Տիգրան Փեշտիմալճյան

Բժիշկ, հրապարակախոս

Վահան Տերյան

Բանաստեղծ

Եղիա Գասպարյան

Գեղանկարիչ, դրամատուրգ

Սիրան Սեզա

Արձակագիր, հրապարակախոս

Զորայր Միրզայան

Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ

Անահիտ Թարյան

Բանաստեղծ, լրագրող

Հակոբ Թորգոմյան

Բաս-կիթառահար

 

 

 

 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԿԱՎԱԳ

Մատենագիր, փիլիսոփա, բանաստեղծ

1045 - 1129

Հովհաննես Իմաստասեր

Ծնվել է Արցախի Փառիսոս գավառում (այժմ՝ Ադրբեջանում), քահանայի ընտանիքում: Սովորել է Հաղպատի վանքում, ապա՝ Ուռճացի վարդապետի մոտ: Ստացել է բազմակողմանի կրթություն: Երկար տարիներ ապրել ու գործել է Անիում, ղեկավարել է Անիի բարձրագույն դպրոցը, որը ձեռք է բերել գիտական-փիլիսոփայական ուղղվածություն: Աստվածաբանությունից բացի նրա ղեկավարած դպրոցում ուսուցանվել են քերականություն, մաթեմատիկա, փիլսոփայություն, տոմարագիտություն, տիեզերագիտություն և այլ առարկաներ: Հետագայում գլխավորել է Հաղպատի դպրոցը, որը նրա շնորհիվ դարձել է գիտության և մշակույթի նշանավոր կենտրոն: Բազմակողմանի և խոր գիտելիքների համար հռչակվել է որպես «Սոփեստոս», «Իմաստասեր», «Վարդապէտն մեծ», «Պոետիկոս»: Պահպանվել է նրա շիրմաքարը՝ «Արձանս այս սեմական է Սոփեստոսի Սարկաւագին» մակագրությամբ: Թողել է գրական հարուստ ժառանգություն: Մեկնել է անտիկ և քրիստոնյա հեղինակների մի շարք երկեր: Գրել է նաև փիլիսոփայական, բնագիտական, տոմարագիտական, գեղագիտական, գեղարվեստական, բարոյագիտական, աստվածաբանական բնույթի ինքնուրույն աշխատություններ: Կորել է նրա պատմական երկը, որից մեջբերումներ է կատարել Սամուել Անեցին: Մեծ ուշադրություն է դարձրել անցյալի գրավոր ժառանգությանը: Սրբագրել, խմբագրել, արտագրել և արտագրել է տվել աղճատված և անընթեռնելի դարձած բազում բնագիր աշխատություններ: Կրոնական բնույթի իդեալիզմի դիրքերից քննադատել է աշխարհի առաջացման մոնիստական-մատերիալիստական և դուալիզմին մոտեցող ըմբռնումները: Ըստ նրա սկզբնականն Աստվածն է. այն, ինչ որ կա, նախապես եղել է Աստծու մտքում և նրա կամքով դարձել է իրականություն: Արարված բնությունն ինքը ևս հանդես է գալիս որպես ստեղծագործող: Քանի որ յուրաքանչյուր առարկա ենթակա է փոփոխման, անցման՝ մի վիճակից մյուսին, ապա ողջ բնությունն ունի գոյության երկակի ձև՝ որպես իրականություն և որպես հնարավորություն: Վերջինս իրականության մեջ թաքնված արմատն ու սկիզբն է այն ամենի, ինչ հետագայում փոփոխության միջոցով վերածվում է իրականի: Հնարավորությունն ու իրականությունն անխզելիորեն կապված են ու պայմանավորում են միմյանց: Նա փոփոխության պրոցեսը ընկալում է մետաֆիզիկորեն, կարծելով, որ բնության մեջ նորը չի առաջանում: Սակայն, անդրադառնալով բնության առանձին իրերի ու երևույթների շարժման պատճառների հարցերին, նա ցուցաբերել է դիալեկտիկական մտածողության որոշ տարրեր: Բարձր գնահատելով մարդկային ճանաչողական հնարավորությունները՝ նա հանդես է եկել բնության երևույթների գերբնականացման ու սնոտիապաշտության դեմ, պահանջել է թափանցել բնության գաղտնիքների մեջ, ճանաչել շրջապատող աշխարհը, որն իր ժամանակին առաջադիմական պահանջ էր: Նա գտնում էր, որ կոնկրետ-զգայական աշխարհը հասանելի է մարդկային իմացությանը: Ճանաչողությունը չիմացությունից դեպի իմացություն, թերի իմացությունից դեպի առավել լրիվ իմացություն ընթացող երկարատև պրոցես է. այն անցնում է զգայական՝ առաջին և անհրաժեշտ աստիճանը, որին հաջորդում է բանական իմացությունը: Բացառիկ երևույթ էին գիտելիքների ձեռքբերման և նրանց հավաստիությունը ստուգելու խնդրում փորձի դերի մասին նրա դատողությունները, ճշմարտության մասին առաջ քաշած գաղափարները, նոմինալիստական մտածելակերպի առանձին արտահայտությունները և այլն: Ընդունել է երկրի գնդաձևությունը: Պահպանվել է նրա մաթեմատիկական մի աշխատություն՝ «Յաղագս անկիւնաւոր թուոց» վերնագրով, որտեղ տրված են, այսպես կոչված, եռանկյուն, քառանկյուն, մինչև 14-անկյուն թվերը: Աշխատության ընդօրինակություններից մեկը պարունակում է նաև պյութագորասյան բազմապատկման աղյուսակի հայկական տարբերակը: Արվեստի տեսության բնագավառում նոր խոսք է «Բան իմաստութեան ի պատճառս...» 188-տողանոց չափածո երկը, որը երկխոսություն է բանաստեղծի ու «սարեկի» միջև: Թեման արվեստի ակունքների խնդիրն է: Նա արվեստի աղբյուրը տեսնում է բնության մեջ: Ըստ նրա՝ որքան արվեստը մոտենա բնությանը, այնքան ավելի կատարյալ կլինի: Բնականությունն է արվեստի բարձրագույն վիճակը: Նա գտնում էր, որ բարձր արվեստի հասնելու համար անհրաժեշտ է տաղանդի առկայություն և համառ ու նպատակասլաց աշխատանք: Նա պահանջում էր խոսքի և ստեղծագործության ազատություն: Զբաղվել է հայկական տոմարի կարգավորման հարցով: 1084թ., երբ լրացել է հայոց Մեծ թվականի առաջին պարբերաշրջանը, կազմել է հետագա 532 տարիների (մինչև 1616թ.) աղյուսակը, որը կոչվել է Սարկավագադիր տոմար: Տոմարին նվիրված նրա աշխատությունները դարեր շարունակ եղել են տոմարական հաշվումների տեղեկատու-ձեռնարկ: Եղել է 11-12-րդ դարերի երևելի երաժշտագետներից ու երգահաններից, որ նշանակալի ավանդ է մուծել Անիի և Հաղպատի գիտական գեղարվեստական ավանդույթների զարգացման մեջ և ուղի հարթել դեպի Կիլիկիա անցումն իրագործող հայկական երաժշտական մշակույթի հետագա ծաղկման համար: Նրա, որպես երաժշտի, գործունեությունը կապված է երաժշտական գեղագիտության, գիտական ու գործնական տեսության, կատարողական արվեստի և ստեղծագործության հետ: Անեղծանելի հետքեր է թողել հայ միջնադարյան արվեստի փիլիսոփայության, այդ թվում և ուղղակի՝ երաժշտական գեղագիտության զարգացման մեջ: «Բան իմաստութեան» քերթվածում, մասնավորապես, երաժշտությունը համարում է սովորովի գեղարվեստ, որ ծագում և զարգանում է որպես բնության նմանվելու և բնությունից սովորելու մարդկային ձգտման անմիջական արդյունք: Եվ ի դեմս բնության ունենալով գեղեցկության ու բարձրագույն ներդաշնակության հավերժական, իր համապարփակությամբ անհասանելի մի տիպար, վերջինիս հասնելու ձգտման մեջ ձեռք է բերում կատարելագործման հավիտենապես գործող հզոր ազդակներ: Ինչպես պարզվում է, ուսման և կրթության ասպարեզում Գրիգոր Մագիստրոսի բարենորոգումները շարունակելով դրանք ի կատար ածած Սարկավագը, քերականության, տոմարի և թվաբանության շարքում դաս է տվել նաև ընդհանրապես «քառյակ արվեստները», որոնցից մեկն էր երաժշտագիտությունը: Նմանապես՝ պարզվում է, որ նա իրեն աշակերտած հոգևորականներին ուսուցանել է նաև երաժշտական նշագրության (խազագրության) հիմունքները, ինչպես և ծիսական մատյանների երաժշտանշանագրական բովանդակությունը բացահայտելու՝ ընթերցելու-վերծանելու սկզբունքները: Հայտնի է նրա կատարած նշանակալի գործը սաղմոսերգության նորոգության ասպարեզում: Որպես ստեղծագործող, նշանակալի ավանդ է մուծել աղոթքի ժանրի զարգացման մեջ, լծվել է գանձարան ժողովածուի նյութերի կուտակմանը և էապես հարստացրել շարականների հորինման փորձը: Ղևոնդյանց հիշատակին նվիրված նրա «Անճառելի բանդ Աստուած» մանկունքը բարձրարվեստ մի կոթող է, որ նշանակալի չափով զարգացնելով Կոմիտաս կաթողիկոսի «Անձինք նուիրեալք» շարականի գրական ու երաժտական բաղադրիչների կառուցվածքային լավագույն հատկանիշները, անմիջականորեն նախապատրաստում է Ներսես Շնորհալու՝ Ավարայրի ճակատամարտի հերոսներին ոգեկոչող «Նորահրաշ պսակաւոր» ստեղծագործությունը: Մահացել է Հաղպատում: