ՄԽԻԹԱՐ ԱՅՐԻՎԱՆԵՑԻ

Մատենագիր, պատմաբան, բանաստեղծ, եկեղեցական գործիչ

1230 - 1300

Մխիթար Երևանցի

Ծնվել է Երևանում։ 1265-75թթ Խոր Վիրապի վարդապետարանում ծավալել է գիտամանկավարժական լայնածավալ գործունեություն, հիշատակվում է որպես «անդրանիկ վարդապետ», «գերահռչակ և բարերջանիկ, վսեմախոհ րաբունի», «րաբունյաց րաբունի»։ Առնչվել է Հովհաննես Վանականի ու Վարդան Արևելցու դպրոցների հետ և շարունակաբար զարգացրել դրանց մանկավարժական ավանդույթները։ Մինչև 1275թ. ապրել և գործել է Օրբելյաններին ենթակա հոգևոր կենտրոններում, ապա իր գործունեությունը շարունակել Խաղբակյանների իշխանությանը ենթակա Այրիվանքում (այժմ՝ Գեղարդ)։ 1277-79թթ որպես «Այրիվանքի սուրբ ուխտի» եպիսկոպոս վարել է Սրկղունիքի Սբ. Հակոբ եկեղեցու և Թանահատի վանքի Սբ. Ստեփանոս եկեղեցու նավակատյաց տոնակատարությունները։ Մինչև 1289թ. որպես արքեպիսկոպոս ղեկավարել է Պռոշյաններին ենթակա հոգևոր կենտրոնների եկեղեցական գործերը։ 1289թ. Այրիվանքի բարձրադիր ժայռերից մեկի քարայրում կառուցել է տվել ճգնարան-աշխատատեղի, մեկուսացել արտաքին աշխարհից, ապրել ճգնավորի նախատեսված կանոններով, շարունակել իր ստեղծագործական աշխատանքը։ Նրա գիտամանկավարժական և գրական գործունեության առաջին շրջանն աղերսվել է Պատարագամատույց, Հայսմավուրք, Մաշտոց եկեղեցածիսական ժողովածուների հետ՝ «Երրորդ աւուրն գալստեան հոգոյն և աւրհնութիւն ձիթոյ» (1253-73թթ) գանձը, «Նորակերտ գրոց», եկեղեցականպատկերների օրհնությանը նվիրված երգը, «Աղ աւրհնելոյ», «Խունկաւրհնելոյ», «Դրան եկեղեցւոյ» աղոթքները։ Նրա վաղ շրջանի հեղինակած գործերից են նաև Ստեփանոս Ալեքսիանոս Կրոնավորին նվիրված վարքերը։ 1280-ական թվականներին սկսվել է նրա գիտամանկավարժական և գրական գործունեության երկրորդ՝ առավել բեղուն շրջանը։ Նրա շնորհիվ մեծ հռչակ է ձեռք բերել Այրիվանքի ուսումնական կենտրոնը՝ «Այրիվանաց մեծ ուխտը»։ Այդ տարիների դպրոցի բարձր մակարդակի վկայությունն է նրա կազմած վարդապետական բարձրագույն դպրոցներում եռյակ գիտությունների տեսական, իմաստասիրական, աստվածաμանական առարկաների դասավանդման համար հանձնարարվելիք գրականության ուսումնական ծրագիրը, որը գիտական աշխարհում հայտնի է «Կարգադրութիւն գրոց սրբոց...» խորագրով և թարգմանված է մի քանի լեզուներով։ Այրիվանքում 1283թ. ի մի բերելով վերոհիշյալ ծրագրով նախատեսված ամբողջ գրականությունը, կազմել է դրան համապատասխան ուսումնական ձեռնարկ-ժողովածու՝ քրեստոմատիա (հայագիտության մեջ ճանաչված է Ճառընտիր անունով)։ 2000 մեծադիր էջերից բաղկացած փիլիսոփայական, աստվածաբանական, իմաստասիրական երկերի ինքնագիր այդ ժողովածուն (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան) իր կառուցվածքով ու բովանդակությամբ եզակի արժեք ունի ոչ միայն հայ, այլև միջնադարյան համաշխարհային գրական հուշարձանների շարքում։ 1268թ. ստեղծել է հոգևոր անհատական երգերի իր չափածո ժողովածուն՝ Գանձարանը, որը մեծ ճանաչման է արժանացել դեռևս միջնադարում։ Ժողովածուի հիմնական խմբում ընդգրկվել են տերունական, վկաներին, սրբերին նվիրված 19 գանձ, ծիսական բնույթի 2 գանձ, 2 երգ և ինքնագիր չափածո հիշատակարան (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան)։ Եղել է իր իսկ գանձերի երգահանը։ Նրա գանձերը բանաստեղծական խոսքով օժտված չափածո ստեղծագործություններ են («Սրբոց հայրապետացն երեք ժողովոյն», «Գանձ ամենայն սրբոց թագաւորաց», «Սրբոց թարգմանչացն Սահակայ և Մեսրոպայ», «Սրբոց Հռիփսիմեանց», «Կաթողիկէ եկեղեցւոյ», «Ամենայն սրբոց թագաւորաց») գանձերը։ Գրել է նաև ճառեր, քարոզներ և Ստեփանոս Սյունեցուն նվիրված շարական։ Միաժամանակ հորինել է իր գրած գանձերի, տաղերի, օրհնության երգերի և շարականի երաժշտությունը։ Նրա գրական-մատենագիտական ժառանգության մեջ արժեքավոր է «Նոր պատմություն» խորագրով (պայմանականորեն կոչվել է նաև «Պատմություն Հայոց», «Պատմություն ժամանակագրական») երկասիրությունը (հրատարակվել է հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն), որտեղ համառոտածի ներկայացված է հայ ժողովրդի պատմությունը՝ մինչև 1289թ.։ Այն մեծ արժեք ունի մի շարք հազվագյուտ տեղեկություններով, որոնց համար հիմք ծառայած սկզբնաղբյուրները մեզ չեն հասել։ Աշխատության առաջին մասում զետեղված են վրացիների, աղվանների, հույների, պարսիկների, սելջուկների, թաթարների, հռոմեացիների պատմությանը վերաբերող կարևոր տեղեկություններ (թագավորների, իշխանների, խաների, կաթողիկոսների, պապերի, պատրիարքների, եպիսկոպոսների ժամանակագրական անվանացանկերը և այլն)։ Նրա պատմագրական կարևոր գործերից են Ալեքսիանոս կրոնավորի և 8-րդ դարի հայ նշանավոր մատենագիր Ստեփանոս Սյունեցու վարքերը։ Աշխատել է նպաստել կաթողիկոսական աթոռն ու թագավորական գահը Հայաստան տեղափոխելու ծրագրերի մշակմանը։ Կյանքի վերջին տարիներին գրել է «Տոմարի տեսություն» աշխատությունը, որը մեզ չի հասել։ Դրա առանձին հատվածներ պահպանվել են «Նոր պատմութիւն» երկում։ Մահացել է Այրիվանքում (այժմ՝ Գեղարդ), թաղվել է իր ճգնարան-քարայրի շեմին:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար