ՊԻՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Գրականագետ, աղբյուրագետ

24 հոկտեմբեր, 1926 - 26 սեպտեմբեր, 2000

Ծնվել է Վրաստանի Ախալցխայի շրջանի Ծղալթբիլա գյուղում: 1950թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը և ընդունվել ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրան՝ «Հայ նոր գրականության պատմություն» մասնագիտությամբ։ 1954թ-ից աշխատել է այդ ինստիտուտում, որտեղ 1975-89թթ եղել է բնագրագիտության բաժնի վարիչը: 1970թ-ից դասախոսել է Երևանի պետական համալսարանում: 1969թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1978թ-ից՝ պրոֆեսոր): 1969թ-ից եղել է ՀՀ ԳԱ «Լրաբեր» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալը: Նրա աշխատությունները նվիրված են հայ նոր գրականության և մշակույթի պատմության ու տեսության հարցերին, հայ-ռուսական, հայ-էստոնական գրական առնչություններին: Լուրջ վաստակ ունի աբովյանագիտության բնագավառում։ Առավել քան մեկուկես տասնյակ տարիների ընթացքում պեղել է Տարտուի, Կազանի, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Թբիլիսիի, Երևանի, Կիևի պետական ու գրական գաղտնի արխիվները, հայտնաբերել ու կուտակել Աբովյանին վերաբերող գերմանալեզու, ռուսալեզու և հայալեզու արխիվային վիթխարի քանակությամբ նյութեր, զբաղվել դրանց վերծանությամբ ու համակարգմամբ և կերտել աբովյանագիտական իր մեծարժեք ուսումնասիրություններն ու տեքստաբանական-բանասիրական հրապարակումները։ Հրատարակվել են նրա «Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի ստեղծագործական պատմությունը» (1955թ.), «Խաչատուր Աբովյան. կյանքը, գործը, ժամանակը (1809-1836)» (1967թ.) մենագրությունները, «Արևելյան Հայաստանի՝ Ռուսաստանին միանալու արձագանքները հայ գրականության մեջ» (1978թ.) ժողովածուն: Նրա «Վերելքը» (1982թ.) գիրքը նվիրված է Ֆրիդրիխ Պարրոտի և Խաչատուր Աբովյանի՝ Արարատի գագաթը բարձրանալու պատմությանը։ Մասնակցել է Խ.Աբովյանի, Մ.Նալբանդյանի, Գ.Տեր-Մկրտչյանի, Մ.Աբեղյանի, Ա.Բակունցի, Ղ.Աղայանի երկերի գիտական հրատարակմանը։ Լրացրել և հրատարակության է պատրաստել Ե.Շահազիզի «Աշտարակի պատմությունը» (1987թ.)։ 1993թ. Էջմիածնում տպագրել է «Հայ կաթոլիկությունը պատմաքննական լույսի տակ» աշխատությունը, որը լույս է տեսել «Հրավեր ողջամտության» գրքում։ Աշխատությունը հետագայում թարգմանվել է անգլերեն (Նյու Յորք, 1994թ.)։ Գրականագետը գիտական ու պարբերական մամուլում, գիտական տարբեր ժողովածուներում բազմաթիվ ուսումնասիրություններ է հրատարակել հայ հին ու նոր դասական գրականության մասնագետների ու հայագիտության նշանավոր ներկայացուցիչների՝ Միքայել Նալբանդյանի, Ղևոնդ Ալիշանի, Ռաֆայել Պատկանյանի, Պերճ Պռոշյանի, Ծերենցի, Հովհաննես Թումանյանի, Ավետիք Իսահակյանի, Դերենիկ Դեմիրճյանի, Սայաթ-Նովայի, Մանուկ Աբեղյանի, Հակովբոս Տաշյանի, Գալուստ Տեր-Մկրտչյանի, Երվանդ Շահազիզի, Նիկողայոս Ադոնցի, Նիկողայոս Մառի, Վազգեն Առաջին և Գարեգին Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսների կյանքի ու գրական-գիտական գործունեության տարբեր կողմերի վերաբերյալ։ Հրատարակել է նաև ուսումնասիրություններ՝ նվիրված հայոց վկայաբանությունների հետազոտման արդի խնդիրներին, Գրիգոր Լուսավորչի ժամանակաշրջանի եպիսկոպոսական աթոռներին, Անդրկովկասի հայ կաթոլիկական համայնքների պատմությանը, հայագիտական տարբեր խնդիրների և «Հայոց եկեղեցական թեմերին»: Մահացել է Երևանում, թաղված է Աշտարակի քաղաքային գերեզմանատանը։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար