ՇԱՀԱՆ ՆԱԹԱԼԻ

Բանաստեղծ, պետական գործիչ, գրող

14 հուլիս, 1884 - 18 ապրիլ, 1983

Հակոբ Տեր-Հակոբյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Խարբերդի նահանգի Հյուսենիկ գյուղում: Նախնական կրթությունն ստացել է տեղի հայկական դպրոցում։ 1894-96թթ հայկական ջարդերի ժամանակ հայրը, քեռին և մի քանի ազգականներ սպանվել են։ Երեք օր ապաստանել է հարևան հույների մոտ և փրկվել։ Ջարդերից հետո ուրիշ որբերի հետ տեղափոխվել է Կոստանդնուպոլիս՝ Սբ. Հովհաննես որբանոց։ Ուսումը շարունակել է այդտեղ։ Հարուստ հայ բարեկամները Նյու Յորքից որդեգրել են նրան և նա մինչև 1900թ. ապրել է Նյու Յորքում և սովորել Բերբերյան ակադեմիայում։ 1901թ. վերադարձել է Խարբերդ, դասավանդել եկեղեցուն կից դպրոցում։ 1904թ. ընդունվել է Հայ հեղափոխական Դաշնակցության շարքերը։ Նույն տարի մեկնել է ԱՄՆ, որտեղ երեք տարի աշխատել է կոշիկի գործարանում։ 1908թ. Սահմանադրության ընդունումից հետո վերադարձել է Թուրքիա։ Սակայն 1909թ. տեղի ունեցած երիտթուրքական առաջին զանգվածային կոտորածներից հետո տեղափոխվել է ԱՄՆ։ 1909-12թթ սովորել է Բոստոնի համալսարանում։ Գրիգոր Մերջանովի հետ հանդիսացել է 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպող և իրականացնող երիտթուրք (Միություն և Առաջադիմություն կուսակցություն) պարագլուխներին վերացնելու «Նեմեսիս» գործողության կազմակերպողն ու ոգեշնչողը։ Մտածել է, որ հնարավոր է ահաբեկչական և զինված պայքարի միջոցով ստիպել Թուրքիային ընդունել հայ փախստականների Արևմտյան Հայաստան վերադառնալու իրավունքը։ Այդ հարցում Հայ հեղափոխական Դաշնակցության հետ տարաձայնությունների պատճառով 1927թ. լքել է Բյուրոն և կուսակցությունը։ 1970-ական թվականներին ողջունել է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի ստեղծումը։ Եղել է «Շանթ», «Փյունիկ» և այլ հանդեսների խմբագիրը։ 1943-53թթ վարել է ՀԲԸՄ-ի Նյու Ինգլընդի շրջանային հանձնաժողովի քարտուղարությունը։ Հրատարակվել են նրա «Օրէնքի եւ ընկերութեան զոհերէն» (կարճ պատմվածքներ, 1909թ.), «Ամպեր» (1909թ.), «Սէրի եւ ատելութեան երգեր» (1915թ.), «Քաւութեան երգեր» (չափածո, 1915թ.), «Վրէժի աւետարան» (հ.1-2, 1918թ.), «Ասլան Բէկ» (ողբերգություն երեք արարով, 1918թ.), «Քեզի» (չափածո, 1920թ.) գրքերը, «Թուրքիզմը Անգորայէն Բագու եւ Թրքական Օրիէնթասիոն» (1928թ.), «Թուրքերը եւ Մենք» (1928թ.), «Ալեքսանդրապօլի Դաշնագրէն 1930-ի Կովկասեան Ապստամբութիւնները» (2 հատոր 1934-35թթ), «Երեւանի Համաձայնագիրը» (1941թ.), «Գիրք Մատուցման եւ Հատուցման» (1949թ.), «Այսպէս Սպաննեցինք», «Վերստին Յաւելուած Ալեքսանդրապօլի Դաշնագրի «Ինչպէ՞սն ու ինչո՞ւն»» (1955թ.) ազգային-քաղաքական գործերը: Մահացել է ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար