ԹԱԴԵՎՈՍ ՀԱԿՈԲՅԱՆ

Պատմաբան, աշխարհագրագետ

15 հունիս, 1917 - 15 հոկտեմբեր, 1989

Ծնվել է ՀՀ Լեռնաձոր (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) գյուղում: 1940թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի աշխարհա-երկրաբանական ֆակուլտետը: Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին (1942-43թթ), որտեղ ծանր վիրավորվել: 1955-57թթ և 1963-65թթ եղել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի դեկանը, 1962թ-ից՝ համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչը: Հիմնական աշխատությունները վերաբերում են Հայաստանի պատմական աշխարհագրությանը, քաղաքների պատմությանը: Գրել է դասագրքեր բուհերի և դպրոցների համար, կազմել Հայաստանի քարտեզը (մ.թ.ա. 2-րդ դարից մինչև մ.թ. 5-րդ դարի սահմաններով): Առաջին խումբը վերաբերում է Հայաստանի պատմական աշխարհագրությանը, պատմական Հայաստանի քաղաքներին, հատկապես՝ Անիին (1985թ.)։ Հեղինակը քննել, ստացված արդյունքներն ընդհանրացրել ու տվել է հայագիտության համար բազմաթիվ գործեր։ Աշխատությունների երկրորդ խումբը նվիրված է աշխարհագրության պատմությանը, որոնցում հեղինակը լայն ընդգրկմամբ և գիտական մեծ հմտությամբ տարբեր դարաշրջանների սոցիալ-քաղաքական հարաբերությունների ֆոնի վրա քննության է առել ժամանակի աշխարհագրական գիտության նվաճումները, դրանց ցարգացման խնդիրներն ու առանձնահատկությունները։ Այս խմբի աշխատությունների նշանակությունը դուրս է եկել համահայկական շրջանակներից։ Երրորդ խումբը վերաբերում է քաղաքամայր Երևանին։ Հնագիտական, պատմագրական, արխիվային նյութերն ի մի բերելով՝ նա համակողմանիորեն ներկայացրել է մայրաքաղաքի պատմության ուղին, դրա տնտեսական, հասարակական, քաղաքական և մշակութային կյանքի բնորոշ կողմերը։ Առանձնապես ուշագրավ է «Երևանի պատմությունը» քառահատոր աշխատությունը, որը նյութերով հանրագիտական երկ է։ Հովհաննես Բարսեղյանի և Ստեփան Մելիք-Բախշյանի հետ համատեղ գիտահետազոտական գործունեության շնորհիվ ստեղծել է տեղանունների հինգհատորանոց կոթողային բառարան («Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան»)։ Սույն աշխատությունը, փաստորեն, հենց Պատմական Հայքի տեղանունների գրեթե ամբողջական բառարանն է։ 2003թ. այդ եզակի բառարանն արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին։ Մինչ այդ՝ 1960թ., լույս էր տեսել Ստեփանոս Օրբելյանի մասին Թադևոս Հակոբյանի աշխատությունը, 1966թ.՝ նրա հեղինակած Սյունիքի թագավորությունը երկը։ 1962թ. ստացել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1963թ-ից՝ պրոֆեսոր): 1968թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում:

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար