ԱՐԱՄ ՀԱՅԿԱԶ

Արձակագիր

22 մարտ, 1900 - 10 մարտ, 1986

Հայկազ Չեքեմյան

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Շապին-Գարահիսար քաղաքում: Գրական անուն է ընտրել իրենից երկու տարով մեծ եղբոր՝ Արամի անունը։ Սովորել է ծննդավայրի Ազգային վարժարանում։ 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ ապաստանել է Շապին-Գարահիսարի բերդում, մասնակցել նրա հերոսամարտին: Ապա բռնել է աքսորի ճանապարհը, ստիպված կտրել-անցել է սիրիական անապատը, հրաշքով փրկվել ու առերես Իսլամ ընդունելով, որպես մուսուլման կարողացել է ապրել, մինչ ձեռք կբերեր ազատություն։ Այդ ժամանակի մասին նրա հուշագրության մեջ՝ «Չորս տարի Քիւրտիստանի լեռներուն մէջ» պատմում է որպես հովիվ և ծառա իր կյանքը, թե ինչպես է պատանուց մեծացել երիտասարդի քուրդ ցեղակիցների և տոհմապետերի մոտ, երբ Թուրքիան դեռևս Օսմանյան կայսրություն էր։ 1919թ. մեկնել է Կ.Պոլիս, սովորել Կեդրոնական վարժարանում, որտեղ աշակերտել է Հակոբ Օշականին: 1921թ. հաստատվել է ԱՄՆ-ում, որտեղ աշխատել է փորագրանկարողի օգնական նյույորքյան «Դեյլի Միրըր» շաբաթաթերթում, իսկ գիշերները սովորել է անգլերեն՝ կարդալով համաշխարհային և ամերիկյան դասականներին՝ Կիպլինգից մինչև Բալզակ և Էդգար Պո։ 1922թ. սկսում է գրել հայկական հրատարակությունների համար: Հրատարակել էր 10 գիրք, որոնց կարդում էին տարբեր երկրներում բնակվող բազում հայեր։ Բացառությամբ վաղ տարիների ինքնակենսագրական գործերի՝ նրա աշխատությունների մեծ մասը եղել են հումորային պատմվածքներ և Ամերիկայի ժամանակակից կյանքի համառոտ պատումներ։ Նրա գործերը խիստ անձնական էին և նա առերևույթ աննշան իրադարձությունների մասին գրում էր բնական, խոսակցական ոճով՝ ի՞նչ կար սենդվիչի մեջ, գնալ սխալ հուղարկավորության, մնալ հիվանդանոցում, իր որդու ավարտելը։ Եղել է ժամանակի ամենահայտնի հայ գրողներից և ստացել մի շարք գրական մրցանակներ։ Հրատարակել է «Ցեղին ձայնը» (հ.1-2, 1949-54թթ), «Չորս Աշխարհ» (1962թ.), «Պանդոկ» (1967թ.), «Կարոտ» (1971թ.) պատմվածքների ժողովածուները, «Արամ-Հայկազ հաղորդագրություն» (1960թ.), «Շապին Գարահիսար ու իր հերոսամարտը» (1957թ.) վեպը և «Չորս տարի Քյուրդիստանի լեռներուն մեջ» (1972թ.) գիրքը: 1971թ. այցելել է Հայաստան։ Մահացել է Նյու Յորքում: