ԽՈՍՐՈՎ ԱՆՁԵՎԱՑԻ

Եկեղեցական գործիչ, մատենագիր

902 - 964

Եղել է Գրիգոր Նարեկացու հայրը։ Աշակերտել է Արամ մատենագրին։ Սկզբում եղել է աշխարհական, կնոջ վախճանվելուց հետո ստացել է հոգևորական աստիճան։ Անանիա Մոկացի կաթողիկոսից 940-ական թվականներին ձեռնադրվել է Վասպուրականի Անձևացիք գավառի եպիսկոպոս (նույն կաթողիկոսը նրան հորջորջում է «այր համեստ և գիտնավոր»)։ Որդիներին՝ Հովհաննեսին և Գրիգորին, հանձնել է Նարեկա վանք՝ Անանիա Նարեկացու մոտ կրոնավորելու (միջնակ որդին՝ Սահակը, հավանաբար եղել է աշխարհական)։ 950-ական թվականներին գրել է հայ եկեղեցու պատարագի մեկնությունը։ Իր թելադրանքով որդին՝ Հովհաննեսը, 950թ. մեկնել է Աղոթամատույցը։ Հայոց եկեղեցու ժամակարգության մեկնությանը նվիրված աշխատության մեջ վերլուծում է հայոց եկեղեցական օրհնությունները, աղոթքներն ու մաղթանքները, քարոզները, դրանց արարողակարգը։ Նրա աշխատություններում ուշագրավ տվյալներ կան նաև միջնադարյան Հայաստանի հասարակական-տնտեսական հարաբերությունների մասին։ 954թ. մեղադրվել է աղանդավորականությանը (ըստ երևույթին թոնդրակյաններին) հարելու մեջ և բանադրվել Անանիա Մոկացի կաթողիկոսի կողմից։ Վերջինս նրան նվիրված թղթում («Պատճառ յաղագս զԽոսրով նզովելոյն զԱնձեւացւոց եպիսկոպոսն», «Արարատ», 1897թ.) նրան դատապարտում է հերձամիտ հակումների ու արարքների համար և շեշտում, որ նա ավելորդ է համարել խաչի օրհնությունը, հրեշտակներին պաշտելը, կաթողիկոսին, եպիսկոպոսներին մեծարելը և այլն։ Կաթողիկոսը ջանացել է նրան ետ պահել աղանդավորական միտումներից, բայց՝ ապարդյուն։

ԲԱԺԻՆՆԵՐ


ՄԱՍՆԱԿՑԻՐ ՔԱՍԹԻՆԳԻ


Նկարահանման փորձ
Կցել նկար