության և այլ քերականական կարգերի բնորոշ առանձնահատկությունները։ Ըստ նրա, նոր լեզուն պիտի ընթանա կենդանի բարբառների, ժողովրդական խոսակցական հարստությունների օգտագործման ճանապարհով։ Ընդունել է պատմահամեմատական մեթոդը և, ըստ այդ ժամանակ տարածված կարծիքների, ինքն էլ հայերենը դիտել է իրանական ճյուղի լեզու։ «Քերականություն մայրենի լեզվի» (մաս 1-3, 1874թ.) արևելահայերենի առաջին դասագրքում աշխարհաբարի չնորմավորված իրողություններից գտել է այն իրակությունները, որոնք ընդհանրանալու միտում են ունեցել, հաշվի առել նրանց ծավալվելու հեռանկարը, ցանկացել ժողովրդախոսակցական կենդանի լեզուն նորմավորել, մաքրել խորթ ձևերից ու տարրերից։ Գրքում տրվում են խոսքի կազմությունն ու խոսքի մասերը, որոշ բառերի ստուգաբանությունն ու քերականական ձևերի կազմությունը, բառակազմությունը, նախադասության կապակցության եղանակները: Ընդունել է 10 խոսքի մաս, 7 հոլով, 3 հոլովում, բայական 4 լծորդություն։ «Պատմություն հայոց գրականության» (հ.1, 1865թ.) աշխատության մեջ, որը նվիրված է ժողովրդական բանահյուսությանը, անդրադաոձել է հայ գրականությունը ժողովրդին մատչելի դարձնելու խնդրին, գրականության առաջընթացը կասեցնող պատճառներից գլխավորը համարել գրաբարով գրելու փաստը, առաջ քաշել ժողովրդական բանահյուսության ուսումնասիրման անհրաժեշտությունը։ Հեղինակը գրականության, արվեստի և գիտության զարգացումը կապել է կյանքի հետ, պայմանավորել նրա զարգացման ընթացքով։ Նրա գեղագիտական հայացքները ձևավորվել են արվեստի ռոմանտիկական տեսության ազդեցությամբ։ «Հանգարան Խորեն Վ Գալֆայանի» («Մեղու», 1863թ.), «Երկու խոսք հայ գրականության վերա» («Մեղու Հայաստանի», 1863թ.) հոդվածներում քննել է պոեզիայի և դրամատուրգիայի, պոետիկայի և արվեստի տեսության հարցեր։ 1890թ., ետմահու, լույս է տեսել նրա «Պատմություն Հայոց» աշխատությունը։ Այստեղ պատմական անցքերը քննվում են իրենց ծագման ու զարգացման պրոցեսում՝ չկտրվելով ժողովրդի տնտեսական ու քաղաքական կյանքից։ Սակայն կանգնած լինելով իդեալիստական պատմահայեցողության դիրքերում՝ պատմական դեպքերի գնահատության հարցում հաճախ չի կարողացել հաղթահարել ավանդական պատմագրության սխեմատիզմը։ Գիրքն ունեցել է մի քանի հրատարակություն, երկար ժամանակ ծառայել որպես հայ ժողովրդի պատմության դասագիրք հայկական դպրոցներում։ Նրա ստեղծագործությունների մեջ նշանակալից տեղ են գրավում իմացաբանական հարցերը: Բնորոշ է բնության երևույթների մակերեսային ընկալումից նրանց ներքին բովանդակության մեջ թափանցելու, եզակիի ճանաչումից դեպի ընդհանուրի ճանաչումը գնալու միտումը։ Ըստ նրա, հասարակության զարգացման օրենքը բացարձակ և առավել ընդհանուր սոցիոլոգիական օրենք է։ Ամեն ինչ գտնվում է հավիտենական շարժման և փոփոխության մեջ։ Զբաղվել է ժամանակի հրատապ հարցերով։ Անցյալի օրինակներով՝ Իտալիայի և Լեհաստանի հայ գաղթավայրերի ճակատագրով, ցույց է տվել գաղթի կործանարար էությունը, պաշտպանել ու պրոպագանդել Հունաստանի, Հայաստանի, Բալկանյան ժողովուրդների ազատասիրական ձգտումները։ Շոշափել է նաև մանկավարժական խնդիրներ։ Թարգմանել է Վ.Հյուգոյի «Էրնանի» դրաման, որը բեմադրվել է ժամանակի թիֆլիսահայ բեմում, Վ.Լանգլուայի «Ուսումնասիրություն Մովսես Խորենացու Հայոց պատմության աղբյուրների մասին» (հայերեն՝ «Մովսես Խորենացի և նրա պատմությունը», 1863թ.) աշխատությունը։ Մահացել է Էջմիածնում: