Գալուստ Կոստանդյան

Հրապարակախոս, փիլիսոփա, բնագետ

Արա Պարթևյան

Կոմպոզիտոր, դիրիժոր

Պետրոս Զարոյան

Դրամատուրգ, արձակագիր, գրականագետ

Գրիկեր

Պատմաբան

Շահեն Հակոբյան

Բեմանկարիչ

Էլվիրա Ուզունյան

Օպերային երգչուհի, դերասանուհի

Ավետիս Խաչատրյան

Գեղանկարիչ

Գոռ Սարգսյան

Բալետի արտիստ

Չորս Տարբերակ

Փոփ խումբ

 

 

 

 

ԳԱՐԵԳԻՆ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հայագետ, եկեղեցական, մշակութային գործիչ

17 դեկտեմբեր, 1867 - 21 հունիս, 1952

Գարեգին Ա Հովսեփյանց

Ծնվել է Աչևելյան Հայաստանի Խաչիսար (այժմ՝ Ադրբեջանի Չարդախլու) գյուղում: 1943թ-ից եղել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը (օծվել է 1945թ.): 1890թ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: 1892-96թթ բարձրագույն կրթություն է ստացել Բեռլինի, Հալլեի, Լայպցիգի համալսարաններում: 1897թ-ից դասախոսել է Գևորգյան ճեմարանում: 1898թ-ից եղել մատենադարանապետ և նույն թվականին ձեռնադրվել վարդապետ: 1905-06թթ և 1915-17թթ եղել է Գևորգյան ճեմարանի տեսուչ, 1907-08թթ և 1918-19թթ՝ «Արարատ» ամսագրի խմբագիրը: Մասնակցել է Սարդարապատի հերոսամարտին (1918թ.): Երևանի համալսարանում դասավանդել է հայ արվեստի պատմություն և հնագիտություն, մասնակցել (Ա.Թամանյանի հետ) Հայաստանի հուշարձանների պահպանության կոմիտեի ստեղծմանը: 1927-33թթ եղել է Ղրիմի և Նոր Նախիջևանի, 1938-43թթ՝ ԱՄՆ-ի հայոց թեմերի առաջնորդ (արքեպիսկոպոս, 1925թ.), 1917թ.՝ հայրապետական լիազոր պատվիրակ Ռուսաստանի և Հյուսիսային Կովկասի հայկական կենտրոններում, 1934-38թթ՝ սփյուռքում: Նպաստել է սփյուռքահայությանը մայր հայրենիքի՝ Հայաստանի շուրջը համախմբելուն, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կարմիր բանակի ու պատերազմի աղետյալների օգտին և «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան համար միջոցների հանգանակության կազմակերպմանը, սփյուռքահայության հայրենադարձությանը: Հայ ժողովրդի պատմության տարբեր ժամանակաշրջանների ու խնդիրների լուսաբանմանն են նվիրված նրա «Ձագավանից ժողովը» (1913թ.), «Տարսայիճ Օրբելյանի և Մինա Խաթունի սերունդը» (1913թ., ռուսերեն, 1948թ., հայերեն), «Ազիբեկենք և նրանց շինարարական գործը» («Բանբեր Հայաստանի գիտական ինստիտուտի», գիրք 1-2, 1921-22թթ), «ԺԳ դարի քաղաքական և հոգևոր վերելքը Արևելյան Հայաստանում», «Հայ-արաբական բժշկական և մշակութային հարաբերության խնդիրները» և այլ երկեր: Հայագիտության մեջ մեծ ներդրում է նրա «Խաղբակյանք կամ Պռոշյանք հայոց պատմության մեջ» եռահատոր երկը (1928-43թթ, 2 հրտ., 1969թ., արժանացել է «Թարգմանչաց-Դուրյան» մրցանակի), ուր հեղինակը Հայաստանի քաղաքական պատմության հենքի վրա ի հայտ է բերել հայ մշակույթի վերելքը, Գլաձորի համալսարանի և բազմաթիվ հուշարձանների նշանակությունը՝ վիմագիր արձանագրությունների, ձեռագրական հիշատակարանների և մատենագրական նյութերի հիման վրա: Արժեքավոր են հայագետի մատենագրական բնույթի գործերը՝ նվիրված Մխիթար Սասնեցուն (1899թ.), Խոսրովիկ Թարգմանչին (1899թ.), Թովմա Մեծոփեցուն (1914թ.), Մխիթար Այրիվանեցուն (1931թ.) և այլն: Ժողովրդական բանահյուսությունը համարելով հայոց պատմության կարևոր աղբյուր՝ հավաքել և գրի է առել բանահյուսության զանազան նմուշներ («Փշրանքներ ժողովրդական բանահյուսությունից», 1892թ.), այդ թվում և «Սասմա ծռեր» դյուցազնավեպի նոր պատումներ (1892թ.): Արևմտահայ գաղթականության տարազի, նիստ ու կացի, սովորությունների հիման վրա կազմել է ազգագրական նյութերի ժողովածու և այլն: Հետազոտել է հայ հնագրությունն ու գրչության արվեստը («Գրչության արվեստը հին հայոց մեջ», մաս 3, 1913թ.), տվել է գրչության կենտրոնների համառոտ պատմությունը, քննել հայ գրի ընդհանուր զարգացումը 5-15-րդ դարերում՝ ընդգրկելով հայերենի բոլոր տառաձևերը իրենց անցման եղանակներով: Հավաքել, կազմել է մինչև 1250թ. գրված հայերեն ձեռագրերի 459 հիշատակարան՝ հնագրական, մանրանկարչական, կազմարարական, բնագրական և այլ բնույթի կարևոր ծանոթագրություններով («Հիշատակարանք ձեռագրաց», հ.1, 1951թ.): Առանձնակի արժեք ունեն հայ մանրանկարչության ակունքներին, վաղեմությանն ու ինքնատիպությանը, ոճերի, ուղղությունների ու դպրոցների առանձնահատկություններին, առանձին ծաղկողներին նվիրված աշխատությունները, որոնցում, արժեքավորելով հայկական մանրանկարչությունը, բացահայտել է այլ ժողովուրդների նմանատիպ արվեստի հետ ունեցած նրա աղերսներն ու փոխհարաբերությունները («Մանրանկարչության արվեստը հայոց մեջ...», 1902թ., «Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության», պրակ 1-4, 1935-51թթ, «Հեթում Ա-ի նկարազարդ Ավետարանի մնացորդները» և այլն): Երկար տարիների իր աշխատանքն ամփոփել է «Քարտեզ հայ մանրանկարչության» աշխատությունում (անտիպ): Զբաղվել է նաև կերպարվեստի պատմությամբ («Էջմիածնի Տաճարի նկարազարդումն ու ծաղկազարդումը ԺԷ-ԺԸ դարերում», «Նյութեր և ուսումնասիրություններ...», պր.5, «Տիրացու Հովհաննես տաղանդավոր նկարիչ...»), մանրարվեստով («Մանր արվեստի օրինակներ Երուսաղեմի վանքից») և այլն: Մասնակցել է հնագիտական պեղումների (Անի, Գառնի, Արագած), ուշագրավ գործ կատարել պատմահնագիտական և ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրման բնագավառում («Պտղեվանքը և գմբեթավորումը նախնական հայ տաճարների», «Գերեզմանական կոթողներ և նրանց հնագիտական արժեքը հայ արվեստի պատմության համար» («Նյութեր և ուսումնասիրություններ...», պրակ 3): Հայտնաբերել, վերծանել և հրատարակել է մի շարք արձանագրություններ: Բազմաթիվ հոդվածներ ու մենագրություններ է նվիրել հայ միջնադարյան մատենագիրների, 20-րդ դարի մշակույթի գործիչների կյանքին ու գործունեությանը և այլն: Թողել է նաև անտիպ ժառանգություն: Նրա աշխատությունները լույս են տեսել ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, ռումիներեն և այլ լեզուներով: 1897թ-ից եղել է Լայպցիգի համալսարանի փիլիսոփայության դոկտոր, 1902թ-ից՝ Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության Կովկասյան բաժանմունքի և Պետերբուրգի կայսերական հնագիտական ընկերության իսկական անդամ, 1921թ-ից՝ Հայաստանի գիտական ինստիտուտի (Էջմիածին) գիտնական-անդամ: Մահացել է Լիբանանի Անթիլիաս քաղաքում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար