ԶԱՔԱՐԻԱ ՇԵՀՐԻՄԱՆՅԱՆ

Գրող, փիլիսոփա, թարգմանիչ

21 մարտ, 1708 - 30 հուլիս, 1784

Զաքարիա Շերիման

Ծնվել է Վենետիկում: Երիտասարդ հասակում ձեռնադրվել է քահանա, սակայն հոգևոր կոչումը նրան չի հրապուրել: Իր ողջ կյանքը նվիրել է գրական-ստեղծագործական աշխատանքին։ Գրել է իտալերեն, թողել է հարուստ գրական ժառանգություն՝ ինքնուրույն և թարգմանական։ Նրա տպագիր առաջին ստեղծագործություններն ունեն փիլիսոփայական, պատմադիցաբանական բնույթ, մեծ մասամբ գրվել են ժամանակի նշանավոր անձանց և Վենետիկի արքունական թատրոնի պատվերով։ 1744թ. հրատարակվել է նրա «Արիստիպպոս» քնարական ստեղծագործությունը, որն անտիկ շրջանի իդեալիստ փիլիսոփա, Սոկրատի աշակերտ Արիստիպպոս Կյուրենացու (435-355թթ) հայացքների քննությունն է։ Նրա նշանավոր գործերից են «Կայոս Մարտիոս Կորիոլանոս» (1747թ.) երգախառն պատմական դրաման, «Ալմանախ ի պետս իմաստակների» փիլիսոփայական երկը։ Գրել է նաև բժշկագիտական երկեր՝ «Բժիշկների և բժշկության մասին», «Հիվանդություններ, որոնց բուժման համար ավելի շուտ պետք է դիմել բնությանը, քան թե բժշկին»։ Առավել ճանաչվել է «Էնրիկո Վանտոնի ճանապարհորդությունը կապիկների և շնագլուխների աշխարհում» (հ.1-4, 1764թ.) արկածային վեպով, որը հրատարակվել է առանց ստորագրության: Վեպը ներկայացրել է որպես անգլերեն մի ձեռագրից կատարված թարգմանություն։ Վեպը երկրորդ անգամ լույս է տեսել 1848թ., այս անգամ՝ հեղինակի անունով («Գործ վենետիկցի Զաքարիա Շերիմանի»)։ Գրողի մասին գրվել են գիտական հոդվածներ ու մենագրություններ։ Նրա որոշ գործեր թարգմանվել են անգլերեն, իսպաներեն և այլ լեզուներով։ Անգլիացի գիտնական Մաքսվել Ուայթը Մանչեստրում հրատարակել է «Զաքարիա Սերիմանը և Էնրիկո Վանտոնի ճանապարհորդությունները» (1961թ., անգլերեն) ծավալուն մենագրությունը, որտեղ իբրև հավելված տպագրված են նաև գրողի փոքրածավալ գործերն ու նամակները։ Մահացել է Վենետիկում, թաղվել է Սբ. Կանցիանոսի եկեղեցում: